Մատչելիության հղումներ

Հայկական դիրքերի ուղղությամբ այս գիշեր ևս ինտենսիվ կրակոցներ են հնչել


Հայկական դիրքերի ուղղությամբ Տավուշի մարզի հատվածում այս գիշեր ևս ինտենսիվ կրակոցներ են հնչել։

Բաղանիս գյուղի հարևանությամբ գտնվող Երևան-Թբիլիսի միջպետական ճանապարհը շարունակում է փակ մնալ։ Այստեղ երկու օր առաջ ադրբեջանական դիվերսիոն հարձակման հետևանքով գյուղացի հովիվ էր սպանվել։

Բաղանիսի գյուղապետ Նարեկ Սահակյանի տեղեկություններով՝ ճանապարհը կբացվի մի քանի օրից, երբ իրավիճակը հանդարտվի, իսկ մինչ այդ երթևեկում են երկրորդական ճանապարհով։

Այս գիշեր Այգեպարում էլ են կրակոցներ են լսել։ Գյուղապետ Անդրանիկ Այդինյանը «Ազատությանը» փոխանցեց, որ կրակել են դիրքերի ուղղությամբ։

Ինտենսիվ կրակոցներ են հնչել նաև Պառավաքարի հատվածում։ Օրերս այս գյուղի բնակիչ Ալբերտ Զոհրաբյանը մեքենայով գնացել էր գյուղի հարևանությամբ գտնվող անտառ՝ փայտ բերելու, տեղ հասնելուն պես ադրբեջանական կողմից սկսել են կրակել նրա ուղղությամբ։

«Փետը դեռ չհավաքած՝ կրակեցին ավտոմեքենայի վրա, փախել եմ էնտեղից, որ հանկարծ ինձ չխփեն, ու տուն եմ եկել»,- պատմեց Զոհրաբյանը։

Զոհրաբյանը նաև պատմեց, որ սահմանից մեկ կիլոմետր հեռու է եղել, կրակել են տարբեր զենքերից, իսկ վերջում դիպուկահար զենքի կրակոցով պայթեցրել են մեքենան։ Մեքենան մնացել է անտառում, դրան մոտենալ այս պահին հնարավոր չէ, քանի որ կրակոցները չեն դադարում։

Հայ գյուղացու ուղղությամբ կրակելու դեպքի առթիվ այսօր Բերդի քննչական բաժնում քրեական գործ է հարուցվել՝ սպանության փորձ կատարելու և գույքը դիտավորությամբ փչացնելու հոդվածներով։ Քննչական կոմիտեից հաղորդում են, որ դեպքի վայրը առայժմ ուսումնասիրել հնարավոր չէ։

Պառավաքարի գյուղապետ Ռոլանդ Մարգարյանը «Ազատությանը» պատմեց, որ ադրբեջանական կողմից կրակում են նաև Պառավաքար-Վազաշեն ճանապարհով ընթացող մեքենաների ուղղությամբ։ Գյուղի երեխաները փամփուշտներից թաքնվելու ձևը սովորել են։

«Մեր տունը երկու հարկանի է, վերևի հարկում չենք մնում, ներքևում ենք մնում, որ կրակեն չկպնի, շատ ենք վախենում։ Դաս սովորելիս որ կրակում ենք, անհանգիստ ենք լինում, չենք կարում սովորենք»,- պատմեց երեխաներից մեկը։

​Հայաստանի պաշտպանության նախարարությունում հաստատում են Տավուշի ուղղությամբ կրակոցները։ Նախարարության խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը փոխանցեց, որ այժմ իրավիճակը համեմատաբար հանգիստ է։

Ղարաբաղյան դիրքերի ուղղությամբ էլ այս գիշեր ինտենսիվ կրակոցներ են եղել։ Պաշտպանության բանակից «Ազատությանը» փոխանցեցին, որ մոտ 1000 կրակոց է արձակվել։ Երկուշաբթի երեկոյան էլ հաղորդվեց, որ Ղարաբաղի հարավում գտնվող մարտական հենակետում հակառակորդի կրակոցից վիրավորվել է 23-ամյա զինծառայող Միսակ Հակոբյանը։ Նրա առողջական վիճակի մասին մանրամասներ չեն հաղորդվում։

XS
SM
MD
LG