Մատչելիության հղումներ

Ահաբեկչական հարձակման հետևանքով աշխատակազմի ութ անդամներ կորցրած ֆրանսիական «Շառլի Էբդո» երգիծական շաբաթաթերթը հրատարակեց հարձակումից հետո իր առաջին համարը։ 60 հազար տպաքանակով թերթն այս անգամ լույս տեսավ 5 միլիոն օրինակով, սակայն չբավականացրեց թերթը գնողների պահանջարկը։

«Ամեն ինչ ներվում է. Ես Շառլին եմ» վերնագրված Մուհամեդ մարգարեի ծաղրանկարով ֆրանսիական երգիծական շաբաթաթերթի առաջին էջի ուղերձը հետևյալն է, որ Ֆրանսիայում ազատ խոսքն արգելելն անհնար է և, անկախ որևէ սպառնալիքից, ազատությունը հարգող լրագրողները շարունակելու են հարգել ազատության սկզբունքը։Այդ օրը Ֆրանսիայում թերթը գնում էին նաև նրանք, ովքեր ոչ միշտ են համամիտ թերթի տեսակետների հետ։ Նրանք սակայն հարգում են զոհված լրագրողների հիշատակը ու, թերթը գնելիս 3 եվրո մուծելով, իրենց տուրքն էին մատուցում, քանի որ հասույթն ամբողջությամբ ուղղված է զոհերի ընտանիքներին։

Ռուսաստանն այն երկրների շարքում է, որոնք պաշտոնապես դատապարտեցին թերթի դեմ իրականացված ահաբեկչական հարձակումը։ Սակայն շատերն էլ այստեղ հարցականի տակ են դնում ազատ խոսքի սահմանները։

Ռուսաստանի մահմեդական առաջնորդները հայտարարել են, թե հարձակումներն իրականացրածները«մարդասպաններ են ու ահաբեկիչներ, այլ ոչ մահմեդականության հետևորդներ»։ Ռուսաստանի մուֆթիների խորհրդի անդամներից Ռուշան Աբբյասովի խոսքերով, իսկական հավատացյալներ են ոչ թե այդ մարդասպանները, այլ հրեական խանութում հրեա գնորդներին թաքցրած, այդ խանութի մահմեդական աշխատակիցը և այդ օրը սպանված մահմեդական ոստիկանը։ Նրա խոսքերով, Մուհամեդ մարգարեին առաջին հերթին վիրավորել են հարձակումներն իրականացրած ահաբեկիչները։

Սակայն այս ամենից զատ, Աբյասովն ասում է, թե Մուհամեդ մարգարեին ծաղրանքի ենթարկումը նույնքան մեղք է, որքան մարդասպանությունը։ Չէ՞ որ, ասում է նա, նման արարքն ունի անհանգստության ալիք բարձրացնելու ներուժ։

Մոսկվայում Ֆրանսիայի դեսպանատան առջև հարգանքի տուրք մատուցելու համար հավաքվածներից ոմանք նույնպես գտնում են, որ մի քայլ կատարելուց առաջ հարկավոր է երկու անգամ մտածել հետևանքների մասին։ Հարկավոր է ապրել առանց մյուսների գաղափարները վիրավորելու, ասում են նրանք։

Շատերն են Ռուսաստանում ասում, որ կրոնական զգայունությունը և հարձակման ենթարկվելու վտանգը չէ, որ պիտի որոշեն ինչ է հարկավոր տպագրել ու ինչը՝ ոչ։ Հարկավոր չէ թույլ տալ, որ ահաբեկիչներն իրենք որոշեն այս կամ այն երկրում ազատ խոսքի իրավունքի սահմանները, ասում են նրանք։

Ռուսաստանում կա նաև մեկ այլ տեսակետ, տեսակետ այն մասին, որ այս հարձակումն օտար երկրների կողմից կազմակերպված դավադրություն էր։ Կրեմլին աջակից մամլո որոշ գործակալություններ, առանց որևէ փաստ ներկայացնելու, հայտարարում են, թե դրա հետևում կանգնած է Միացյալ Նահանգները։

Ռուսաստանի բարձրաստիճան մեծաթիվ պաշտոնյաներ հայտարարում են, թե այս հարձակումները ևս մեկ ապացույց էին, որ Եվրոպայի համար իրական սպառնալիքը ոչ թե Ռուսաստանն է, այլ՝ ահաբեկչությունը, իսկ Ռուսաստանի մահմեդական առաջնորդները՝ սարսափում Եվրոպայում ներգաղթի ազատությունները կրճատելու աջ ուժերի պահանջներից։

Մահմեդական առաջնորդները գտնում են, որ հարկավոր է սկսել լուրջ երկխոսություն։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG