Մատչելիության հղումներ

Ֆրանսիական «Շառլի Էբդո» երգիծական շաբաթաթերթի դեմ ահաբեկչական հարձակումից հետո Փարիզի համերաշխության ցույցին մասնակցում էին նույնիսկ քաղաքական լուրջ տարաձայնություններ ունեցող երկրների առաջնորդներ, ինչպես, օրինակ, Իսրայելի վարչապետ Բենյամին Նաթանյահուն և պաղեստինցիների առաջնորդ Մահմուդ Աբասը։

Ու քանի որ ԱՄՆ-ը այդ ցույցին ներկայացել էր միայն Ֆրանսիայում իր դեսպանի և Եվրոպայի հարցերով Պետդեպարտամենտի ավագ դիվանագետի մակարդակով, Սպիտակ տունը շատ արագ հայտնվեց սուր քննադատությունների ներքո։ Սպիտակ տան խոսնակ Ջոշ Ըրնեսթն էլ ընդունեց, որ Ամերիկան պիտի Ֆրանսիա ուղարկեր ավելի բարձրաստիճան ներկայացուցիչների։

Օբաման առաջիններից մեկն էր, ով իր ցավն արտահայտեց Ֆրանսիայում կատարվածի կապակցությամբ, սակայն հարձակմանը հաջորդած օրերի ընթացքում նա հիմնականում զբաղված էր Ամերիկայի տարբեր քաղաքներ այցելություններ կատարելով, որոնց նպատակը երկրում տնտեսության վերականգնման գործընթացը ներկայացնելն էր։

Ճիշտ է, իր այս այցերի շրջանակներում նա նորից հանդես եկավ Ֆրանսիայի ժողովրդին աջակցելու մասին հայտարարություններով, սակայն այն փաստը, որ նա կամ փոխնախագահը Փարիզ չմեկնեցին, դարձավ Օբամայի նկատմամբ քննադատությունների նոր ալիքի պատճառ։

Սպիտակ տունը դա բացատրում է այն ժամանակի սղությամբ, որն անհրաժեշտ է նախագահի կամ փոխնախագահի որևէ այցի նախապատրաստական աշխատանքների համար։ Սպիտակ տան խոսնակը հիշեցնում է, որ նման այցերի համար հարկավոր են անվտանգության հսկայական միջոցառումներ, հատկապես այն այցերի, որոնց ժամանակ ներկա է լինում նման հոծ բազմություն։

Սակայն ինչպես վերլուծաբաններն են ասում՝ նման օրերին իրականացվող վճռական քայլերն են դառնում խորհրդանշական ու մտնում պատմության մեջ։ Չի կարելի մոռանալ, ասում են նրանք, որ սեպտեմբերի 11-ի ահաբեկչական հարձակումներից հետո ԱՄՆ այց կատարած առաջին ղեկավարներից մեկը Ֆրանսիայի այն ժամանակվա նախագահ Ժակ Շիրակն էր։
Սպիտակ տունն այսօր կանգնում է ավելի մեծ դժվարությունների առջև, քանի որ չի կարողանում տալ բացատրություն այն հարցին, թե ինչո՞ւ համերաշխության ցույցին չմասնակցեց գոնե ԱՄՆ-ի արդարադատության նախարար Էրիք Հոլդերը, որը կիրակի օրը Փարիզ էր ժամանել ահաբեկչությունների շուրջ բանակցություններ անցկացնելու նպատակով։

Ինչևէ, պետքարտուղար Ջոն Քերրին այս շաբաթվա վերջին կմեկնի Ֆրանսիա, սակայն, ասում են վերլուծաբանները, ինքը նախագահը բաց է թողել խորհրդանշական, սակայն կարևոր մի հնարավորություն։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG