Մատչելիության հղումներ

Երևանը լավագույն էլեկտրոնային կառավարման ցուցանիշներով քաղաքների հնգյակում է


Երևանն ընդգրկվել է լավագույն էլեկտրոնային կառավարման ցուցանիշներով քաղաքների հնգյակում:

Համաձայն Երևանի քաղաքապետարանի հաղորդագրության՝ հետազոտությունն իրականացվել է ԱՄՆ-ի Նյու Ջերսի նահանգի Նյուարք քաղաքի Ռութգերսի համալսարանի հանրային հարաբերությունների և վարչարարության դպրոցի էլեկտրոնային կառավարման ինստիտուտի կողմից, որը վեցերորդ տարին անընդմեջ իրականացնում է համապատասխան ուսումնասիրություններ` աշխարհի խոշոր քաղաքների էլեկտրոնային կառավարման հնարավորությունների գնահատման նպատակով:

«Հետազոտության արդյունքում առաջատարը Սեուլն է, որին հաջորդում են Նյու Յորքը, Հոնկոնգը և Սինգապուրը: Հինգերորդ տեղում Երևանն է: Լավագույն տասնյակում ընդգրկված քաղաքների շարքում Երևանին համապատասխանաբար հաջորդում են Բրատիսլավան, Տորոնտոն, Շանհայը, Դուբայը և Պրահան»,- հայտնում է Երևանի քաղաքապետարանը։

Հետազոտության շրջանակում ուսումնասիրվել են աշխարհի 100 երկրների խոշոր քաղաքների քաղաքապետարանների էլեկտրոնային կառավարման համակարգերը՝ ըստ օգտվելու մատչելիության, համակարգերի բովանդակության, առաջարկվող ծառայությունների, տվյալների պահպանման գաղտնիության, ինչպես նաև քաղաքացիական և սոցիալական ակտիվության չափորոշիչների:

Նախորդ հետազոտության ժամանակ Երևանի քաղաքապետարանը 19-րդ հորիզոնականում էր:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG