Մատչելիության հղումներ

logo-print

Իրավաբան․ Պայմանավորվածություն կար, որ Պերմյակովի գործը քննի ռուսական կողմը


Վալերի Պերմյակով

Վալերի Պերմյակով

Իրավաբանի խոսքով, հանրությունը պետք է հնարավորություն ունենա հետևելու դատաքննությանը:

Գյումրեցի ընտանիքի 6 անդամների սպանության և 6 ամսական երեխայի սպանության փորձի մեջ մեղադրվող Վալերի Պերմյակովը, ըստ քննության տվյալների, հունվարի 12-ին Ավետիսյանների տուն է մտել մուտքի դռան ապակյա բացվածքի շրջանակները հանելու, ապակին կոտրելու միջոցով։

Այս մասին այսօր հաղորդագրություն է տարածել Հայաստանի քննչական կոմիտեն՝ հավելելով, որ քննչական խումբը Գյումրիում է, որտեղ ի թիվս այլ քննչական գործողությունների երեկ փորձագետների հետ կատարվել է հանցագործության կատարման վայրի լրացուցիչ զննություն։

Քննչական կոմիտեի հաղորդագրության համաձայն, հանձնարարություն է տրվել ոստիկանության համապատասխան ստորաբաժանումներին՝ պարզել հանցագործության կատարման վայրին հարակից տարածքներում տեսանկարահանող սարքերի առկայությունը և այդպիսիք հայտնաբերելու դեպքում դրանք ներկայացնել վարույթն իրականացնող մարմնին։

«Բջջային հեռախոսի օպերատորից պահանջվել են Ավետիսյանների ընտանիքի անդամների ելքային ու մուտքային հեռախոսազանգերի վերծանումները՝ նկատի ունենալով, որ քրեական գործով կան հիմքեր ենթադրելու, որ սպանություններն իրականացրած անձը կարող էր հափշտակած և օգտագործած լինել նաև տուժողների հեռախոսները», - մասնավորապես ասվում է Քննչկան կոմիտեի հաղորդագրության մեջ:

Մի շարք իրավաբանները, սակայն, շարունակում են պնդել, որ այս գործում բազմաթիվ էական հարցեր շարունակում են անպատասխան մնալ:

«Ազատության» հետ զրույցում նրանք նկատում են, որ Պերմյակովի գործում շիլաշփոթն առաջացավ այն պահից, երբ հայ իրավապահները թույլ տվեցին, որ ռուս զինվորականները մասնակցեն փախուստի մեջ գտնվող կասկածյալի որոնողական աշխատանքներին և բռնեն Վալերի Պերմյակովին՝ Թուրքիայի հետ սահմանը հատելու փորձ կատարելիս:

Իրավաբան Մուշեղ Շուշանյանը հետևություն է անում, որ այս ամենը կոնկրետ պայմանավորվածության հետևանք է: «Ինչից կարելի է ենթադրել, որ նախապես հայկական և ռուսական կողմերի միջև ձեռք էր բերվել համաձայնություն, որ Պերմյակովը պետք է հայտնվի ռուս իրավապահների հսկողության տակ, և նրա գործի քննությունը պետք է իրականացնեն ռուսական պատկան մարմինները», - ասաց իրավաբանը:

Այդուհանդերձ, Հայաստանի ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի համար նշանակություն չունի, թե ով է բռնել Վալերի Պերմյակովին: Գասպարյանն այսօր լրագրողների հետ զրույցում ասել է, թե ձերբակալումից երկու ժամ առաջ տեղեկատվություն են ունեցել, որ Պերմյակովը ամենայն հավանականությամբ հայ-թուրքական սահմանի մոտ է:

Մուշեղ Շուշանյանի համար ոստիկանապետի այս խոստովանությունը վկայում է այն մասին, որ այս ամենը, ամենայն հավանականությամբ, տեղի է ունեցել քաղաքական որոշման արդյունքում:

«Այսինքն, այս իրավիճակի համար ողջ պատասխանատվությունը ընկնում է Հայաստանի Հանրապետության ոստիկանության վրա: Քաղաքական որոշման արդյունքում է, հավանաբար, դա տեղի ունեցել», - ընդգծեց Շուշանյանը:

Ի դեպ, երեկ «Ազատության» «Լրատվական կենտրոնի» տաղավարում հյուրընկալվելիս Ազգային ժողովի պատգամավոր Նիկոլ Փաշինյանը ևս անհանգստություն էր հայտնել հայ իրավապահների գործողությունների վերաբերյալ:

Պատգամավորը տարակուսում է, թե ինչու վերջիններս կասկածյալի անունը իմանալուց հետո 12 ժամ շարունակ չեն կարողացել գտնել նրան:

«Պետք է հասկանանք էս 12 ժամվա ընթացքում Հայաստանի ոստիկանության գործողությունները ինչպիսին են եղել և ինչքանով պրոֆեսիոնալ են եղել: Պետք է հետաքննություն արվի: Հանրությունը պետք է ինքը հետաքննի մեր իրավապահների գործողությունները այս ողջ ընթացքում», - նշել էր Նիկոլ Փաշինյանը:

Իրավաբան Շուշանյանը նշում է, որ այս գործում համատարած խառնաշփոթ է: Նա չի կարողանում հասկանալ, թե իրավական ինչ հիմքով է Հայաստանի փաստաբանների պալատը հանրային պաշտպան նշանակում Ռուսաստանի քաղաքացու համար և ռուս իրավապահների կողմից քննվող գործի շրջանակում:

Նշենք, որ Հայաստանի փաստաբանների պալատը հանրային նոր պաշտպան է նշանակել Պերմյակովի համար, որի անունը չի հրապարակվում՝ անվտանգության նկատառումներից ելնելով:

Հիշեցնենք, որ ավելի վաղ հանրային պաշտպան նշանակված փաստաբան Թամարա Յայլոյանը հայտարարել էր, որ հրաժարվել է իրականացնել այդ պարտավորությունը: Վերջինս, սակայն, մասնակցել է Պերմյակովի հարցաքննությանը:

Ստեղծված իրավիճակում, երբ բազմաթիվ անպատասխան հարցեր կան, և ռուսական կողմը, հղում անելով իրենց օրենսդրությանը, չի պատրաստվում Պերմյակովին հանձնել հայաստանյան արդարադատությանը, հնարավո՞ր է գործի արդար քննություն ակնկալել:

Այս հարցին ի պատասխան, Շուշանյանը ասում է, որ եթե շարունակվի հայ իրավապահների ներկայիս գործելակերպը, կասկածներն ընդամենը շատանալու են, և դա ոչ մի լավ բանի չի հանգեցնելու: Դրական ակնկալիք ունենալու համար հայկական կողմը ամեն գնով պետք է փորձի իր իրավազորության տակ առնել Պերմյակովին, թեպետ այդ հնարավորությունն արդեն իսկ բաց է թողնվել:

«Հանրությունը հնարավորություն ունենա հետևելու այդ դատաքննությանը և բոլոր էդ ապացույցները ներկայացվեն, հետազոտվեն հրապարակային դատաքննության ընթացքում: Միայն դա կարող է կասկածները փարատել, հանրության կրքերը հանդարտեցնել», - ասաց Մուշեղ Շուշանյանը:

XS
SM
MD
LG