Մատչելիության հղումներ

Աչքը վնասած աշակերտի ծնողները պահանջում են ուսուցչին պատասխանատվության ենթարկել


Սևանի ավագ դպրոցի 8-րդ դասարանի աշակերտ Մեսրոպ Խաչատրյանի ծնողները պնդում են, որ ֆիզիկայի ուսուցիչը կախիչով հարվածել է իրենց 13-ամյա որդու աչքին:

Երկու ծանր վիրահատությունից հետո բժիշկները փոխանցել են, որ երեխայի վնասված աչքի տեսողությունը վերականգնել հնարավոր չէ:

Հորեղբայրը պնդում է, որ երեխային ուսուցիչն է հարվածել, տնօրենին էլ մեղադրում է, թե ստիպել է, որպեսզի երեխաները չպատմեն եղելությունը:

«Տիկին տնօրենը ծնողների ժողով է անում ու վախեցնում է, որ ցուցմունքը փոխեն: Դու ինադու ասել ես՝ գնալու եմ խփեմ, մտնի պատը, գնացել ես ու հրել ես վրան: Երեխաները սկզբից ցուցմունք են տվել, որ դասատուն է արել, ժողովից հետո երեխեքը վախում են», -ասաց Մեսրոպ Խաչատրյանի հորեղբայրը:

Վիրակապած աչքով և արդեն մեկ ամիս բժիշկների վերահսկողության տակ գտնվող Մեսրոպն էլ պնդեց, թե ուսուցիչն է հարվածել, ինքն ընդամենը առանց թույլտվություն խնդրելու փորձել է վերցնել բաճկոնը, ուսուցիչը մոտեցել է իրեն ու կախիչով հարվածել է աչքին:

«Մոտեցա, մտա հետևի կողմը, որ շորս հագնեմ ու էդ վախտ տեսա, որ ինքը ինձ տեսավ, ու ես լսեցի, ինքը ոնց ա ասում՝ հեսա խփում եմ, մտնես պատի մեջ: Շորերի արանքից ես նկատեցի, որ ինքը եկավ հասավ իմ վրա: Ես պատկերացրի, որ հեսա թևիցս կքաշի կհանի դուրս, ես էն մի կողմում փախնեմ: Էդ պահին կախիչը սուր կողմով մտավ աչքս: Ես տեսա, որ ինքը ձեռքով հրեց վրաս», - պատմես Մեսրոպը:

Ուսուցչուհին՝ Հասմիկ Մարգարյանը, սակայն, չի ընդունում մեղադրանքները: Պնդում է, որ գրատախտակի մոտ կանգնած աշակերտի հետ խոսելով հետքայլով մոտեցել է կախիչին: Ուսուցչուհին մինչև հիմա չի պատկերացնում՝ ինչպես կարող էր դպրոցական ծանր, և սուր ծայրերով կախիչն ընկել իր վրա՝ վնասելով նաև երեխային:

«Տեսա կախիչը հետ ա գալիս ու ես բռնել եմ ու նենց ծանրություն ա, որ չեմ կարողանում ես իրան պահեմ: Սենց մի հատ թափ տվեցի, կախիչը ընգավ տեղը ու ոնց որ ալիք անցներ միջով, վախեցած ձեռքս թողեցի, լսեցի, վայ աչքս: Կռացա նայեցի, տեսա Մեսրոպը բերանքսիվայր ընկածա: Ես չեմ հասկանում՝ ինչի ա ընգել: Հետո որ տեսա արյուն ա գնում, մի, չգիտեմ ինչ ձևով ղժացել եմ Մեսրոպ նույնիսկ, կարելի ա ասել, անասնական ձայնով: Ես նենց ահավոր պահեր եմ ապրել ստեղ մենակ: Ես գժվում էի, չգիտեմ ինչ էի անում», - ասաց ուսուցչուհին:

Երեխայի մայրը՝ Էլմիրա Գևորգյանը պահանջում է, որ ուսուցչուհին պատժվի օրենքի ողջ խստությամբ: Մտավախություն ունի, որ դպրոցի տնօրինությունը կարող է ազդել գործի արդար քննության վրա: Ասում է, որ որդու դասընկերներն ու ծնողները խուսափում են շփվել իրենց հետ, անգամ ցույց տվեց որդու դասընկերներից ստացված հեռախոսային հաղորդագրությունը, որում գրված էր․ «Մեզ չեն թողնում խոսենք»:

«Նրանց վախեցրել են, հիմա էլ սկսել են սուտ լուրեր տարածել: Հայրը, աչքը ձեռքի մեջ պահած, երեխուն հասցրել է հիվանդանոց: Նորմալ առողջ երեխային ուղարկես դպրոց ու հաշմանդամ հետ ստանաս: Մի ամիս հիվանդանոցներում կոտորվելուց հետո, երեխու տանջանքը, չարչարանքը, արցունքները, հոգեբանական ու ֆիզիկական ապրումները, էդ ամեն ինչից հետո գանք տուն ու պարզենք, որ փաստորեն, լրիվ ծածկում են, գնա: Գործը կոծկում են, տնօրինությունը դպրոցի», - մտահոգված է մայրը:

Տնօրեն Լիանա Մկրտչյանը ձեռնպահ է մնաց կատարվածում որևէ մեկին մեղադրել:

«Մեր երեխան ա, մենք բոլորս ցավում ենք երեխայի համար: Լացելով ճանապարհել ենք: Պաշտպանելու խնդիր չկա ստեղ, հասկանում եք, երկուսն էլ իմն են՝ մեկը ուսուցիչն է, մեկը աշակերտն է, ես ո՞նց կարող եմ մեկին գցել, մեկին բռնել», - ասաց տնօրենը:

Քննչական կոմիտեից տեղեկացանք, որ դեկտեմբերի 9-ին կատարված դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ: Չնայած երեխայի պնդումներին, թե իրեն հարվածողն ուսուցիչն է եղել, վերջինս այս պահին գործով միայն որպես վկա է անցնում և մինչև երեկ շարունակում էր դասավանդել դպրոցում:

Մեր անդրադարձից հետո Կրթության և գիտության նախարարությունից այսօր փոխանցեցին, որ ուսուցչուհին վաղվանից դպրոց չի մտնի, մինչև գործի քննության ավարտը: Երեխայի ստացած ծանր վնասվածքների մասին դեռ չեն խոսում նաև Քննչական կոմիտեում, սպասում են փորձագիտական եզրակացություններին:

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG