Մատչելիության հղումներ

Գյումրիում ցուցարարները ժամանակ տվեցին գլխավոր դատախազին


Հայաստան - Գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը Գյումրիում դիմում է ցուցարարներին, 15-ը հունվարի, 2015թ․
Հայաստան - Գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը Գյումրիում դիմում է ցուցարարներին, 15-ը հունվարի, 2015թ․

Բողոքի ակցիայի մասնակիցների կրքերը փոքր-ինչ հանդարտվեցին, երբ հայտնի դարձավ, որ կատարվել է իրենց պահանջներից մեկը:

Հինգշաբթի օրը Գյումրիում մի քանի ժամ բողոքի ակցիա իրականացնողներին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը վստահեցրեց, որ կդիմի ռուսական կողմին՝ հունվարի 12-ի սպանդը իրականացնելու մեջ մեղադրվող ռուս զինծառայող Վալերի Պերմյակովին Հայաստանի իրավապահներին հանձնելու հարցով:

«Ես իմ ասած ցանկացած խոսք, ու ասեցի, որ տղամարդու պես եմ ես խոստացել՝ ոչ միայն որպես գլխավոր դատախազ, այլ՝ տղամարդու պես, և ես էդ իմ խոստացածը ամբողջությամբ կատարելու եմ: Այսինքն՝ ես իրոք դիմելու եմ Ռուսաստանի գլխավոր դատախազին», - ասաց գլխավոր դատախազը:

Ռուս գործընկերոջը դիմելու համար, Գևորգ Կոստանյանի խոսքով, անհրաժեշտ կլինի, որպեսզի հայ իրավապահները հավաքագրեն բոլոր փաստաթղթերն ու իրավական հիմքերը:

Թե որքան ժամանակ կպահանջվի դրա համար՝ գլխավոր դատախազը չհստակեցրեց, սակայն կրկին խոստացավ․ - «Ես անմիջապես, ո՛ր պահին ես ունեցա էդ փաստաթուղթը, ու ես կարող եմ ունենալ ցանկացած պահի էս պահից սկսած էդ փաստաթղթերը, և հաջորդ պահին անպայման դիմում եմ»:

Բարկացած գյումրեցիների կրքերը հանդարտեցնելու համար Կոստանյանը փորձում էր համոզել, որ իրենք կանգնած են քաղաքացիների կողքին, միանում են նրանց պահանջին և ամեն ինչ անում են հարցը լուծելու համար:

«Մենք մեր գործողությունները կատարում ենք, կատարելու ենք, միշտ էլ կատարելու ենք, որովհետև մեր հայրենակցի մասին է խոսքը՝ էս սպանված ընտանիքը մեր հայրենակիցներն են, մեր քույրերն են, մեր եղբայրներն են, ինչի՞ է որևէ մեկի մոտ տպավորություն, որ մենք էդ ամեն ինչին վերաբերում ենք ավելի մակերեսորեն», - հայտարարեց գլխավոր դատախազը:

Բողոքի ակցիայի մասնակիցների կրքերը փոքր-ինչ հանդարտվեցին, երբ հայտնի դարձավ, որ կատարվել է իրենց պահանջներից մեկը․ «Բարգավաճ Հայաստան»-ի պատգամավոր Մարտուն Գրիգորյանը կեսգիշերին մոտ քաղաքացիներին հայտնեց, որ իրենց հաջողվել է տեսնել ռուսական 102-րդ ռազմաբազայում պահվող Պերմյակովին:

«Էնտեղ էր, ես ու Կարենը [ցուցարարներից մեկը] մեր աչքերով տեսել ենք տեղում», - փոխանցեց պատգամավորը:

Գյումրիի փողոցները սկսեցին հանդարտվել: Ցուցարարները ժամանակ տվեցին գլխավոր դատախազին և չբացառեցին, որ այսօր կշարունակեն իրենց ակցիան:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG