Մատչելիության հղումներ

«Կրակոցները, որոնք, ինչպես հաղորդվում է, արձակվել են Լեռնային Ղարաբաղում ԵԱՀԿ դիտարկման վայրի մոտ, կողմերից տրված անվտանգության երաշխիքների բացահայտ խախտում են», «Թվիթերի» իր էջում գրել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմ Ուորլիքը։

Հունվարի 14-ին Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում դիտարկումը ընդհատվել է դիտարկման վայրից հյուսիս մոտավորապես մեկ կիլոմետր հեռավորությունից արձակված միակ կրակոցի պատճառով:

«Հնարավոր չէր պարզել կրակոցի վայրը կամ ուղղությունը: [ԵԱՀԿ-ի գործող նախագահի] Անձնական ներկայացուցչի մանդատը մեզ թույլ չի տալիս հետաքննել այդ բնույթի որևէ միջադեպ», - «Ազատության» հարցմանն ի պատասխան հայտնել են ԵԱՀԿ-ի Վիեննայի գրասենյակից:

Չորեքշաբթի օրը, երբ ԵԱՀԿ-ի առաքելությունը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում պլանային դիտարկում էր անցկացնում Հադրութի ուղղությամբ՝ Հորադիզ բնակավայրի մոտակայքում, ղարաբաղյան կողմը ԵԱՀԿ-ի առաքելությունը դուրս է բերել իր առաջապահ դիրքեր, սակայն, Լեռնային Ղարաբաղի արտգործնախարարության վկայությամբ, ադրբեջանական կողմից արձակված կրակոցի պատճառով առաքելության ներկայացուցիչները, անվտանգության նկատառումներից ելնելով, նպատակահարմար են գտել ընդհատել դիտարկման անցկացումը:

Պաշտոնական Բաքուն, իր հերթին, պնդում է, թե կրակոցն արձակվել է հայկական կողմից:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG