Մատչելիության հղումներ

Գյումրիում կայացավ Սեյրան Օհանյանի և Արկադի Բախինի հանդիպումը


Լուսանկարը՝ Հայաստանի պաշտպանության նախարարության
Լուսանկարը՝ Հայաստանի պաշտպանության նախարարության

Քիր առաջ Գյումրիի դրամատիկական թատրոնի շենքում կայացավ Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի և Ռուսաստանի պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Արկադի Բախինի հանդիպումը։ Հանդիպումը տեղի ունեցավ փակ դռների հետևում, և լրագրողներին հանդիպումից ոչինչ չհաղորդվեց։

Քննարկումից հետո Սեյրան Օհանյանը լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ միայն կոչ արեց դեպքը չքաղաքականացնել։

Քիչ առաջ պաշտոնական հաղորդագրություն տարածեց Հայաստանի պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը, որտեղ նշված է, որ հանդիպման ժամանակ Արկադի Բախինը տեղեկացրել է շարքային Վալերի Պերմյակովի ձերբակալության, 102-րդ ռազմակայանում ընթացող ներքին ծառայողական քննության ընթացքի մասին և պատրաստակամություն է հայտնել շարունակել համագործակցությունը Հայաստանի իրավապահ մարմինների հետ` հարուցված քրեական գործի շրջանակներում: Սեյրան Օհանյանն էլ հորդորել է «շարունակել համադրված աշխատանքը երկու պետությունների պաշտպանական կառույցների միջև` հանցագործությունն ամբողջությամբ բացահայտելու գործում իրավապահ մարմիններին աջակցելու ուղղությամբ»:

Հիշեցնենք՝ երեկ հայտնի դարձավ, որ Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի վեց անդամների սպանությունը քննելու համար Ռուսաստանից հատուկ հանձնաժողով կժամանի Հայաստան:

Երեկ առավոտյան Գյումրիում սպանվել են Մյասնիկյան փողոցի թիվ 188 տանը բնակվող Սերյոժա Ավետիսյանը և ընտանիքի հինգ անդամները։ Հիմնական կասկածյալը Հայաստանում ռուսական 102-րդ ռազմակայանի ռուս զինծառայող Վալերի Պերմյակովն է, ով ձերբակալված է և գտնվում է ռազմաբազայում։

Սաթենիկ Կաղզվանցյան, Գյումրի

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG