Մատչելիության հղումներ

Փարիզյան սուպերմարկետի աշխատողը հունվարի 9-ին 15 մարդու կյանք է փրկել


Փարիզ - Ոստիկանները տարհանում են հրեական խանութում պատանդառվածներին, 9-ը հունվարի, 2015թ․

Փարիզ - Ոստիկանները տարհանում են հրեական խանութում պատանդառվածներին, 9-ը հունվարի, 2015թ․

Սառնասրտություն ցուցաբերելով դեպքերի վատթար ընթացքը կանխել է նաև Դամարտենի տպարանի մենեջերը:

Փարիզի սուպերմարկետի մահմեդական աշխատողը 15 հաճախորդների ու աշխատակիցների կյանքն է փրկել այն պահին, երբ հունվարի 9-ին ահաբեկիչը խանութ էր ներխուժել ու չորս մարդու սպանել:

Լասանա Բաթիլին, ով Մալիից է, մարդկանց թաքցրել է խանութի նկուղում, որը որպես սառնարան է օգտագործվում:

«Ես նրանց ասացի՝ հանգիստ մնան, որևէ ձայն չհանեն, որովհետև եթե նա աղմուկ լսի, կիմանա, որ մենք այստեղ ենք, ցած կիջնի և կսպանի մեզ», - ֆրանսիական հեռուստաընկերությունից մեկին՝ BFM TV-ին պատմել է 24-ամյա Լասանա Բաթիլին:

Սոցցանցերի օգտատերերը կոչ են անում այդ արարքի համար նրան Ֆրանսիայի քաղաքացիություն շնորհել կամ երկրի բարձրագույն՝ Պատվո լեգեոնի շքանշանով պարգևատրել:

Նա օգնել է նաև ոստիկաններին՝ նրանց փոխանցելով խանութի մետաղյա վարագույրները բացելու բանալին, ինչից հետո ոստիկանությունը կարողացել է կազմակերպել գրոհը: Ականատեսները և իշխանության ներկայացուցիչները հաստատել են նրա կատարած գործողությունները:

Կիրակի օրը, հունվարի 11-ին Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը զանգահարել է Լասանա Բաթիլիին և շնորհակալություն հայտնել:

Հունվարի 9-ին հրեական խանութ ներխուժած ահաբեկիչ Ամեդի Կուլիբալին չորս պատանդի է սպանել, իսկ մինչ այդ փողոցում կրակ բացելով սպանել էր ոստիկանության կին աշխատակցի: Անվտանգության ուժերը ուրբաթ երեկոյան ոչնչացրեցին ահաբեկչին:

Հաղորդվում է նաև մեկ այլ դրվագի մասին, որտեղ գործարար Միշել Կատալանոն, ում ահաբեկիչներ Կուաշի եղբայրները պատանդ էին վերցրել, սառնասրտություն ցուցաբերելով կանխել է դեպքերի հնարավոր վատագույն զարգացումը:

Դամարտեն-ան-Գոել քաղաքում, որտեղ «Շառլի Էբդո» երգիծական պարբերականի խմբագրակազմի վրա հարձակումից հետո թաքնվել էին Սաիդ ու Շերիֆ Կուաշի եղբայրները, գործարար, տպարանի մենեջեր Միշել Կատալանոն տեսել է, որ նրանք «Կալաշնիկով» ինքնաձիգները ձեռքներին գալիս են դեպի իրենց գրասենյակը: Մեկ այլ աշխատակից՝ 26-ամյա Լիլիանը միջանցքով վազել է ու թաքնվել խոհանցում: Միշել Կատալանոն փորձել է շեղել ներս մտած ահաբեկիչների ուշադրությունը, որպեսզի նրանք չխուզարկեն գրասենյակն ու չհայտնաբերեն Լիլիանին: Նրանց սուրճ է առաջարկել, եղբայրներից մեկը պարանոցից վիրավորված է եղել, առաջարկել է օգնություն ցուցաբերել:

«Ես նրանց հետ մնացի մոտավորապես մեկ ժամ: Վախեցած չէի, որովհետև իմ գլխում միայն մի միտք կար՝ նրանք չպետք է գնան մինչև միջանցքի վերջը, որտեղ կարող էին տեսնել Լիլիանին: Այս միտքն էր, որ ինձ հանգիստ էր պահում», - Associated Press-ին պատմել է նա:

Մեռնելու պատրաստ ահաբեկիչները ի վերջո նրան բաց են թողել, ոստիկանները տեքստային հաղորդագրություն են ուղարկել թաքնված կնոջը, ու մինչ մթնշաղն ընկնելը ահաբեկիչները զենքերը ձեռքներին դուրս են վազել ու սպանվել պատասխան կրակոցների տարափից:

«Ես հերոս չեմ», - ասել է տպարանի մենեջերը:

XS
SM
MD
LG