Մատչելիության հղումներ

logo-print

85-ամյա կնոջ մահվան դեպքով գործ առայժմ չի հարուցվել


Երեկ մայրաքաղաքի Արաբկիր վարչական շրջանում՝ Ավետ Ավետիսյան փողոցում 85-ամյա Սաթենիկ Ստեփանյանը շենքի մուտքի սառցակալած աստիճանների վրա վայր էր ընկել ու մահացել։

Երևանի քաղաքապետարանի ֆեյսբուքյան էջում պարբերաբար հայտնվում են տարբեր վարչական շրջանների լուսանկարներ, որոնցում ձյան ու սառույցի մաքրման աշխատանքներ են իրականացվում։ «Ազատության» հետ զրույցում Երևանի շատ բնակիչներ, սակայն, պնդում էին, որ մաքրման աշխատանքները թերի են կատարվում։

Երվանդ Քոչար փողոցին հարող տարածքն այսօր էլ սառցապատ էր: «Շատ դժվարությամբ, վթարներ ա լինում ստեղ։ Ավտոները բարձրանալուց կպնում են էս պատերին, շատ դժվար ա լինում։ Էս սեփական տները ընդհանրապես աչքաթող են արել։ Էն ժամանակ փեչ էր, ածուխ էինք ցանում, հիմա էդ էլ չկա։ Սաղ գազ ենք վառում», - ասում է տեղի բնակիչներից մեկը։

Քաղաքապետարանի կոմունալ տնտեսության վարչության ներկայացուցիչ Հովհաննես Ահարոնյանը Ավետ Ավետիսյան փողոցում տեղի ունեցածի մասին չէր լսել, բայց ասում է, որ մաքրման աշխատանքներ միշտ իրականացվում են» - «Ծանոթ չեմ խնդրին, որպեսզի կարողանամ մեկնաբանություններ անել, ցավում եմ, ուղղակի, որ նման դեպք է տեղի ունեցել»։

Զրուցեցինք նաև քաղաքապետարանի համատիրությունների հետ աշխատանքի բաժնի պետ Վանուշ Զեյնալյանի հետ։ Նշենք, որ հենց այս բաժինն է պարտավոր հետևել շքամուտքերի ու շենքերի բակերի մաքրման աշխատանքներին։

Զեյնալյանն ասաց, որ դեպքի օրվա նկարներից երևում է՝ աստիճանները մաքրված են եղել․ - «Ընդեղ մի քանի նկարներ են տեղադրված, որ տեսնեք, ինքներդ կտենեք, որ մաքրված, աղ-ավազը ցանած աստիճանների վրա դժբախտ պատահար ա եղել պարզապես։ Լրիվ պատահականություն ա եղել, դժբախտ պատահար ա եղել և տենց ահազանգ, որ չմաքրված աստիճաններ կա, մենք չենք ստացել: Չնայած մենք ինքներս էլ ենք պտտվում, անընդհատ ստուգում ենք»։

Բնակիչները, սակայն, հակառակն են պնդում։ Նրանք ասում են, որ միայն մահվան ելքով այս պատահարից հետո են եկել և տարածքը մաքրել։

Ավետ Ավետիսյան 74 և հարակից շենքերի բնակիչները նաև նշում էին, որ ինչպես ամեն ձմեռ, այժմ էլ նույն վիճակն է ստեղծվել: «Դուք էլ անցնում եք, տեսնում եք, մանավանդ այ էս մասը Վաղարշյանից մինչև Քոչար ինչքան անտանելի ա։ Քայլել չես կարողանում։ -Եթե մաքրվի մարդը կարող ա ընկնի ու ինչ-որ մահացու դեպք լինի՝ չէ։ Ես էլ պահ ա եղել, ընգել եմ», - «Ազատության» հետ զրույցում բողոքեց բնակիչներից մեկը։

Նոր Նորքի 8-րդ զանգվածի բնակիչները նույնպես նշում էին, որ այս տարի առաջին անգամ են իրենց մոտ ձյուն ու սառույց մաքրողների տեսնում․ - «Անտեր թաղամաս ա, մեկ-մեկ ուշադրություն դարձնում են, բայց հայաթները վաբշե ուշադրություն չեն դարձնում։ Որ էստեղ էլ մի քիչ ազավ ցանեն, մարդիկ չեն ընկնի, ոտները չեն կոտրի»։

Ավետիսյան փողոցի բնակչուհի Սաթենիկ Ստեփանյանի մահվան դեպքով գործ դեռ չի հարուցվել։ Քննչական կոմիտեից «Ազատությանը» փոխանցեցին, որ միայն փորձաքննությունից հետո պարզ կլինի, թե արդյոք տարեց կնոջ մահվան համար որևէ մեկը պատասխանատվություն կրելու է, թե ոչ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG