Մատչելիության հղումներ

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը այսօր պատասխան նամակ է հղել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանին՝ ըստ էության մերժելով նրա՝ ապրիլի 24-ին Թուրքիա այցելելու հրավերը։

Էրդողանը Սարգսյանին հրավիրել էր ապրիլի 24-ին ներկա լինելու Թուրքիայում Գալիպոլիի ճակատամարտի հարյուրամյակի հիշատակի միջոցառումներին։

Սերժ Սարգսյանը իր նամակում հիշեցրել է, որ ավելի վաղ ինքն է Էրդողանին հրավիրել Երևան՝ 2015 թվականի ապրիլի 24-ին միասին հարգելու Հայոց ցեղասպանության անմեղ նահատակների հիշատակը։ «Մեզ մոտ ընդունված չէ հյուրընկալվել հրավիրվողին՝ առանց սեփական հրավերի պատասխանը ստանալու»,- ասված է նամակում։

Հայաստանի նախագահի նամակում նաև ասված է, որ Գալիպոլիի ճակատամարտի հարյուրամյակը նշելով ապրիլի 24-ին՝ Թուրքիան նպատակ ունի համաշխարհային հանրության ուշադրությունը Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի միջոցառումներից շեղել։

«Թուրքիան շարունակում է ժխտողականության իր ավանդական քաղաքականությունը և տարեցտարի «կատարելագործելով» պատմության աղճատման իր գործիքակազմը՝ Գալիպոլիի մարտերի հարյուրամյակն այս տարի առաջին անգամ նշում է ապրիլի 24-ին, այն դեպքում, երբ դրանք սկսվել են 1915 թվականի մարտի 18-ին և շարունակվել մինչև 1916 թվականի հունվարի վերջը, իսկ դաշնակիցների ափհանման օպերացիան՝ Գալիպոլիի ցամաքային մարտերը սկսվել են ապրիլի 25-ին»,- ասված է նամակում.- «Ի՞նչ նպատակ է սա հետապնդում, եթե ոչ համաշխարհային հանրության ուշադրությունը Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի միջոցառումներից շեղելու պարզունակ նպատակ: Մինչդեռ, մինչև հիշատակի միջոցառում նախաձեռնելը, Թուրքիան շատ ավելի կարևոր պարտականություն ուներ սեփական ժողովրդի և ողջ մարդկության հանդեպ, այն է՝ Հայոց ցեղասպանության ճանաչումն ու դատապարտումը»։

Հայաստանի նախագահը իր նամակում նաև Էրդողանին խորհուրդ է տալիս համաշխարհային խաղաղությանն ուղղված կոչերում չմոռանալ Հայոց ցեղասպանության ճանաչման ուղերձ հղել աշխարհին՝ ոգեկոչելով մեկուկես միլիոն անմեղ զոհերի հիշատակը.- «Յուրաքանչյուրիս պարտքն է գալիք սերունդներին փոխանցել խեղաթյուրումից զերծ իրական պատմությունը՝ այդ կերպ կանխելով ոճրագործությունների կրկնությունն ու հող նախապատրաստելով ազգերի, հատկապես հարևան ազգերի միջև մերձեցման և հետագա համագործակցության համար»։

Հայաստանի նախագահը իր նամակում գրել է նաև Գալիպոլիի ճակատամարտին մասնակցած հայ զինվորի ճակատագրի մասին.- «Գալիպոլիի ճակատամարտի մասնակից էր նաև Օսմանյան կայսրության զորքերի հայազգի հրետանավոր, կապիտան Սարգիս Թորոսյանը. սպա, որ նվիրվել էր կայսրության պաշտպանության ու անվտանգության ապահովմանը և հավատարիմ ծառայության ու սխրանքների համար Օսմանյան կայսրության կողմից արժանացել էր ռազմական պարգևների: Մինչդեռ, նույն թվականին իր գագաթնակետին հասած՝ Օսմանյան կայսրության կողմից հայ ժողովրդի նկատմամբ նախապես ծրագրված և իրականացված զանգվածային ջարդերի ու բռնի տեղահանման ալիքը չշրջանցեց անգամ Սարգիս Թորոսյանին: Ցեղասպանությանը զոհ գնացած մեկուկես միլիոն հայերի թվում էին նրա ծնողները, ովքեր դաժանաբար սպանվեցին, իսկ քույրը մահացավ Սիրիայի անապատում:

Հենց նախադեպը չունեցող այդ կոտորածի արդյունքում էր, որ Ռաֆայել Լեմկինը ստեղծեց «ցեղասպանություն» եզրույթը, և դրա անպատժելիությունն էր, որ հող նախապատրաստեց Հոլոքոստի և Ռուանդայում, Կամբոջայում ու Դարֆուրում ցեղասպանությունների համար»։

Ուղիղ հեռարձակում

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG