Մատչելիության հղումներ

Արտասվող Մուհամեդ մարգարեն՝ «Շառլի Էբդո»-ի շապիկին


«Շառլի Էբդոյի» շապիկին գրված է «Ամենը ներված է»։
«Շառլի Էբդոյի» շապիկին գրված է «Ամենը ներված է»։

«Շառլի Էբդո»-ի դեմ իրականացված հարձակումից «փրկվածների» հրատարակությունը 5 միլիոնի հասավ։ Ֆրանսիական կրպակների մոտ այսօր առավոտից երգիծական պարբերականը ձեռք բերել ցանկացողների մեծ հերթեր են գոյացել:

Պարբերականի տպաքանակը սովորաբար 50-60 հազարից չի անցնում, հունվարի 7-ի հարձակումից հետո որոշում է կայացվել հրատարակել 3 միլիոն օրինակ: Բայց այս տպաքանակն էլ չի բավականացրել բոլոր ցանկացողներին, ուստի օրվա կեսին որոշում է կայացվել ավելացրել տպագրության ծավալները:

Ինչպես և խոստացվել էր, պարբերականի շապիկին Մուհամեդ մարգարեի ծաղրանկարն է՝ «Ես Շառլին եմ» ցուցատախտակը ձեռքին:

Թերթի շատ կրպակներ Փարիզում այսօր սովորականից շուտ են բացվել։ Թերթի կրպակի սեփականատեր Աննի Բուրժոնիեի խոսքով՝ ստացել են պարբերականի 30 օրինակ, թեև պատվիրել են 515-ը:

««Շառլի Էբդո»-ի պահանջարկը շատ մեծ է, իսկ մենք չենք կարող բավարարել բոլոր ընթերցողներին», - ասում է Բուրժոնիեն։ :

Կլոդ Դյուրանը «Շառլի Էբդո» երգիծական պարբերականն իր համար նոր է բացահայտել.- «Ինձ համար կարևոր է գնել ամսագիրը, կշարունակեմ այն ձեռք բերել, բայց նաև հաշվի առնելով պահը՝ կարծում եմ, որ յուրաքանչյուր ֆրանսիացի պետք է բաժանորդագրվի «Շառլի Էբդո»-ին»:

«Ես հատուկ վաղ արթանցա, որպեսզի գամ և գնեմ «Շառլի Էբդո»-ի օրինակը, բայց ապարդյուն: Ես հիասթափված եմ, հիմա մեքենայով կշրջեմ ու այլ տեղ էլ կնայեմ»,- ասում է մեկ այլ ընթերցող:

Փարիզցի Անժելիկ Իմերը լսել էր, որ «Շառլի Էբդո»-ն վերահրատարակելու են վաղը և հաջորդ օրը, այնպես որ հույս ուներ գնել մեկ օրինակ.- «Ծանոթներս Ֆրանսիայից դուրս՝ Միացյալ Նահանգներից և Չինաստանից, խնդրել են իրենց համար ևս ձեռք բերել մեկ օրինակ, կփորձեմ անել դա»:

Օրվա ընթացքում մեծ պահանջարկ է վայելել նաև պարբերականի անգլալեզու տարբերակը: BBC-ի հաղորդմամբ, առքուվաճառքով զբաղվող eBay ինտերնետային կայքում մեկ համարի արժեքն որոշ դեպքերում գերազանցել է 1000 ֆունտ ստերլինգը:

«Շառլի Էբդո»-ի թղթակիցների խոսքով, պարբերականի վաճառքից ստացված ողջ հասույթը կտրամադրվի փարիզյան ահաբեկչությանն ուղիղ մեկ շաբաթ առաջ զոհ գնացած լրագրողների ընտանիքներին օգնելու համար հիմնված ֆոնդին:

Միևնույն ժամանակ, խմբագրակազմի որոշումը՝ նորից հրապարակել Մուհամեդ մարգարեի ծաղրանկարները, իսլամիստական կայքերում սպառնալիքների և իսլամական աշխարհում քննադատության նոր ալիք է բարձրացրել:

«Իսլամական պետություն» ծայրահեղական ահաբեկչական խմբավորումը ծաղրանկարների հրապարակումը «հիմարագույն արարք» է որակել, իսկ Եմենում Ալ-Ղաիդայի գրասենյակը իր վրա է վերցրել «Շառլի Էբդո» պարբերականի վրա հունվարի 7-ին իրականացված հարձակման պատասխանատվությունը:

Փարիզում, ներկայացնելով ահաբեկչական հարձակումից հետո լույս տեսած առաջին համարը՝ պարբերականի ծաղրանկարիչ Ռենալ Լուզիեն ասել է.- «Առաջին էջի տեսքը որոշելիս բազմաթիվ գաղափարներ առաջարկվեցին, մնաց մեկը, որտեղ Մուհամեդ մարգարեն ասում է՝ «Ես Շառլին եմ»: Ես նայեցի պատկերին, նա լացում էր, և ես վերևից ավելացրի՝ «Ամենը ներված է», և ես լաց եղա։ Եվ դա մեր առաջին էջն էր: Վերջապես մենք գտանք այդ անիծյալ առաջին էջը: Սա այն չէր, ինչ աշխարհը մեզնից սպասում էր, բայց այն էր, ինչ մենք էինք ցանկանում»:

«Ահաբեկիչները նույնպես չէին ուզենա նման առաջին էջ տեսնել, որովհետև այնտեղ չկա ահաբեկիչ, ուղղակի պատկերված է արտասվող տղամարդ: Դա Մուհամեդ մարգարեն է։ Կներեք, որ նորից ենք նրան պատկերել, բայց այս Մուհամեդը, որին պատկերել ենք, առաջին հերթին, արտասվող տղա է»,- ասել է Լուզիեն։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG