Մատչելիության հղումներ

ԵԱՀԿ-ն դեռ չի արձագանքել շփման գծում դիտորդների ուղղությամբ կրակոցի միջադեպին


Մի քանի ժամ առաջ Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի շփման գծում դիտարկում իրականացնող ԵԱՀԿ դիտորդների ուղղությամբ կրակոց է արձակվել։ Ղարաբաղի արտաքին գործերի նախարարության հաղորդագրության համաձայն կրակը արձակվել է ադրբեջանական կողմից։

Դիտարկումը կատարվում էր Հադրութի ուղղությամբ, դրա համար երկու կողմերի միջև նախնական համաձայնություն էր ձեռք բերվել։

Պաշտոնական Ստեփանակերտը նշում է, որ երբ դիտորդները դուրս են բերվել առաջնագիծ, ադրբեջանական կողմից արձակված կրակոցի պատճառով ԵԱՀԿ ներկայացուցիչները որոշել են դադարեցնել դիտարկումը։

Պաշտոնական Բաքուն պնդում է, որ կրակը արձակվել է հայկական կողմից։ Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների, երկրի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ դիտարկումը խափանվել է հայկական կողմից արձակված կրակի պատճառով։

ԵԱՀԿ-ն միջադեպին դեռևս չի արձագանքում։ «Ազատության» հարցմանը ի պատասխան ԵԱՀԿ Վիեննայի կենտրոնական գրասենյակից փոխանցեցին, որ միջադեպի մասին իրենց մեկնաբանությունը կփոխանցեն որքան հնարավոր է շուտ։

Ստեփանակերտում վստահ են, որ սա Բաքվի կողմից տարիներ շարունակ տարվող քաղաքականության արդյունք է, որը առողջ տրամաբանության մեջ չի տեղավորվում։ Ղարաբաղի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Դավիթ Բաբայանի խոսքով, դիտորդների վրա կրակ արձակելով՝ Ադրբեջանը անգամ իր համար որևէ առավելություն չի ձեռքբերում։

«Ցույց է տալիս իրենց անհարգալից վերաբերմունքը դիտորդական առաքելության նկատմամբ, միջնորդ երկրների ջանքերի, բայց որևէ նույնիսկ իրենց պետության շահերից չի դա բխում: Եթե առողջ տրամաբանությամբ մտածենք, դա անհասկանալի, աննորմալ քայլեր են դրանք», - ասաց Բաբայանը:

Պաշտոնական Բաքվի արձագանքը Ղարաբաղում սովորական են համարում։ Դավիթ Բաբայանի խոսքով բազմաթիվ նմանատիպ դեպքեր են եղել, երբ Ադրբեջանական կողմից կրակել են, իսկ հետո մեղադրել հայկական կողմին։ Բաբայանը հուսով է, որ գոնե այս անգամ, թեկուզ ոչ պաշտոնապես, բայց ԵԱՀԿ-ն կհասկացնի Ադրբեջանին նման գործելաոճի անընդունելիությունը։

«Այսպիսի գործողությունները կամա, թե ակամա վնասում են բանակցային գործընթացին: Ստացվում է, որ նրանք անհարգալից վերաբերմունք են ցուցաբերում այն բոլոր ջանքերին, որն իրականացնում է ԵԱՀԿ-ն և Մինսկի խումբը տարածաշրջանում կայունություն և խաղաղություն ապահովելու համար: Փաստորեն նրանք վտանգում են նաև այդ առաքելության աշխատանքը», - նշեց Դավիթ Բաբայանը:

Պաշտոնական Երևանը նույնպես դատապարտում է ԵԱՀԿ դիտորդների ուղղությամբ կրակելու փաստը։

«Ազատության» հետ զրույցում արտգործնախարարության խոսնակ Տիգրան Բալայանը ասաց, որ իրենք պաշտպանում են Լեռնային Ղարաբաղի տեսակետը։

«Սա ադրբեջանական կողմից կազմակերպված հերթական արանքներից է, տեղավորվում է այդ տրամաբանության մեջ և ևս մեկ ազդակ է միջազգային հանրության համար սթափեցնելու ադրբեջանական օրեցօր իրականության զգացումը կորցնող իշխանությանը», - նշեց Տիգրան Բալայանը:

XS
SM
MD
LG