Մատչելիության հղումներ

Գերմանիայի ղեկավարները կմասնակցեն մահմեդական համայնքի կազմակերպած երթին


Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկել և արտգործնախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայեր, արխիվ

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկել և արտգործնախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայեր, արխիվ

«Բաց և հանդուրժող Գերմանիա» կարգախոսով երթը անցկացվելու է այսօր և մեկնարկելու է Բեռլինում՝ Բրանդենբուրգյան դարպասների մոտ:

Այսօր Գերմանիայում մահմեդական համայնքի առաջնորդների կողմից կազմակերպված երթին մասնակցելու են նաև Գերմանիայի իշխանությունների ներկայացուցիչները՝ ներառյալ երկրի ղեկավարը: Երթն անցկացվում է «Բաց և հանդուրժող Գերմանիա» կարգախոսով:

Գերմանիայի կառավարության խոսնակը երեկ հայտնել է, որ կանցլեր Անգելա Մերկելը, արտգործնախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը, բարձրաստիճան շատ պաշտոնյաներ մասնակցելու են երթին: Հանրահավաքը մեկնարկելու է մայրաքաղաք Բեռլինում՝ Բրանդենբուրգյան դարպասների մոտ:

«Իսլամը Գերմանիայի կյանքի մի մասն է», - DPA գործակալության փոխանցմամբ, երեկ ասել է Մերկելը՝ Անգելա կրկնելով երկրի նախկին նախագահ Քրիստիան Վուլֆի խոսքը:

Ցույցին մասնակցելուց բացի, Գերմանիայի կանցլերը այսօր նաև ելույթ է ունենալու խորհրդարանում:

Ֆրանսիայում մահմեդական ծայրահեղականների կողմից իրականացված ահաբեկչական հարձակումների հետևանքով Գերմանիայում հակամահմեդական տրամադրությունները աճում են:

Գերմանիայի հակաիսլամիստական «Պեգիդա» շարժումը մինչ այս էլ մահմեդականների դեմ, միգրանտների դեմ ցույցեր էր անցկացնում, որոնք հիմա կարող են ընդլայնվել:

Գերմանիայի ներքին գործերի նախարար Հեյկո Մաասը ազգայնական այդ կազմակերպությանը կոչ էր արել չեղյալ համարել ցույցերը, ասելով, թե հանուն ահաբեկչության զոհերի հետ համերաշխության՝ ճիշտ չէ մահմեդականների դեմ ատելություն հրահրել:

Իսկ ազգայնական կազմակերպությունը քաղաքացիներին կոչ է արել ցույցերի դուրս գալ սև թևկապներով՝ արտահայտելով իրենց վշտակցությունը Ֆրանսիայի ահաբեկչական հարձակումների զոհերի ընտանիքներին:

Ազգայնական տրամադրություններին հակազդում են ոչ միայն Գերմանիայի իշխանությունները, այլև շարքային քաղաքացիները: Շաբաթ օրը Դրեզդենում մոտավորապես 35 հազար մարդ հանրահավաք է անցկացրել «Պեգիդա» շարժման դեմ:

«Պեգիդա»-ն հապավում է, բացված, լրիվ անվանումով այն կոչվում է՝ Եվրոպացիները ընդդեմ Արևմուտքի մահմեդականացման: Անցած հոկտեմբերից սկսված նրանց կազմակերպած առաջին ցույցերին խմբերով մարդիկ են մասնակցել, հիմա արդեն ազգայնականների ցույցերին հազարավոր մարդիկ են մասնակցում:

Գերմանիայում ավելի քան 4 միլիոն մահմեդականներ են բնակվում, որոնց մեծ մասը թուրքեր են:

XS
SM
MD
LG