Մատչելիության հղումներ

Օմբուդսմենը վստահ է՝ ռուս զինվորի գործը պետք է քննի ՀՀ իրավապահ համակարգը


Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի համոզմամբ` Գյումրիի սպանդի մեջ կասկածվող ռուս զինվորի գործը պետք է քննի Հայաստանի իրավապահ համակարգը` Հայաստանի օրենքներով և Հայաստանի տարածքում:

«Սպանության հետ կապված այդ գործը ակնհայտորեն ըստ իրավունքի, ըստ օրենքի, ըստ միջազգային պայմանագրի պետք է քննի ՀՀ իրավապահ համակարգը ՀՀ տարածքում, քանի որ և կասկածյալը գտնվում է ՀՀ տարածքում, և դեպքն է տեղի ունեցել ՀՀ տարածքում։ Իրավունքի տեսանկյունից պատասխանը ակնհայտ է՝ այդ ամենը պետք է քննության ենթարկվի ՀՀ տարածքում»,- այսօր «Ազատության» հետ զրույցում ասաց Կարեն Անդրեասյանը։

Հանրության շրջանում լուրջ դժգոհություն առաջացրեց սպանդի հենց հաջորդ օրը՝ հունվարի 13-ին, Հայաստանի Գլխավոր դատախազության տարածած հաղորդագրությունը, ըստ որի հանցագործության մեջ կասկածվող Վալերի Պերմյակովը Ռուսաստանի քաղաքացի է, գտնվում է Ռուսաստանի իրավապահների հսկողության և իրավազորության ներքո, ուստի նրան Հայաստանի իրավապահների հանձնելու հարց չի քննարկվում:

Չորեքշաբթի օրը Գյումրիում՝ ռուսական 102-րդ ռազմակայանի մոտ և Երևանում տեղի ունեցան բազմամարդ բողոքի ցույցեր․ մարդիկ պահանջում են Հայաստանի իրավապահ մարմիններին հանձնել Պերմյակովին և սպանդի գործի քննությունը՝ միաժամանակ մեղադրելով Հայաստանի իշխանություններին, որ նրանք ամեն ինչ արեցին, որպեսզի փախուստի դիմած ռուս զինվորականը ի վերջո հայտնվի ռուսական ռազմաբազայում:

Օմբուդսմենից հետաքրքրվեցինք՝ ո՞ր երկրի սահմանադրությունն է գործում մեր երկրում.- «Միանշանակ է, որ ՀՀ-ում գործում է Հայաստանի սահմանադրությունը»,- պատասխանեց Կարեն Անդրեասյանը։

Հարցին, թե այդ դեպքում ինչպե՞ս է մեկնաբանում գլխավոր դատախազության հայտարարությունը, որն իր գործողությունները հիմնավորել էր ՌԴ սահմանադրությամբ, օմբուդսմենը պատասխանեց.- «Ես բազմաթիվ անգամներ եմ ասել, որ ես այլոց ասածը չեմ մեկնաբանում»։

«Չե՞ք կարծում, որ նախորդ օրերին Հայաստանի իշխանությունների քայլերի հետևանքով ոտնահարվեցին Հայաստանի քաղաքացիների իրավունքները»,- այս հարցին էլ Անդրեասյանը այսպես արձագանքեց.- «Սպասելիքներն ու կասկածները թերևս մտահոգիչ են, բայց կոնկրետ իրավունքի խախտում մենք դեռևս չենք հայտնաբերել, չունենք նման փաստեր։ Կան տարբեր վարկածներ, որոնք շրջանառվում են, և կարծում եմ՝ արդարացիորեն վրդովեցնում են մեր համաքաղաքացիներին, բայց կոնկրետ փաստեր, որ ՀՀ որևէ գերատեսչություն կամ պաշտոնյա խախտել է կոնկրետ որևէ անձի կամ մեր հասարակության իրավունքը, դեռ այս պահի դրությամբ չենք տիրապետում»։

Անդրադառնալով հարցին, թե որևէ օրենք չի խախտվե՞լ այն ժամանակ, երբ օտար պետության զինծառայողները ՀՀ տարածքում մասնակցում էին, որոնողական, օպերատիվ, հետախուզական աշխատանքներին, Անդրեասյանը ասաց՝ այդ մասին ստույգ փաստեր ու տեղեկություններ չունի։

Մեր այն դիտարկմանը, թե Պերմյակովին գտնելու՝ ռուսաստանցի զինվորականների գործողությունները, որոնք իրականացվում էին ռազմակայանից դուրս, և զինվորականներն էլ զինված էին, տեսանկարհանված է և առկա է համացանցում, Կարեն Անդրեասյանն այսպես արձագանքեց․- «Անկեղծ, ծանոթ չեմ, չեմ տեսել... ինչ վերաբերում է այդ ընդհանուր գործընթացներին, համագործակցություն կարող է լինել, տեսականորեն չի արգելված օրենսդրությամբ, որ պետությունների գերատեսչությունները համատեղ օպերացիաներ իրականացնեն, բայց թե օպերացիան ինչին է միտված եղել, ովքեր են այդ կադրերում, որոնք դուք եք տեսել, ես դրանք հիմա չեմ կարող մեկնաբանել»։

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG