Մատչելիության հղումներ

Հալեպի հայ համայնքը «դրամական օգնության կարիք ունի»


Հալեպի հրթիռակոծության ենթարկվող թաղամասերից մեկը, արխիվ:

Հալեպի հրթիռակոծության ենթարկվող թաղամասերից մեկը, արխիվ:

Շաբաթավերջին Հալեպից Երևան եկան տեղի հայ համայնքի ներկայացուցիչներից Ներսես Սարգիսյանի փոխանցմամբ՝ վերջին օրերին Հալեպի հայաշատ թաղամասերից մեկում տեղի ունեցած հրիթառակոծությունների հետևանքով հայ համայնքը կանգնել է կենցաղային շատ լուրջ խնդիրների առջև։

«Նախ էլեկտրականության հարցը: Էլեկտրականությունը կմատակարարվի քաղաքը մոտավորապես օրը երկու ժամ», - «Ազատության» հետ զրույցում ասաց նա՝ նշելով, որ մարդիկ փորձում են էլեկտրական հոսանքն ապահովել գեներատորների միջոցով, բայց այստեղ էլ բախվում են վառելանյութի բացակայությանը:

Ըստ հայ համայնքի ներկայացուցչի, մասամբ լուծված է միայն ջրի խնդիրը։

Նրա խոսքով, այս օրերին Հայաստանի իշխանություններից որևէ օգնություն դեռ չեն ստացել․ - «Այսօր օգնությունը պետք է հասկանալ նյութական օգնություն, այսինքն՝ փող ուղարկել: Ոչ թե կոնկրետ ապրանք ուղարկել: Փողն է կարևոր, որովհետև ամեն ինչ տեղի շուկայում կարելի է գտնել, սակայն թանկ գներով․․․ Մենք կխնդրենք աշխարհով մեկ, որ հալեպահայությանն այս իմաստով օգտակար դառնան»:

«Օգնիր եղբորդ» բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն Թաթուլ Հարությունյանն «Ազատության» հետ զրույցում ասաց, որ առաջիկայում նախատեսվում է հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի հավաք, որի ժամանակ կհստակեցվի, թե ինչ աջակցության կարիք ունի այս օրերին Սիրիայի և, մասնավորապես, Հալեպի հայ համայնքը։

«Մենք զուտ համայնքին, սիրիահայությանն օգնելու իմաստով որոշակի միջոցների մասին արդեն իսկ մտածում ենք: Կոնկրետ այս դեպքի հետ կապված դեռևս ճշտվում է առաջին անհրաժեշտության ապրանքների ցանկը, որպեսզի կարողանանք իրենց օգնել։ Նախքան այս իրադարձությունները հիմնականում սիրիահայ համայքնը ուղղակի դրամական միջոցների կարիք է ունեցել, որովհետև ամեն ինչ տեղում կարելի է գնել: Տրանսպորտային միջոցներով փոխադրումները շատ ավելի սուղ են և թանկ են նստում, քան տեղում անհրաժեշտ օգնություն կազմակերպելը»:

Հիշեցնենք, հունվարի 9-ի հրթիռակոծումից զգալի վնասվել էր հայաշատ Հալեպի հայկական Սրբուհի Ռիտա կաթողիկե եկեղեցին։ Ըստ հաղորդումների՝ եկեղեցին հրթիռակոծել են իսլամիստական խմբավորումները։

Ներսես Սարգիսյանն ասում է, որ ապստամբների թիրախում խաղաղ բնակիչներն են: Նա նաև մտահոգված է, որ միջազգային հանրությունը չի արձագանքել հայկական եկեղեցու հրթիռակոծման փաստին․ - «Աշխարհի մեջ դատապարտումի մեկ արձագանք չենք լսել որևէ պետությունների կողմից, որոնք շատ լավ գիտեն, թե ինչպես խաղաղ բնակչությունը, այդ թվում՝ հայկական համայնքը, ահաբեկչության թիրախ են այսօր, հատկապես Հալեպում:

Սփյուռքի նախարարությունից խոստացան ավելի ուշ պատասխանել «Ազատության» հարցմանը, թե արդյոք Հայաստանի կառավարությունը պատրաստվում է որևէ աջակցություն տրամադրել Հալեպում բնակվող հայերին:

XS
SM
MD
LG