Մատչելիության հղումներ

Բողոքի ակցիաներ Գյումրիում


Բողոքի ակցիայի մասնակիցները Շիրակի մարզպետարանի շենքի մոտ, Գյումրի, 14-ը հունվարի, 2015թ.

Բողոքի ակցիայի մասնակիցները Շիրակի մարզպետարանի շենքի մոտ, Գյումրի, 14-ը հունվարի, 2015թ.

Ժամեր առաջ գյումրեցիները բողոքի ավտոերթով ուղղվեցին դեպի Ռուսաստանի Դաշնության հյուպատոսարան՝ պահանջելով Ավետիսյանների ընտանիքի անդամներից 6-ին սպանելու և մի քանի ամսական փոքրիկին ծանր վիրավորելու համար կասկածվող Վալերի Պերմյակովին և գործի քննությունը հանձնել հայկական կողմին։

Իրավապահները թույլ չտվեցին մոտենալ հյուպատոսարանին, ցուցարարները հավկիթներ շպրտեցին շենքի ուղղությամբ, հաջորդեց հրմշտոց, ապա ակցիայի մասնակիցները ուղղվեցին դեպի Շիրակի մարզպետարան: Այստեղ նրանք ռուսերեն «Կոշկին դոմ» գրությամբ թղթեր փակցրեցին ապակիներին, ինչին ևս հաջորդեց հրմշտոց ոստիկանների հետ։

Այնուհետև ցուցարարները շարժվեցին դեպի Շիրակի մարզի դատախազության շենք։ Այստեղ նրանց խոստացան քիչ ավելի ուշ հանդես գալ հայտարարությամբ։ Ակցիայի մասնակիցները դեռ դատախազության շենքի մոտ են։

Երեկ Հայաստանի գլխավոր դատախազությունը հայտնեց, որ Գյումրիում տեղի ունեցած սահմռկեցուցիչ հանցագործության հիմնական կասկածյալին Հայաստանի իրավապահներին հանձնելու հարց չի քննարկվում, փաստարկելով, թե Պերմյակովը Ռուսաստանի քաղաքացի է, և այդ երկրի Սահմանադրության համաձայն չի կարող հանձնվել այլ պետության։

Հունվարի 12-ի առավոտյան Գյումրիում սպանվեցին Մյասնիկյան փողոցի թիվ 188 տանը բնակվող Սերյոժա Ավետիսյանը և ընտանիքի հինգ անդամները։ Հիմնական կասկածյալը Հայաստանում ռուսական 102-րդ ռազմակայանի ռուս զինծառայող Վալերի Պերմյակովն է, ով մինչ դեպքը փախուստի էր դիմել զորամասից: Նույն օրը ուշ երեկոյան ռուս սահմանապահները հայ - թուրքական սահմանի մոտ հայտնաբերեցին և ձերբակալեցին Պերմյակովին։

Քիչ առաջ Հայաստանի քննչական կոմիտեն հայտնեց, որ որոշում է կայացրել Պերմյակովին Հայաստանի քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով՝ երկու կամ ավելի անձանց սպանության մեղադրանքով որպես մեղադրյալ ներգրավելու մասին, Գլխավոր դատախազությունն էլ տեղեկացրեց, որ Հայաստանի օրենսդրությամբ իրեն վերապահված լիազորությունների շրջանակում շարունակում է հսկողություն իրականացնել նախաքննության օրինականության նկատմամբ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG