Մատչելիության հղումներ

Գյումրու սպանդը վերապրած երեխան տեղափոխվել է Երևան


Բժիշկները ծայրահեղ ծանր են գնահատում Գյումրու Ավստրիական մանկական հիվանդանոցից այսօր Երևան տեղափոխված վեց ամսական Սերյոժա Ավետիսյանի վիճակը:

Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոնի տնօրեն Նիկոլայ Դալլաքյանը, ով տեղափոխման ամբողջ ընթացքում երեխայի հետ է եղել, ասում է, որ արել, անում և անելու են ամեն հնարավորը նրա կյանքը փրկելու համար:

«Վիճակը ծայրահեղ ծանր եղել է և շարունակում է մնալ», - «Ազատության» հետ զրույցում ասաց Դալլաքյանը: - «Հաջողվել է ապահովել տեղափոխումը արհեստական շնչառության ապարատով Գյումրիից Երևան: Հետագա բուժման ընթացքում Հայաստանի բոլոր ռեզերվները և հնարավորությունները օգտագործելու նպատակով երեխան տեղափոխվել է Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոն, որպեսզի կարողանանք շարունակել պայքարը երեխայի կյանքի համար»:

Նրա խոսքով, թեև երեխան ներքին վնասվածքներ չունի, բայց ծանր վիճակում է, քանի որ շատ ուշ է բժշկական օգնություն ստացել, ժամեր շարունակ արյուն է կորցրել ու մրսել:

Դեպքը, ըստ իրավապահների, տեղի է ունեցել առավոտյան 6-ի սահմաններում, իսկ երեխան հիվանդանոց է տեղափոխվել կեսօրին մոտ:

Երևանում երեխային այցելել է Առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը:

Լրագրողների հետ զրույցում նա ասաց․ - «Հագեցվածությամբ ավելի բարձր հնարավորություններ ունեցող կենտրոն է տեղափոխվել երեխան, և մեր առաջատար մասնագետների հետ համատեղ կոնսիլիում է հրավիրվել: Ժամը չորսն անց կես երկրորդ կոնսիլիումը կլինի: Ես այդտեղ եմ լինելու: Հուսով եմ, որ մեր բոլոր նշանակումները և մեր կատարած աշխատանքները կլինեն արդյունավետ»:

Հիշեցնենք, որ երեկ կրծքի շրջանում կտրող-ծակող գործիքով ծանր վնասվածք ստացած վեց ամսական երեխային երեկ Գյումրիում վիրահատել էին:

Երեկ առավոտյան Գյումրիում սպանվել են Մյասնիկյան փողոցի թիվ 188 տանը բնակվող Սերյոժա Ավետիսյանը և ընտանիքի հինգ անդամները՝ կինը՝ Հասմիկ Ավետիսյանը, դուստրը՝ Աիդա Ավետիսյանը, որդին՝ Արմեն Ավետիսյանը, որդու կինը՝ Արաքսյա Ավետիսյանը և թոռը՝ Հասմիկ Ավետիսյանը: Ընտանիքից կենդանի է մնացել միայն վեց ամսական Սերյոժա Ավետիսյանը,ում իրավապահները հայտնաբերել են վիրավոր՝ կրծքի շրջանում կտրող, ծակող գործիքով ծանր վնասված։

XS
SM
MD
LG