Մատչելիության հղումներ

Դավիթ Շահնազարյան. Իշխանությունը գտնվում է ահավոր ճնշման տակ


Դավիթ Շահնազարյանը «Ազատության» երևանյան ստուդիայում, արխիվ

Դավիթ Շահնազարյանը «Ազատության» երևանյան ստուդիայում, արխիվ

Գյումրիում դաժան սպանությունիցերեք օր անց պետության անվտանգության երաշխավորի՝ Հայաստանի նախագահի կարծիքը քաղաքացիներին մնում է անհայտ:

Հունվարի 12-ին սելեկտորային խորհրդակցության ընթացքում ցավակցություն հայտնելուց բացի, Գյումրու դեպքին երկրի առաջին դեմքը այդպես էլ չի անդրադարձել:

Ինչո՞ւ է լռում Սերժ Սարգսյանը: Հարցին միանշանակ պատասխան ունի Ազգային անվտանգության ծառայության նախկին պետ Դավիթ Շահնազարյանը․ - «Նրանք գտնվում են Ռուսաստանի ահավոր ճնշման տակ, շանտաժի տակ, և կարծում եմ, որ հիմա Ռուսաստանը գործի է դնում ճնշման և շանտաժի այն նույն մեխանիզմները, որոնք գործի դրվեցին 2013 թվականի սեպտեմբերի 3-ի որոշմանը հասնելու համար»:

ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանի համոզմամբ՝ Սերժ Սարգսյանը ոչ միայն պետք է խոսեր, այլև պարտավոր էր ցույց տալ, որ երկիրը տեր ունի, իսկ քաղաքացիները ապահով Հայաստանում են։ Նախագահի լռությունը պատճառը, ըստ Հայրիկյանի, այն է, որ նա վաղուց արդեն ինքնիշխան նախագահ չէ․ - «2013 թվականի սեպտեմբերի 3-ից մենք նախագահի փոխարեն ունենք խամաճիկ, և ամբարտավան խամաճիկ։ Որովհետև խամաճիկը գոնե ձևի համար կհավաքեն Ազգային անվտանգության խորհուրդը, քննարկումներ կանցկացներ: Վաղուց այս երկրի տերը Սերժ Սարգսյանը չէ»:

Դավիթ Շահնազարյանի գնահատմամբ՝ թերացել է նաև պետական մեկ այլ կարևորագույն ինստիտուտ։ Ազգային անվտանգության ծառայության նախկին պետը մատնանշում է այն փաստը, որ դեպքի օրը Գյումրիում ազատորեն շրջում էին զինված ռուս զինվորականներ, և դրանում մեղադրում է Ազգային անվտանգության ծառայությանը․ - «Չպետք է թույլատրվեր, որպեսզի ռուս զինվորականները զինված ոհմակի պես վազվզեին և փնտրեին: Նրանց պետք է զերծ պահվեր դրանից»:

ԱԱԾ-ի նախկին պետն իր պահանջը հասցեագրում է միայն Հայաստանի դատախազությանը, քանի որ հենց այս կառույցն է, որ պետք է պաշտոնապես դիմի և պահանջի Վալերի Պերմյակովին հանձնել մեր իրավապահներին ու սկսի բացահայտել մինչև այժմ պարզ չդարձած սպանության իրական դրդապատճառները։

Հայաստանում, ըստ Պարույր Հայրիկյանի, արդարադատության համակարգը կատարյալ չէ, իրավապահներն էլ իշխանության խամաճիկներն են:

Միևնույն ժամանակ ԱԻՄ առաջնորդը ողջյունում է քաղաքացիների՝ ռուս զինվորականի գործը հայկական կողմին հանձնելու արդարացի պահանջը․ - «Նույնիսկ եթե Հայաստանինը շատ ավելի վատ արդարադատություն է, քան ռուսականը, միևնույն է՝ ըստ գործող օրենքի, իսկ այդ համաձայնագիրը օրենք է, և ըստ Հայաստանի սահմանադրության, այդ մարդը պետք է գտնվի հայ իրավապահների տրամադրության տակ։ Հակառակ դեպքում ՀՀ սահմանադրությունը չեղյալ է համարվում, նշանակում է Հայաստանն օկուպացված է իմպերիալիստական Ռուսաստանի կողմից»։

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG