Մատչելիության հղումներ

Ռոնալդուն երկրորդ տարին անընդմեջ ստացավ «Ոսկե գնդակը»


Շվեյցարիա - Ձախից՝ աջ. Մանուել Նոյերը, Լիոնել Մեսին և Կրիշտիանու Ռոնալդուն «Ոսկե գնդակ» մրցանակի հանձնման արարողությունից առաջ, Ցյուրիխ, 12-ը հունվարի, 2012թ.

Շվեյցարիա - Ձախից՝ աջ. Մանուել Նոյերը, Լիոնել Մեսին և Կրիշտիանու Ռոնալդուն «Ոսկե գնդակ» մրցանակի հանձնման արարողությունից առաջ, Ցյուրիխ, 12-ը հունվարի, 2012թ.

Պորտուգալացին ֆուտբոլային աշխարհի ամենահեղինակավոր մրցանակին արժանացավ իր կարիերայում երրորդ և «արքայական» ակումբի կազմում երկրորդ անգամ։

Ցյուրիխում կայացած «Ոսկե գնդակի» ամենամյա մրցանակաբաշխությունում 2014 թվականի լավագույն ֆուտբոլիստ ճանաչվեց Մադրիդի «Ռեալ»-ի ֆուտբոլիստ Կրիշտիանու Ռոնալդուն:

Իր կարիերայում երրորդ անգամ (2008, 2013, 2014 թվականներ) և երկրորդ անգամ «արքայական» ակումբի կազմում Ռոնալդուն արժանացավ «Ոսկե գնդակին»: Մրցանակը պորտուգալացուն հանձնեց ֆրանսիացի լեգենդար հարձակվող Թիերի Անրին:

Պորտուգալիայի հավաքականի ավագ Կրիշտիանու Ռոնալդուի հետ «Ոսկե գնդակ-2014»-ին հավակնում էին նաև կատալոնական «Բարսելոնա»-ի արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին և Մյունխենի «Բավարիա»-ի գերմանացի դարպասապահ Մանուել Նոյերը:

2014-ին Ռոնալդուն «Ռեալ»-ի կազմում դարձել է Չեմպիոնների լիգայի հաղթող, ՈւԵՖԱ-ի սուպերգավաթակիր, Իսպանիայի գավաթակիր և աշխարհի ակումբային չեմպիոն:

2014-ի աշխարհի չեմպիոն Գերմանիայի հավաքականը գլխավորող Յոահիմ Լյովը ճանաչվեց տարվա աշխարհի լավագույն մարզիչ: 54-ամյա մասնագետի հետ այդ մրցանակին հավակնում էին նաև Չեմպիոնների լիգայի հաղթող Մադրիդի «Ռեալ»-ը գլխավորող Կարլո Անչելոտին և Իսպանիայի չեմպիոն Մադրիդի «Աթլետիկո»-ի գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն:

Կանանց ֆուտբոլում տարվա լավագույն մարզիչ ճանաչվեց գերմանական «Վոլֆսբուրգ»-ը գլխավորող Ռալֆ Կելերմանը:

2014-ի խորհրդանշական հավաքականը՝ Dream Team-ը կազմվեց 4-3-3 տակտիկական սխեմայով. դարպասապահ՝ Մանուել Նոյեր («Բավարիա», Գերմանիայի հավաքական), պաշտպաններ Ֆիլիպ Լամ («Բավարիա», Գերմանիա), Դավիդ Լուիս («Պարի Սեն-Ժերմեն» (ՊՍԺ), Բրազիլիայի հավաքական), Սերխիո Ռամոս («Ռեալ» Մադրիդ, Իսպանիա), Տիագո Սիլվա (ՊՍԺ, Բրազիլիա), կիսապաշտպաններ Տոնի Կրոս («Ռեալ» Մադրիդ, Գերմանիա), Անդրես Ինիեստա («Բարսելոնա», Իսպանիա), Անխել Դի Մարիա («Մանչեսթեր Յունայթեդ», Արգենտինա), հարձակվողներ Լիոնել Մեսի («Բարսելոնա», Արգենտինա), Կրիշտիանու Ռոնալդու («Ռեալ» Մադրիդ, Պորտուգալիա), Արիեն Ռոբեն («Բավարիա», Հոլանդիա):

Տարվա լավագույն գոլի հեղինակ դարձավ Կոլումբիայի հավաքականի և Մադրիդի «Ռեալ»-ի կիսապաշտպան Խամես Ռոդրիգեսը: Նա արժանցավ Ֆերենց Պուշկաշի անվան մրցանակին: Լավագույն գոլը կոլումբացին հեղինակել է Բրազիլիայում կայացած աշխարհի առաջնությունում՝ գրավելով Ուրուգվայի հավաքականի դարպասը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG