Մատչելիության հղումներ

Ռուսական մամուլը Գյումրիի միջադեպի մասին


Մոմավառություն ի հիշատակ Գյումրիում սպանդի զոհ դարձած Ավետիսյանների ընտանիքի անդամների, Երևան, 13-ը հունվարի, 2015թ.
Մոմավառություն ի հիշատակ Գյումրիում սպանդի զոհ դարձած Ավետիսյանների ընտանիքի անդամների, Երևան, 13-ը հունվարի, 2015թ.

«Ռոսիյսկայա գազետա»-ն գրում է. - «Եթե դատարանը մեղավոր ճանաչի Վալերի Պերմյակովին, ապա թե՛ հայկական, թե՛ ռուսական օրենքներով նրան խիստ պատիժ է սպասում՝ ընդհուպ ցմահ ազատազրկում: Տարբերությունը միայն այն է, թե վերջնական վճիռը որ կողմի դատարանը կկայացնի: Իսկ դա արդեն կախված է հետաքննության «աշխարհագրությունից»:

«Նեզավիսիմայա գազետա»-ն, վկայակոչելով Հայաստանի փոխոստիկանապետ Հունան Պողոսյանին, գրում է, որ Պերմյակովի դեմ երկու քրեական գործ է հարուցված՝ մեկը՝ հայկական կողմից, մյուսը՝ ռուսական։ Դրանք միացվելու են, ինչից հետո կորոշվի, թե որ կողմն է վարելու միացված գործը: «Նեզավիսիմայա գազետա»-ն տեղեկացնում է, որ Պերմյակովը ցուցմունքներ է տվել ռուսական կողմի հարուցած գործի շրջանակում:

«Հայ ընտանիքի համար զինվորը պատասխան կտա Ռուսաստանի առաջ» վերնագրի ներքո «Կոմերսանտ»-ը հստակեցնում է. - «Պերմյակովին Հայաստանին չեն հանձնի»:

НТВ-ն նշում է, որ Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը կոչ է արել չքաղաքականացնել միջադեպն ու դրա մեջ հայ - ռուսական հարաբերությունները փչացնելու նոտաներ չփնտրել:

Մեջբերված են նաև Գյումրիում Ռուսաստանի գլխավոր հյուպատոս Եվգենի Կոնիշևի խոսքերը. - «Հայ ժողովրդի հետ մեզ կապում է բազմադարյա բարեկամությունն ու եղբայրությունը, սա մեր ընդհանուր ցավն է, և մենք սգում ենք ձեզ հետ միասին: Քննչական մարմինները հետաքննություն են անցկացնում, ամենասեղմ ժամկետներում կպարզվեն հանցագործության բոլոր հանգամանքները, և մեղավորները ամենախիստ պատիժը կստանան»:

«Էքսպերտ օնլայն» կայքը ընդգծում է. - «Փորձեր են արվում Գյումրիի ողբերգությունը քրեական հարթությունից տեղափոխել քաղաքական հարթություն: Հայաստանցի մի շարք ակտիվիստեր այն շահարկում են երկրում հակառուսական տրամադրություններ սերմանելու համար»:

«Ընդդիմության մի մասը, ինչպես նաև իրենց քաղաքագետներ համարող որոշ ակտիվիստներ, որոնք դրսի գումարների, հայրենասիրության ավելցուկի կամ խելքի պակասի պատճառով ակտիվորեն հանդես են գալիս Ռուսաստանի հետ միությունից Հայաստանին կտրելու համար, այս միջադեպում հակառուսական տրամադրությունները բարձրացնելու շանս տեսան: Ողբերգությունը նրանք համարում են ևս մեկ ապացույց հարաբերությունները խզելու և Գյումրիից ռուսական ռազմաբազան հանելու համար (որը ոչ միայն կերակրում է քաղաքի բնակչության զգալի մասին, այլ նաև հայկական անկախությունը պաշտպանող առանցքային գործիքներից է)», - գրում է «Էքսպերտ օնլայն»-ը՝ ամփոփելով. - «Ամեն դեպքում, Մոսկվան պետք է առավելագույն զգոնություն ցուցաբերի և գործի օրենքի ողջ խստությամբ: Թեկուզ նրա համար, որ հնարավորություն չտրվի հակառուսական հայ ակտիվիստներին ազգային հպարտություն խաղալ այնտեղ, որտեղ այն ընդհանրապես տեղին չէ: Հայ ժողովրդի համար իրական վիրավորանքը կլինի ռուսական կողմի ոչ պատշաճ ու կողմնակալ հետաքննությունը, այլ ոչ թե հենց հետաքննության փաստը»:

«Լայֆ նյուս»-ը, որը հարցազրույցներ է վերցրել Վալերի Պերմյակովի հարազատներից, հաղորդում է, որ այսօր նրանք կարողացել են կապ հաստատել Գյումրիի ռազմակայանի հրամանատարության հետ, բայց վերջիններս չեն մեկնաբանում իրավիճակը` հաշվի առնելով հետաքննության գաղտնիությունը:

«Լայֆ նյուս»-ը ևս նշում է, որ հանցագործության շարժառիթը մինչև հիմա պարզ չէ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG