Մատչելիության հղումներ

ԵԱՀԿ-ն նշում է հունվարի 14-ի դիտարկման ժամանակ հնչած կրակոցի մոտավոր վայրը


Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի զինծառայողները դիրքերում, արխիվ
Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի զինծառայողները դիրքերում, արխիվ

Հունվարի 14-ին Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում դիտարկումը ընդհատվել է դիտարկման վայրից հյուսիս մոտավորապես մեկ կիլոմետր հեռավորությունից արձակված միակ կրակոցի պատճառով: Այդ մասին «Ազատության» հարցմանն ի պատասխան հայտնում են ԵԱՀԿ-ի Վիեննայի գրասենյակից:

«Հնարավոր չէր պարզել կրակոցի վայրը կամ ուղղությունը: [ԵԱՀԿ-ի գործող նախագահի] Անձնական ներկայացուցչի մանդատը մեզ թույլ չի տալիս հետաքննել այդ բնույթի որևէ միջադեպ», - իր պատասխանում նշում է ԵԱՀԿ-ի գրասենյակը՝ ընդգծելով կազմակերպության դիտարկման առաքելությունների ընթացքում անվտանգության երաշխիքների կարևորությունը:

Հիշեցնենք՝ չորեքշաբթի օրը, երբ ԵԱՀԿ-ի առաքելությունը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում պլանային դիտարկում էր անցկացնում Հադրութի ուղղությամբ՝ Հորադիզ բնակավայրի մոտակայքում, ղարաբաղյան կողմը ԵԱՀԿ-ի առաքելությունը դուրս է բերել իր առաջապահ դիրքեր, սակայն, Լեռնային Ղարաբաղի արտգործնախարարության վկայությամբ, ադրբեջանական կողմից արձակված կրակոցի պատճառով առաքելության ներկայացուցիչները, անվտանգության նկատառումներից ելնելով, նպատակահարմար են գտել ընդհատել դիտարկման անցկացումը:

Պաշտոնական Բաքուն, իր հերթին, պնդում է, թե կրակոցն արձակվել է հայկական կողմից:

Նույն օրը «Ազատության» հարցմանն ի պատասխան ԵԱՀԿ-ի գրասենյակը խոստացել էր իր մեկնաբանությունները փոխանցել ավելի ուշ:

Հովհաննես Մովսիսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG