Մատչելիության հղումներ

Ոստիկանություն. Երեկ բերման ենթարկվածներից երկուսը զինված են եղել


Ակցիա Ազատության հրապարակում. ակտիվիստները բերման են ենթարկվում, 15-ը հունվարի, 2015թ.
Ակցիա Ազատության հրապարակում. ակտիվիստները բերման են ենթարկվում, 15-ը հունվարի, 2015թ.

Ոստիկանությունից փոխանցեցին, որ հետաքննությունն ընթացքի մեջ է։

Երեկ երեկոյան Ազատության հրապարակից բերման են ենթարկվել մոտ չորս տանսյակ քաղաքացիներ, նրանցից երկուսը զինված են եղել, այսօր «Ազատության»-ն ասաց ոստիկանության հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանը։

«38 հոգի տարվել է ոստիկանություն, երկուսի մոտ հայտնաբերվել է ատրճանակ, կատարվում է հետաքննություն, մի անձի նկատմամբ վարչական իրավախախտումների վերաբերյալ արձանագրություն է կազմվել, բոլորը բաց են թողնվել՝ այդ թվում՝ ում մոտ ատրճանակ է եղել», - ասաց Ահարոնյանը։

Թե, ովքեր են եղել զինված, ոստիկանությունը չհստակեցրեց, միայն նշեց, որ հետաքննությունն ընթացքի մեջ է։

Այսօր ոստիկանությունը հատուկ նախազգուշացում տարածեց՝ ընդգծելով, որ հավաքներին զինված անձանց մասնակցությունը պահանջում է անհապաղ կտրուկ միջոցներ կիրառել՝ հասարակությանը ծանր և անդառնալի կորուստներից ապահովագրելու համար։

Բերման ենթարկվածներից՝ Հայաստանի հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը, մինչդեռ, համոզմունք հայտնեց, որ իրավապահ մարմիններին, պարզապես, հրահանգված էր ամեն գնով ցրել հրապարակում հավաքված մարդկանց։

Իրավապաշտպանը ոստիկանների գործողությունները բնութագրեց մեկ բառով. - «Մարդկանց որս, ես ուրիշ անուն չեմ կարող սրան դնել. խաղաղ կանգնած են, գալիս են մարդկանց առևանգում, տանում են», - ասաց Իշխանյանը։

Բերման ենթարկվածներից Վահանգն Ավագյանն «Ազատության»-ը փոխանցեց, որ ինքն ընդամենը Ազատության հրապարակում, ի նշան հարգանքի, մոմավառություն է իրականացրել։ Նա զենք կրելու մասին ոստիկանության հիմնավորումները ընդհանրապես ծիծաղելի համարեց։

«Իմ ամենամեծ զենքը թաշկինակն էր, որն իրենք առգրավեցին, որ հանկարծ վնաս չտամ թաշկինակովս, իրենք վնասազերծեցին ինձ, կարելի է ասել», - ասաց Վահագն Ավագյանը։

Ըստ բերման ենթարկվածների, իրավապահները բռնի ուժ են գործադրել։

Ոստիկանական բաժին տեղափոխված Արմեն Ադամյանը պատմեց, որ և՛ քաղաքացիական, և՛ ոստիկանական համազգեստով անձինք իրեն բազմաթիվ հարվածներ են հասցրել գետնին ընկած ժամանակ։ Այսօր նրա աչքի տակ մեծ կապտուկ կար։ Նա նշեց, որ դատաբժիշկն ամեն ինչ արձանագրել է։

Ակտիվիստները նաև պնդեցին, որ իրենց բերման ենթարկելիս ոստիկանական բաժանմունքում բերման ենթարկելու կապակցությամբ տարբեր հիմանվորումներ են ներկայացրել։

Ոստիկանությունից այսօր «Ազատության»-ը փոխանցեցին, որ իրավապահները գործել են իրենց լիազորությունների շրջանակում, և, որ անօրինական ոչինչ չեն տեսնում քաղաքացիական հագուստով բերման ենթարկելու մեջ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG