Մատչելիության հղումներ

Հայկական կողմը մտադիր է մեծացնել վերահսկողությունը Գյումրիի ռազմաբազայի նկատմամբ


Իշխող ՀՀԿ-ն անիմաստ է համարում առանձնացնել Գյումրիի ողբերգությունն ու այդ հիմքով քննարկել Հայաստանում ռուսական ռազմաբազայի տեղակայման նպատակահարմարությունն ու կարևորությունը։

Այդ մասին այսօր «Ազատությանն» ասաց Հանրապետականի խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը:

«Նման նեգատիվ երևույթներով ինչ-որ գնահատականներ տալ, թե մեզ պետք է, թե պետք չէ: Եթե դրա կարիքը մենք չունենայինք, և դա իրա արդյունքը չտար, իրոք, մենք դրան շատ շուտ անդրադարձած կլինեինք, և ինձ թվում է, որ մենք պետք է նայենք դրական կողմին, ոչ թե բացասական կողմին», - ասաց Բաղդասարյանը:

«Դաշնակցություն» խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանին ավելի շատ ռուսական ռազմաբազայի ներքին կարգապահության հարցն է մտահոգում։ Ըստ պատգամավորի, սպանություն կատարող անձը զինված դուրս է եկել զորամասից, շրջել քաղաքով, նշանակում է վերահսկողական ինչ-որ մեխանիզմ բացակայում է կամ թերանում։

«Խնդիր ենք տեսնում օրենքի պահպանման, ռեժիմի խախտման, բազմաթիվ այլ առումներով, նույն բազայում ինչ վիճակ ա, դե արդեն հարցա առաջացնում, թե իրանց ներքին խնդիրներն ինչ վիճակա։ Այո, սրանք խնդիրներ են, որոնք լուրջ քննարկման առարկա պետք է դառնան, և էս դեպքի հետո խստացումները պետք է կիրառվեն», - ասաց Ռուստամյանը։

ՀՀԿ խմբակցության ղեկավարը վստահեցնում է, որ գործի քննությունը ջրի երես դուրս կբերի մեղավորներին․ կլինեն շարքային զինվորներ, թե հրամանատարական կազմի անդամներ, բոլորն էլ պատասխանատվության կենթարկվեն։

Բաղդասարյանի խոսքով, հայկական կողմը այս միջադեպից հետո մտադիր է խորացնել իր համագործակցությունը և բարձրացնել վերահսկողության աստիճանը Գյումրիում տեղակայված ռազմաբազայում։

«Ինձ թվում է, որ վերահսկողությունը հարկավոր է բարձրացնենք, որպեսզի ավելի զգոն լինենք։ Այսօր պատահական չէ, որ հանձնախումբ կա ռուսական կողմից եկած, և մեր պաշտպանության նախարարը նույնպես գտնվում է Գյումրիում, և քննարկում են այդ հարցերը, որ նմանատիպ դեպքերն այլևս չկրկնվի», - նշեց ՀՀԿ խմբակցության ղեկավարը։

«Ժառանգություն» կուսակցությունն իր պաշտոնական հայտարարության մեջ պահանջում է Վալերի Պերմյակովի գործը հանձնել հայկական կողմին և անհապաղ իրականացնել անաչառ, ամբողջական ու բազմակողմանի քննություն։ Նմանօրինակ դաժան բռնարարքներն, ըստ կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանի, հնարավոր կլինի կանխել, եթե Հայաստանը վերահսկողությունը խստացնելուց բացի վերանայի նաև ռազմավարական պայմանագրերը ռուսական կողմի հետ։

«Առաջին հերթին, չեմ կարծում, որ Հայաստան պետք է բերվեն նորակոչիկներ: Շատ ավելի ճիշտ կլինի, որ դրանք լինեն անձինք, որոնք որոշակիորեն զինվորական ծառայություն են անցել: Շատ եմ կարևորում, որ այդ պայմանագրում լինեն որոշակի չափանիշներ՝ ռազմականին ներկայացվելիք, եթե ռազմական է, պետք է շրջապատից արգելափակված լինի, այսինքն՝ ներսի անձինք չկարողանան շատ ազատ ելումուտ ունենալ առանց համապատասխան ընթացակարգերի», - նշեց Մարտիրոսյանը:

Գյումրիում տեղի ունեցած դաժան բռնարարքի առթիվ, այսօր ավելի վաղ բողոքի ակցիա է տեղի ունեցել Երևանում։ Մի խումբ ակտիվիստները, մինչդեռ պնդում են, որ ռուսական ռազմաբազան ոչ թե Հայաստանի անվտանգության երաշխավորն է, այլ հակառակը՝ սպառնալիք է այդ անվտանգության համար։ Այսօր նրանք այս կոչերով բողոքի ցույց էին կազմակերպել Հայաստանում Ռուսաստանի դեսպանատան մոտ՝ պահանջելով պատասխանատվության ենթարկել ռուսական բազայի հրամանատարական կազմին:

«Ի՞նչ է նշանակում, զինվորը ինչպես կարող է դուրս գալ ռազմաբազայից, զինված։ Ամբողջ հրամանատարական կազմը պետք է պատասխանատվության ենթարկվի, գերագույն գլխավոր հրամանատարը, որ Պուտինն է», - ասաց ակցիայի մասնակիցներից մեկը։

«Ռուսական դեսպանությունը, պետությունը, որ էսպես ցավակցում են, լավ են անում, բայց դա քիչ է իրենք պետք է ներողություն խնդրեն, որովհետև նրանք են պատասխանատու էդ մարդու համար, նա հասարակ քաղաքացի չէր, այդ մարդը զինծառայող էր, այսինքն՝ պետության ներկայացուցիչ», - ասաց ակցիայի մեկ այլ մասնակից:

XS
SM
MD
LG