Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման հունվարի 20-ին հանդես է գալու նախագահական ամենամյա ուղերձով:

Նա հիմնականում կենտրոնանալու է տնտեսության վերականգնման գործում իրականացված աշխատանքների վրա, սակայն Ֆրանսիայում վերջերս իրականացված ահաբեկչական հարձակումները ստիպելու են նկատելի տեղ հատկացնել նաև ահաբեկչության դեմ պայքարում իր քաղաքականությանը:

Բարաք Օբամայի խոսքերով, ահաբեկչությունն ատելությունից ու մարդկային տառապանքներից զատ ոչինչ չի տալիս մարդկությանը: Երևույթ, որի դեմ հարկավոր է տանել անկոտրում պայքար, ասում է նա:

Եկող երեքշաբթի օրը նախագահական ուղերձում նա նկատելի տեղ է մտադիր հատկացնել Իրանում միջուկային զենք արտադրելու հնարավորությունը կանխելու իր ջանքերին: Սակայն ինչպես Օբամայի արտաքին քաղաքական հարցերով նախկին խորհրդական Լարրի Քորբն է ասում, նախագահն այսօր ունի համաշխարհային հարցերից առավել ներքին հարցերի վրա կենտրոնանալու պատճառներ:

Քորբի կարծիքով՝ Օբաման վստահ է, որ համաշխարհային բեմահարթակում ուժեղ դիրք ունենալու համար Ամերիկան նախ պետք է ուժեղ հիմքեր ունենա երկրի ներսում:

Ռուսաստանի կողմից Ուկրաինայի տարածք իրականացված ներխուժումից ի վեր Մոսկվայի հետ Վաշինգտոնի հարաբերությունները չափազանց սրվել են: Սակայն չի սպասվում, որ Օբաման իր ուղերձում այնքան տեղ հատկացնի մի խնդրի, որը նոր սրություն առաջ կբերեր երկու երկրների հարաբերություններում: Չէ՞ որ Ռուսաստանի հետ հարաբերությունները միայն Ուկրաինայով չեն սահմանափակվում: Ռուսները չորեքշաբթի օրն օգնեցին ամերիկացի աստղագնացներին, երբ վերջիններս արտակարգ իրադրության մեջ էին հայտնվել Տիեզերական միջազգային կայանում:

Լարրի Քորբի խոսքերով, ռուսները ոչ միայն փրկել են ամերիկացի աստղագնացներին, այլ նաև մեծապես օգնել են Ամերիկային Աֆղանստանում:«Ճիշտ է, դժգոհ ենք Ուկրաինայում զարգացող իրադարձություններից, սակայն Ամերիկան չի կարող ընդունել հակառուսական ռազմավարություն: Մենք ռուսների կարիքն ունենք, ում հետ համագործակցում ենք մի շարք բնագավառներում»,- ասում է նա:

Իր ելույթյում Օբաման շեշտելու է նաև կլիմայական փոփոխությունները կասեցնելու հարցում Չինաստանի հետ ձեռք բերված համաձայնությունը, ինչպես նաև՝ Արևմտյան Աֆրիկայում էբոլա հիվանդության դեմ պայքարելու համար ամերիկյան ուժեր տեղակայելու հարցը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG