Մատչելիության հղումներ

logo-print

Գյումրիի ծերերի տուն-ինտերնատում հրդեհի հետևանքով երկու կին է մահացել


Այսօր առավոտյան Գյումրիի ծերերի տուն-ինտերնատում ծխից խեղդվել ու մահացել են այս հաստատության բնակիչներից երկու կին, որոնցից մեկը 81, մյուսը՝ 62 տարեկան էին:

Թեև տուն-ինտերնատի տնօրեն Ներսես Մարգարյանն «Ազատության» հետ զրույցում պնդում է, որ զոհերի սենյակում հրդեհ չի եղել, Արտակարգ իրավիճակների նախարարության տարածած մամուլի հաղորդագրությունում նշված է՝ «ինտերնատում բռնկված հրդեհը մարվել է տեղի ուժերով»։

Տնօրենը պատմում է,որառավոտյան ժամը 6:28-ինիրեն է զանգահարել ինտերնատի հերթապահ բուժքույրն ու տեղեկացրել, որ ծխից խեղդվել է հաստատության երկու բնակիչ:

«Ծխի սուր հոտ են զգացել, եկել են, տեսել են, որ դուռը փակ է, բուժքույրը հրահանգել է հնոցապանին, որ դուռը կոտրեն, ձայն են տվել, ձայն չի եղել, դուռը կոտրել են, որ մեր բնակիչներից երկու հոգի արդեն ծխից խեղդված են եղել»,- ասաց Մարգարյանը։

Տնօրենը պնդում է, որ բուժքույրը վաղ առավոտյան՝ ժամը 4-ի սահմաններում կատարած շրջայցի ժամանակ մտել է նաև այդ սենյակը: Ամեն ինչ նորմալ է եղել, հաղորդել են տնօրենին: Շրջայցից մեկ ժամ հետո, սակայն, աշխատակիցները տարածված ծխի հոտի պատճառով ևս մեկ անգամ այցելել են զոհերի սենյակը ու հայտնաբերել ծխախեղդ եղած կանանց մարմինները: Տնօրենը կարծում է, որ ծխահարման պատճառներից կարող է լինել էլեկտրական սալիկի վրա ընկած շորը:

«Նախնական վարկածով ասում են, որ կամ շալը, կամ սրբիչ է ընկել դրա վրա և ծխացել, ինձ անձամբ չեն թույլատրել ներս մտնել։ Փոքրիկ պլիտաներ կան, որոնց վրա իրենք սուրճ կամ թեյ են տաքացնում, ուրիշ էլ ոչինչ չկա իրենց մոտ, տուն-ինտերնատը ջեռուցվում է, ջեռուցման խնդիր չկա»,- ասաց տնօրենը։

Ներսես Մարգարյանը հավելեց՝ «մեղավոր եմ այնքանով, որ նման դեպք է տեղի ունեցել մեզ մոտ»: Հետաքրքրվեցինք, թե ինչպե՞ս է պատահել, որ մահացու ծխի տարածումը չի միացրել շենքի հրդեհային ազդարարման ինքնաշխատ համակարգը: Մարգարյանի պատասխանն էր՝ դեռ դեկտեմբերին են նկատել, որ շենքի հակահրդեհային համակարգը թերություններ ունի: Դիմել են Շիրակի մարզի հակահրդեհային ծառայություն խոտանները վերացնելու համար: Նորոգումը նախատեսված էր փետրվարին:

Այս միջադեպի առիթով Քննչական կոմիտեում հարուցվել է քրեական գործ՝ անզգուշությամբ մահ պատճառելու հատկանիշներով: Այս պահին նախաքննություն է ընթանում: Միևնույն ժամանակ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանի հրամանով՝ նշանակվել է ծառայողական քննություն, ձևավորվել է աշխատանքային խումբ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG