Մատչելիության հղումներ

Վիկտոր Յանուկովիչը` Ինտերպոլի ցանկում


Ինտերպոլը միջազգային հետախուզման մեջ է հայտարարել Վիկտոր Յանուկովիչին, 12-ը հունվարի, 2015թ.

Ինտերպոլը միջազգային հետախուզման մեջ է հայտարարել Վիկտոր Յանուկովիչին, 12-ը հունվարի, 2015թ.

Հետախուզման մեջ գտնվող նախկին նախագահը 2014-ին ապաստանել է Ռուսաստանում։

Քրեական ոստիկանության միջազգային կազմակերպությունը` Ինտերպոլը, անցյալ տարվա փետրվարի 22-ին Ուկրաինայի Գերագույն ռադայի որոշմամբ, պաշտոնանկ արված Վիկտոր Յանուկովիչին ընդգրկել է միջազգային հետախուզման մեջ գտնվող մարդկանց ցանկում։

Ինտերպոլի պաշտոնական կայքէջում նշվում է, որ Յանուկովիչը մեղադրվում է հատկապես խոշոր չափի ֆինանսական մեքենայությունների մեջ։ Որևէ երկրում ձերբակալվելու դեպքում Յանուկովիչին կարտահանձնեն Ուկրաինա։ Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է Ուկրաինայի ներքին գործերի նախարար Արսեն Ավակովը։

Յանուկովիչից բացի, Ինտերպոլի ցանկում են ընդգրկված նախկին նախագահի որդին` Օլեքսանդր Յանուկովիչը, ինչպես նաև նախկին վարչապետ Միկոլա Ազարովը։ Ավելի վաղ Ինտերպոլն արդեն ցանկում ներառել էր Յանուկովիչի վարչակարգի ևս մի քանի նախկին բարձրաստիճան պաշտոնյաների անունները։

2013 թվականի աշնանը Յանուկովիչի վարչակարգը սառեցրել է Եվրամիության հետ Ասոցացման պայմանագրի ստորագրումը, ինչից հետո Ուկրաինայում սկսվել են զանգվածային ընդվզումներ։

2014-ի փետրվարին Յանուկովիչը փախուստի էր դիմել։ Գերագույն ռադան փետրվարի 22-ին հայտարարել էր, որ «Վիկտոր Յանուկովիչը պաշտոնանկ է արվում, քանի որ ինքնամեկուսացվել է և չի կատարում իր սահմանադրական պարտականությունները»։

Ինքը Յանուկովիչը տեղափոխվել էր Ռուսաստանի Դաշնություն` Դոնի Ռոստով, որտեղ հրավիրած մամլո ասուլիսում Գերագույն ռադայի որոշումը որակել էր իբրև հեղաշրջման փորձ և պնդել, որ ինքն է Ուկրաինայի Հանրապետության միակ օրինակարգ նախագահն ու զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարը։

2014 թվականի մայիսի 25-ին Ուկրաինայում տեղի ունեցան նախագահական արտահերթ ընտրություններ։ Յանուկովիչը հայտարարեց, որ հարգում է Ուկրաինայի ժողովրդի ընտրությունը, սակայն համոզված է, որ ընտրությունների լեգիտիմության համար անհրաժեշտ է նաև հարավ-արևելյան շրջանների (ռուսալեզու) բնակչության մասնակցությունը քվեարկությանը։

Ընտրությունների արդյունքում նախագահ է դարձել Պետրո Պորոշենկոն։ Միջազգային համայնքը, այդ թվում Ռուսաստանը, ճանաչել են Պորոշենկոյի ընտրությունը։

Նախքան 2010-ը թվականին նախագահ ընտրվելը, Վիկտոր Յանուկովիչը 2002-2005, ապա 2006-2007 թվականներին զբաղեցրել է Ուկրաինայի վարչապետի պաշտոնը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG