Մատչելիության հղումներ

Հարցում Թուրքիայում․ Հայոց ցեղասպանության ճանաչմանը կողմ է 9.1 տոկոսը


Թուրքիա - Տեսարան Ստամբուլից

Թուրքիա - Տեսարան Ստամբուլից

Փորձագետների մեջ, սակայն, զգալիորեն ավելի շատ են հայերի ցեղասպանությունը ճանաչելու և ներողություն խնդրելու կողմնակիցները՝ 19 տոկոս:

Թուրքիայում անցկացված հանրային հարցումների համաձայն, ընդամենը 9.1 տոկոսն է գտնում, որ Թուրքիան պետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունը և ներողություն խնդրի, ևս 9 տոկոսը կարծում է, որ Թուրքիան պետք է ներողություն խնդրի, բայց հայերի ցեղասպանությունը չճանաչի:

Հարցվածների 12 տոկոսի կարծիքով, Թուրքիան պետք է ափսոսանք հայտնի 1915 թվականին զոհված հայերի համար, բայց ներողություն չպետք է խնդրի:

23 տոկոսը գտնում է, որ 1915 թվականին միայն հայեր չեն զոհվել, և Թուրքիայի կառավարությունը պետք է ափսոսանք հայտնի ոչ միայն հայերի, այլև օսմանյան բոլոր քաղաքացիների կյանքի կորստի համար:

21 տոկոսի կարծիքով` ոչինչ պետք չէ անել:

Հարցումները 2014 թվականի նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին անցկացրել է Տնտեսական և արտաքին քաղաքականության ուսումնասիրությունների կենտրոնը (EDAM), որի գրասենյակը գտնվում է Ստամբուլում: Հարցումներին մասնակցել է 1508 մարդ:

Նույն հարցերի շուրջ ներկայացված են նաև քաղաքական հիմնական ուժերի կարծիքները:

Չորս հիմնական կուսակցությունների՝ իշխող «Արդարություն և զարգացում», ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետական և «Ազգայնական շարժում» ու քրդամետ «Խաղաղություն և ժողովրդավարություն» կուսակցությունների կարծիքները համախմբված ներկայացնենք ըստ արդյունքների.

Ճանաչել Հայոց ցեղասպանությունը և ներողություն խնդրել՝ սրան համաձայն է իշխող կուսակցության ներկայացուցիչների 7 տոկոսը, ընդդիմադիր կուսակցության՝ գրեթե 9 տոկոսը, ազգայնականների՝ 4.5 տոկոսը, քրդամետ կուսակցության՝ 24 տոկոսը:

Ներողություն խնդրել, բայց չճանաչել ցեղասպանությունը, այսինքն՝ ներողությունը բավարար է՝ սրան իշխող կուսակցությունում համաձայն է 7 տոկոսը, ընդդիմադիր կուսակցությունում՝ 13.5 տոկոսը, ազգայնականների՝ 4 տոկոսը, նույն 4 տոկոսն էլ՝ քրդամետ կուսակցությունում:

Երրորդ տարբերակը՝ ափսոսանք հայտնել, բայց ներողություն չխնդրել՝ նման տեսակետ իշխող կուսակցությունում պաշտպանում է 9 տոկոսը, ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետականում՝ 16.5 տոկոսը, ազգայնականների 13 տոկոսը, քրդամետ կուսակցությունում՝ 7 տոկոսը:

Չորրորդ տարբերակն ամենաշատ աջակիցներն ունի՝ 1915 թվականին միայն հայեր չեն զոհվել, ու Թուրքիայի կառավարությունը պետք է ափսոսանք հայտնի ոչ միայն հայերի, այլև բոլոր զոհվածների համար․ սրան համաձայն է իշխող կուսակցության ներկայացուցիչների 26 տոկոսը, ընդդիմության՝ 17 տոկոսը, ազգայնականների՝ 22.5 տոկոսը, քրդամետների՝ 40 տոկոսը:

Եվ վերջին տարբերակը՝ ոչինչ պետք չէ անել․ այս կարծիքին են իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության անդամների 21 տոկոսը, ընդդիմադիր ժողովրդա-հանրապետականների՝ 20 տոկոսը, ազգայնականների՝ 28 տոկոսը, քրդամետների՝ 8.5 տոկոսը:

Տնտեսական և արտաքին քաղաքականության ուսումնասիրությունների կենտրոնը նույն հարցերով դիմել է նաև արտաքին քաղաքականության 150 փորձագետների: Նրանց պատասխաններում ամենաէական տարբերությունն այն է, որ փորձագետների ընդամենը մեկ տոկոսն է գտնում, որ ոչինչ պետք չէ անել:

Փորձագետների մեջ զգալիորեն շատ են հայերի ցեղասպանությունը ճանաչելու և ներողություն խնդրելու աջակիցները՝ գրեթե 19 տոկոսն այդ կարծիքն է հայտնել, 26 տոկոսի կարծիքով՝ ներողությունը բավարար է՝ պետք է ներողություն խնդրել առանց ուրիշ քայլեր կատարելու, 17 տոկոսի կարծիքով՝ ափսոսանք հայտնել, բայց ներողություն չխնդրել, իսկ ավելի քան 36.5 տոկոսի կարծիքով՝ 1915 թվականին միայն հայեր չեն զոհվել, և պետք է ափսոսանք հայտնել բոլոր զոհվածների համար:

Հարցումների արդյունքները հրապարակվել են երեքշաբթի օրը՝ հունվարի 13-ին։ Այն տեղադրված է հետազոտական կենտրոնի կայքում:

France-Presse-ը այս հարցումներից համառոտ տվյալներ ներկայացնելով նշում է, որ Թուրքիան մերժում է հայերի ցեղասպանությունը ճանաչելու կոչերը՝ պնդելով, որ ավելի քան կես միլիոն հայեր մահացել են պատերազմական գործողությունների և սովի պատճառով այն բանից հետո երբ անցել են ռուսական զորքերի կողմը, և որ այդ իրադարձություններում թուրքերը ևս զոհեր են տվել:

Անցյալ տարի Թուրքիայի ներկայիս նախագահ Ռեջեփ Էրդողանը, ով այն ժամանակ վարչապետ էր, հանդես եկավ աննախադեպ նախաձեռնությամբ՝ ցավակցություն հայտնելով 1915 թվականի կոտորածների զոհերի հետնորդներին, բայց հայերը սա բավարար չեն համարում՝ պնդելով, որ 1915-ին մեկուկես միլիոն հայերի մահը պետք է ընդունվի որպես ցեղասպանություն:

XS
SM
MD
LG