Մատչելիության հղումներ

ՀԱԿ-ը չի մասնակցի Գագիկ Ծառուկյանի հրավիրած խորհրդաժողովին, ՀՀԿ-ն հրավիրված չէ


«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի հրավիրած խորհրդաժողովին ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսը չէ մասնակցի։

Խորհրդաժողովը Ծառուկյանը նախաձեռնել է հունվարի 20-ին՝ երկրում ստեղծված բարդ իրավիճակը քննարկելու նպատակով։

Ինչպես տեղեկացանք ԲՀԿ առաջնորդի խոսնակ Իվետա Տոնոյանից, հրավիրվել են մոտ մեկ տասնյակ ոչ իշխանական կուսակցություններ, մի քանի տասնյակ հասարակական կազմակերպություններ, քաղաքագետներ, վերլուծաբաններ և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ։

Կոնգրեսից այսօր «Ազատության» հարցին ի պատասխան վերահաստատեցին կուսակցության խոսնակ Արման Մուսինյանի՝ դեկտեմբերի 23-ին արտահայտած այն դիրքորոշումը, որ իրենք «Բարգավաճ Հայաստան»-ի հետ համագործակցում և խորհրդակցություններ են անցկացնում երկկողմ կամ Եռյակի ձևաչափերով։ Իսկ տասնյակ այլ կուսակցությունների այս հավաքը փաստորեն դուրս է այդ ձևաչափից։

Իվետա Տոնոյանը այս դիրքորոշման մեջ որևէ խնդիր չի տեսնում՝ համոզմունք հայտնելով, որ Կոնգրեսի հետ արդյունավետ համագործակցությունը շարունակվում է. - «Մեր գործընկեր կուսակցությունը՝ ՀԱԿ-ը արդեն հայտարարել է, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հետ համագործակցության ձևաչափերը բազմաթիվ են և բազմազան. այսինքն և՛ երկկողմ, և՛ Եռյակի ձևաչափում արդյունավետ համագործակցություն կա»:

Խորհրդաժողով գումարելու ԲՀԿ առաջնորդի նախաձեռնության մասին հայտնի դարձավ դեկտեմբերի վերջին, երբ մամուլն ու տարբեր վերլուծաբաններ սկսեցին այս կուսակցությանն ու ոչ իշխանական եռյակին մեղադրել համաժողովրդական շարժման գրասենյակներ ստեղծելու անվան տակ հանրահավաքային պայքարը դադարեցնելու համար։ Այդ ժամանակ հայտարարվեց, որ Ծառուկյանը ցանկանում է խորհրդաժողովի ժամանակ լսել տարբեր քաղաքական ուժերի կարծիքներն ու միասնական որոշում կայացնել «կենսական կարևորություն ունեցող հարցերի շուրջ»։

Եռյակում ԲՀԿ մյուս գործընկերը՝ ընդդիմադիր «Ժառանգություն»-ը կմասնակցի հավաքին. կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը «Ազատության» հետ զրույցում «նորմալ քաղաքական պրոցես» որակելով Ծառուկյանի նախաձեռնությունը՝ հույս հայտնեց, որ համաժողովում որոշակի հստակություն կմտցվի, և հանրահավաքային պայքարը շուտով կվերսկսվի։ «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը, ինչպես հայտնի է, բազմիցս է հայտարարել արտահերթ լուծումների գնալու անհրաժեշտության մասին։

«Կարծում եմ իշխանափոխության պահանջը երեք ընդդիմադիր ուժերիս մոտ էլ կա, դա բարձրաձայնվել է։ Թե այդ շրջանակում ինչ օրակարգի կհանգենք, ինչ լուծումների կհանգենք, ինչպիսի քայլերի՝ դա բնականաբար քննարկման խնդիր է։ Այս խորհրդաժողովից հետո հույս ունեմ տեղի կունենա նաև երեք ընդդիմադիր ղեկավարների հանդիպում, և վերջնական կորոշվի, թե ինչ ճանապարհով և դեպի ուր ենք գնում», - նշեց Արմեն Մարտիրոսյանը։

Իվետա Տոնոյանից տեղեկացանք, որ նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորած Հանրապետական կուսակցությունը չի հրավիրվել և չի հրավիրվելու հավաքին. նա հիմնավորեց, որ ձևաչափն է այդպիսին․ - «Սա ոչ իշխանական քաղաքական և հասարակական ուժերիխորհրդաժողով է»։

Ազգային ժողովում ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը «Ազատության» հետ զրույցում համոզմունք հայտնեց, թե ԲՀԿ-ն այսպիսով պատրաստվում է 2017-ի հերթական ընտրություններին. - «Նախապատրաստական փուլ է: 17 թվականը սարերի հետևում չէ, մոտենում է արդեն: Բնականաբար յուրաքանչյուր քաղաքական ուժ իր ձևով նախապատրաստվում է։ Իրենք էլ այս ձևով են նախապատրաստվում»

Հարցին, թե արդյոք խոսքը արտահերթ ընտրությունների մասին է, Բաղդասարյանն արձագանքեց․ - «Ոչ: Ընդհանրապես հարկավոր է մոռանալ «արտահերթ» արտահայտությունը, ի՞նչ արտահերթի մասին է խոսքը՝ նախագահական կամ.․. Պետք է նախ քաղաքական հիմնավորումներ ունենան, որը չկա ընդհանրապես»։

Այսօր նաև տեղեկացանք, որ Գագիկ Ծառուկյանի նախաձեռնած խորհրդաժողովը կգումարվի նորաբաց «Մուլտի գրանդ» հյուրանոցային համալիրում։ Շքեղ համալիրի հանդիսավոր բացմանը, հիշեցնենք, մասնակցեց նաև ԲՀԿ առաջնորդի խնամին՝ վարչապետ Հովիկ Աբրահամյանը։

XS
SM
MD
LG