Մատչելիության հղումներ

Stratfor. 2015-ին Ադրբեջանը կփորձի փոխել ստատուս քվոն Ղարաբաղի հարցում


Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակը զորավարժություններ է անցկացնում, նոյեմբեր, 2014թ․

Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակը զորավարժություններ է անցկացնում, նոյեմբեր, 2014թ․

2015-ին Ադրբեջանը կփորձի փոխել Լեռնային Ղարաբաղի հարցում ստատուս քվոն՝ առաջնագծում ռազմական առավել մեծ ակտիվություն դրսևորելով: Այնուհանդերձ, քիչ հավանական է, որ սահմանային լարվածությունը վերաճի լայնամասշտաբ ռազմական գործողությունների, կանխատեսել են ամերիկյան Stratfor հետազոտական կենտրոնի փորձագետները:

Նրանք նկատում են, որ առավելապես կենտրոնացած լինելով ներքին և տնտեսական հարցերի վրա՝ Ռուսաստանն էլ դժվար թե խառնվի հակամարտությանը: Այնուամենայնիվ, ըստ ԱՄՆ-ում գործող կենտրոնի կանխատեսման, Ուկրաինայի հարցում Ռուսաստանի և Արևմուտքի հակասությունները այս տարի կշարունակեն տարածվել նախկին սովետմիության երկրների վրա:

Հակադրվելով Ուկրաինայի, Մոլդովայի և Վրաստանի ջանքերին՝ առավել մոտենալու Արևմուտքին, Ռուսաստանը Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի ու Ղրղըզստանի հետ նախաձեռնեց Եվրասիական տնտեսական միությունը: Միությունը կավելացնի Ռուսաստանի հետ անդամ երկրների տնտեսական ու անվտանգության ոլորտներում ինտեգրումը, բայց և առևտրի, դրամական փոխանցումների հարցում Ռուսաստանից կախյալություն ունեցող Եվրասիական միության անդամ երկրները իրենց վրա անկասկած կզգան ռուսական տնտեսական ճգնաժամը: Այս տնտեսական թուլացումը, Stratfor-ի հրապարակած զեկույցի համաձայն, շատ հնարավոր է, որ սոցիալական խռովությունների, բողոքի ցույցերի առիթ դառնա:

Stratfor-ը 2015-ին Ռուսաստանի տնտեսության առողջացում չի կանխատեսել: «Ռուսաստանի տնտեսության անկումն այս տարի էլ կշարունակվի, բայց 1998-ի ճգնաժամին չի հասնի», - ասված է զեկույցում: «Ռուսաստանն այլ երկրներից ավելի լավ կարող է տանել «տնտեսական ցավերը», բայց էներգակիրներից ստացվող եկամուտների խիստ կրճատում, գումարած պատժամիջոցներ՝ անգամ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի համար են շատ», - կարծում են կենտրոնի փորձագետները: Ուստի եվրոպացիների հետ պատժամիջոցների թուլացման հարցը կարգավորելու համար Կրեմլը կշարունակի օգտագործել էներգակիրների հարցը: Այնուհանդերձ, Ամերիկան այդքան շուտ չի հանձնվի, կշարունակի ռազմական հարաբերություններ զարգացնել նախկին սովետմիության երկրների հետ: Ռուսաստանի և Արևմուտքի հարաբերություններում լարվածության աճ, սակայն, Stratfor-ը չի կանխատել:

Տարին անհաջողություններով սկսած Ռուսաստանը, ըստ արևմտյան վերլուծաբանների, իր ուշադրությունն այս տարի առավելապես ներքին խնդիրների վրա կսևեռի՝ խուսափելով Ուկրաինայի, ինչպես նաև արևմտյան ազդեցության տակ հայտնված Մոլդովայի և Վրաստանի նկատմամբ լայնամասշտաբ ռազմական գործողություններից: Բայց ճնշումներն էլ չի դադարեցնի՝ օգտագործելով իր ռազմական ներկայությունն անջատողական տարածքներում, տարաբնույթ բողոքի ցույցերը, ինչպես նաև՝ ընդդիմադիր խմբերին:

Եվրոպական պատժամիջոցների երկարաձգումը, որը Եվրամիության անդամ 28 երկրների հաստատումը կպահանջի, Stratfor-ը քիչ հավանական է համարել:

Ուկրաինայով տարանցման հարցը շրջանցելու համար թե՛ ռուսները և թե՛ եվրոպացիները էներգետիկ այլընտրանքային ծրագրեր կորոնեն: Stratfor-ի կարծիքով՝ Ռուսաստանն առավել կամրապնդի էներգետիկ հարաբերությունները Թուրքիայի հետ, Եվրոպան կսիրաշահի Ադրբեջանին և Թուքմենստանին՝ Հարավային միջանցքի ծրագրերին մասնակից դարձնելու համար:

Stratfor-ի կանխատեսմամբ՝ չնայած Միացյալ Նահանգներն ու Թուրքիան մի շարք հարցերում միևնույն շահերն ունեն, 2015-ին նրանց համագործակցությունը լարված կմնա: Ռուսաստանին սանձահարելու ԱՄՆ-ի ջանքերից Թուրքիան հեռու կմնա՝ նախընտրելով պահպանել Ռուսաստանի և Արևմուտքի միջև հավասարակշռությունը:

XS
SM
MD
LG