Մատչելիության հղումներ

«Կենտրոն մաքրության» նախկին աշխատողներն աշխատանք են պահանջում


«Կենտրոն մաքրության» նախկին աշխատողները Կառավարության շենքի, ապա՝ նախագահականի մոտ, 12-ը հունվարի, 2015թ.
«Կենտրոն մաքրության» նախկին աշխատողները Կառավարության շենքի, ապա՝ նախագահականի մոտ, 12-ը հունվարի, 2015թ.

«Սանիտեկ»-ի մուտքից հետո «Կենտրոն մաքրության» աշխատակիցների մի մասն անգործ է մնացել։

«Կենտրոն մաքրություն» լուծարվող ընկերության նախկին աշխատակիցներն այսօր հավաքվել էին նախ Կառավարության շենքի, ապա՝ նախագահականի մոտ. դեկտեմբերի 1-ին միջազգային նոր օպերատորի՝ «Սանիտեկ»-ի մուտքից հետո «Կենտրոն մաքրության» աշխատակիցների մի մասն անգործ է մնացել, իսկ աշխատանքի ընդունվածները դժգոհ են նոր գործատուի առաջարկած աշխատանքային պայմաններից։

«Ամսի 5-ին մենք հավաքվեցինք նստավայրի դիմաց, մեզ խոստացան մինչև ամսի 12-ը՝ մի շաբաթվա ընթացքում, կանչել աշխատանքի, ոչ մեկին չեն կանչել, իրենք արդեն մարդիկ են ընդունել Չարենցավանից, Արտաշատից և այլն, մենք մնացել ենք առանց աշխատանքի», - «Ազատության» հետ զրույցում ասաց «Կենտրոն մաքրություն» ընկերության նախկին աշխատողը։

Մեկ այլ ցուցարար նշեց, որ իրենք պահանջում են աշխատանքային նորմալ պայմաններ. - «Այսինքն՝ 10 հոգու տեղը չտա մեկին, ասի ավլի 15 հազար գումար եմ տալիս։ Ոնց «Կենտրոն մաքրություն»-ում է եղել, թող նույն էլ «Սանիտեկ»-ում լինի»։

«Մենք հին պայմաններով էլ ենք համաձայն աշխատել՝ հին աշխատավարձով. ժամը 11-ին մեզ կանչում են մաքրելու՝ մեքենաները, ժողովուրդը վզվզում են, իսկ կին արմատը զիբիլ է հավաքում, ո՞նց կլինի։ Աշխատանքի պայմանները լավը չեն նոր հիմնարկում, բացի այդ, նա մեզ չի էլ ընդունում։ Ինքն ասել է, իրեն 36-40 մարդ է պետք ու ինքն արդեն հավաքել է, մնացած բոլոր ժողովուրդն անգործ են, չի էլ ընդունելու։ Մենք աշխատանք ենք պահանջում», - ասաց ցուցարարներից մեկը։

Նախագահական նստավայրում ընդունեցին բողոքի ցույցի մասնակիցների հինգ հոգանոց խմբին։ Հարցը քննարկելու համար եկել էին նաև Քաղաքապետարանի կոմունալ բաժնի պատասխանատուները։

Քաղաքապետարանի կոմունալ սանիտարական բաժնի պետ Հովհաննես Ահարոնյանն ասաց, որ շատ աշխատակիցներ «Սանիտեկ»-ի մեղքով չէ, որ գործազուրկ են։

«Տոնական օրերին մենք կանգնեցինք փաստի առաջ, որովհետև հավաքարարները, բոլորն առանց բացառության, որոշեցին, որ պետք է գործատուից էլ ավելի բարձր աշխատավարձ պահանջեն և գործադուլ կազմակերպեցին, որի արդյունքում մայրաքաղաքի Կենտրոն վարչական շրջանում ավելի քան երեք օր պատշաճ մակարդակով սանմաքրման աշխատանքեր չիրականացվեցին։ Այնպես չի որ գործատուն թևերը ծալած սպասեց, թե ի՞նչ պետք է կատարվի, այլ աշխատակիցների հրավիրեց և աշխատանքները կազմակերպվեց։ Այս պահի դրությամբ այն աշխատակիցները, որոնք այդ երեք-չորս օրերի ընթացքում աշխատանքներն իրականացրել են, պիտի ասեմ, որ շատ բարձր մակարդակով են իրականացրել, այդ իսկ պատճառով, գործատուն այս պահին ցանկություն չունի հրաժարվել այդ աշխատակիցներից, որոնք փոխարինել էին նախկին աշխատակիցներին», - ասաց Ահարոնյանը։

Նախագահական նստավայրի նամակների բաժնում մեկ ժամից ավելի տևած փակ քննարկումից հետո որոշվեց՝ ամեն օր «Կենտրոն մաքրություն» ընկերության նախկին 20 աշխատակից աշխատանքի ընդունման դիմում կներկայացնի «Սանիտեկ» ընկերություն: Ընկերության ղեկավարությունը կքննարկի նրանց խնդրի լուծման հնարավորությունը։

«Սանիտեկ» ընկերությունից «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեցին, որ խնդրի վերաբերյալ իրենց մեկնաբանությունները կներկայացնեն առաջիկայում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG