Մատչելիության հղումներ

Փոստանջյան․ Ինչո՞ւ են լռում իշխանության ներկայացուցիչները


«Ժառանգություն» կուսակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը, ով երեկ ողջ օրըԳյումրիում էր, հարց է բարձրացնում՝ ինչո՞ւ են վերջին օրերին լռում իշխանության ներկայացուցիչները և ինչո՞ւ նրանք երեկ սգացողների ու ցուցարարների կողքին չէին:

«Մենք ունենք տարբեր մակարդակի պաշտոնյաներ, որոնք նաև պարտականություն են կրում Հայաստանի Հանրապետության քաղաքացիների անվտանգության համար՝ ազգային անվտանգության ծառայության պետ, ոստիկանության պետ, վարչապետ, քաղաքապետ․․․ այս բոլոր մարդիկ բացակա էին: Շատ ցավալի է, երբ քո երկրի պաշտոնական ներկայացուցիչները, որոնք առաջին դեմքերն են, որոնք հենց այդ ժողովրդի գումարներով են այդ պաշտոնները վարում, այդ մարդիկ այդ օրը բացակա էին: Ոչ միայն բացակա էին, այլ նաև պաշտոնապես իրենց գործառույթները չէին իրականացրել», - ասում է նա:

Զարուհի Փոստանջյանը երեկ ոչ միայն ցուցարարներին է հանդարտության կոչեր արել, այլև զանգահարել է իր հանրապետական գործընկերների ընդունարաններ՝ հորդորելու, որ վեր կենան ու Գյումրի գնան։

«Ես երեկ նաև դիմել եմ, ընդունարաններ եմ զանգել՝ ոստիկանության պետի, վարչապետի, Ազգային ժողովի նախագահի՝ բոլորի ընդունարաններ զանգահարել եմ և խնդրել եմ, որ՝ անպայման եկեք-ներկայացեք և պատասխան տվեք, որո՞նք են լինելու ձեր գործողությունները», - ասում է նա:

Իշխանությունները պարտավոր են բացատրություն տալ, քանի որ հարցը վաղուց արդեն դուրս է եկել իրավական հարթությունից, ու քաղաքական է դարձել, ասում է Փոստանջյանը․ - «Եթե սա լիներ միայն իրավական խնդիր, ապա Հայաստանի Հանրապետության իրավապահ մարմինները այս խնդրին կարող էին պատշաճ լուծում տալ, իրենք պետք է կատարեին նախաքննություն և ապագայում նաև գործը ուղարկեին Հայաստանի Հանրապետության համապատասխան դատարան: Մինչդեռ իրենք իրենց լիազորությունները չեն իրականացրել և արդեն եկել է պահը նաև քաղաքական լուծումներ տրամադրելու»:

Գյումրիում հավաքված բազմության պահանջն ավելի քան արդարացի է, ասում է պատգամավորը, 6 մարդու սպանության մեղադրյալը պետք է գտնվեր հայկական կողմի իրավազորության ներքո։ Գլխավոր դատախազի երեկվա ասուլիսից միայն մի բան պարզ դարձավ. Պերմյակովը ռուսների իրավազորության տիրույթում է, ուրիշ ոչինչ։ Մինչդեռ անպատասխան մնացին գյումրեցիներին ու ողջ երկրին հուզող բազմաթիվ հարցեր, որոնց վերաբերյալ և՛ ռուսական, և՛ հայկական կողմը լռում է։

«Չգիտենք ովքեր են հանցագործները, որովհետև եթե հանցագործությունը մենք ինքներս տեսել ենք, ունենք միայն զոհերի մասով, ապա այս մարդը ինչպե՞ս դուրս եկավ, եթե նա է այդ ենթադրյալ հանցագործը: Բացի իրենից այլ անձինք էլ են եղել, որ մեղավոր են եղել: Այդ անձանց նկատմամբ մենք չունենք որևիցե տեղեկատվություն՝ մեղադրանք նրանց առաջադրել են, չեն առաջադրել: Այդ անձանց ո՞վ էր թույլ տվել, որ զինված ման գան Գյումրիի փողոցներում: Բոլոր այս հարցերը այսօր առկա են, և այս հարցերին չի տրվել պատասխան», - ասում է նա:

Երեկ ուշ երեկոյան տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ այսօր հայտարարությամբ է հանդես եկել նաև Բարգավաճ Հայաստան կուսակցությունը՝ կոչ անելովիշխանություններին, մեջբերում ենք «այս դժվար պահին գործել Հայաստանի քաղաքացիների շահերի և իրավունքների և Հայաստանի արժանապատվության դիրքերից և չմնալ պասիվ դիտորդի դերում»։ ԲՀԿ-ի հայտարարությունում նշվում է, որ իրենք ակնկալում են նաև, որ Ռուսաստանի քաղաքական և ռազմական իշխանությունները, քաղաքակիրթ աշխարհում ընդունված կանոնների համաձայն, կոշտ գնահատական տան կատարված անմարդկային ոճրագործությանը, քայլեր ձեռնարկեն Գյումրիի ռազմակայանի կարգուկանոնի բարձրացման ուղղությամբ, ու պատժեն բոլոր մեղավորներին, ում թողտվությամբ կամ անգործության պատճառով հնարավոր եղավ նման աննախադեպ ողբերգությունը։

Հայ ազգային կոնգրեսից «Ազատությանը» հայտնեցին, որ առաջիկա ժամերի ընթացքում ՀԱԿ-ը նույնպես հայտարարությամբ հանդես կգա, իսկ Հանրապետականի խոսնակի կապ հաստատել այդպես էլ չհաջողվեց։ Էդուարդ Շարմազանովը երեկ կուսակցության Գերագույն մարմնի նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշել է, որ Գյումրիի դեպքը իրավական խնդիր է և անհարկի քաղաքական գնահատականները որևէ մեկի շահերից չեն բխում»։

«Գյումրու դեպքը ողբերգություն է բոլորիս համար, բայց իրականացնողը ձերբակալվել է, իրականացնողը ստահակ և տականք է, բայց միևնույն ժամանակ՝ չեմ կարծում, որ զգացմունքներին պետք է տրվենք, հուզականության չափաքանակի ավելացումը որևէ օգուտ չի տա գործին։ Ամեն ինչ պետք է արվի, որ հանցագործը պատժվի օրենքի ողջ խստությամբ: Մնացած խնդիրներն իրավական են, և գլխավոր դատախազն ամեն ինչ պարզ, հանրամատչելի ասել է»,- ասել է Շարմազանովը։

Իշխող կուսակցության ներկայացուցիչը հանդարտության կոչ է արել.- «Կոչ եմ անում հանդարտության, հանգստության, ողբերգությունը եղել է, և դրա վրա թշնամիներ փնտրել պետք չէ մեր երկրում, այս ամենը ժողովրդի շահերից չի բխում»,- ասել է նա։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG