Մատչելիության հղումներ

ԲՀԿ պատգամավորը և ցուցարարներից մեկը տեսել են Վալերի Պերմյակովին


Մարտուն Գրիգորյանը Գյումրիում Շիրակի մարզի դատախազության շենքի առջև, 16-ը հունվարի, 2015թ․
Մարտուն Գրիգորյանը Գյումրիում Շիրակի մարզի դատախազության շենքի առջև, 16-ը հունվարի, 2015թ․

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր Մարտուն Գրիգորյանը և Գյումրիում բողոքի ակցիայի մասնակիցներից մեկը՝ Կարեն Պետրոսյանը հանդիպել են Ավետիսյանների ընտանիքի 6 անդամների սպանության մեջ կասկածվող Վալերի Պերմյակովին, ով պահվում է Ռուսական 102-րդ ռազմաբազայում:

«Մենք տեսել ենք էդ ոճրագործին, ներկայացնելու բան չկա, կասկածի բան չկա: Մենք էդ փոքր անցքից ընդամենը կարողացել ենք տեսնել էդ ոճրագործին: Մեզ ուղեկցել են մինչև խցի մոտ, ինքը մենակ էնտեղ է, մենք տեսել ենք անձամբ իրեն՝ կանգնած դեմքով դեպի դուռը, իրա դեմքը տեսել ենք», - ասաց Գրիգորյանը:

Պատգամավորը նշեց, որ ռազմակայանի տարածքում էր նաև Հայաստանի քննչական կոմիտեի պետի տեղակալը՝ Հարությունյանը, ով ուղեկցել է իրենց: Գրիգորյանը կոչ արեց ցուցարարներին հեռանալ դատախազության շենքի առջևից:

Գյումրեցիները պահանջել էին նկարահանել ռուս զինծառայողին, որպեսզի համոզվեն, որ Պերմյակովը Գյումրիում է:

Նշենք, որ ավելի վաղ հունվարի 15-ին դատախազության շենքի մոտ հավաքված ցուցարարների մի մասը ուղևորվել էր դեպի Գյումրիում Ռուսաստանի հյուպատոսարան, որտեղ նրանց և ոստիկանների միջև տեղի ունեցած բախումների հետևանքով որոշ ցուցարարներ և ոստիկաններ վիրավորվել էին, ցուցարարներից ոմանք էլ՝ բերման էին ենթարկվել:

«Տասնյակից ավելի մարդիկ գտնվում են արգելանքի տակ», - փոխանցել էր «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանը:

«Հիմա 13 ձերբակալված կա: Ես հիմա գնում եմ դատախազի մոտ և միջնորդելու եմ, որպեսզի ձերբակալվածները ազատ արձակվեն», - դատախազության շենքի մոտ հայտարարել էր Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանը:

Նշենք, որ Գյումրիում Ռուսաստանի Դաշնության հյուպատոսարանի մոտ բախումներից հետո Գյումրու բժշկական կենտրոն էին տեղափոխվել 14 անձ: Գյումրու բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Իսահակյանի խոսքով կենտրոն են ընդունվել 9 ցուցարար և 5 ոստիկան:

«Ցուցարարների մոտ կային քերծվածքներ, մեկի մոտ՝ 1-2 աստիճանի այրվածք: Մեծ մասը հիվանդանոցից դուրս են գրվել», - «Ազատության» հետ զրույցում ասել էր Իսահակյանը:

Նրա փոխանցմամբ, ոստիկաններից երկուսի մոտ գլխուղեղային տրավմա կա:

«Կար կոտրվածք, բայց գանգուղեղը վնասված չէր, երկրորդը ոստիկանը հետազոտման փուլում է: Բարդ վնասվածքներ կան ոստիկանների մոտ, քաղաքացիների վնասվածքներն ավելի թեթև էին», - նշել էր բժշկական կենտրոնի տնօրենը:

Նշենք, որ դեպի Ռուսատանի հյուպատոսարան տանող ճանապարհին խառնաշփոթ էր ստեղծվել այն բանից հետո, երբ ոստիկանները հատուկ միջոց էին կիրառել՝ ուժեղ լույսով պայթյուններ, որոնք ծուխ են արձակում:

Դատախազության շենքի առջև հավաքված ցուցարարները ԲՀԿ պատգամավորի կոչից հետո հեռացել են:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG