Մատչելիության հղումներ

Հալեպի հայկական եկեղեցու շենքը հրթիռակոծումից մեծապես վնասվել է


Սիրիա -- Հալեպի Սալահ Ալ-Դին թաղամասը ռմբակոծությունից հետո, արխիվ

Սիրիա -- Հալեպի Սալահ Ալ-Դին թաղամասը ռմբակոծությունից հետո, արխիվ

Սիրիայի հայաշատ Հալեպում նախօրեին հայկական Սրբուհի Ռիտա եկեղեցու հրթիռակոծումից ոչ ոք չի տուժել, բայց եկեղեցու շենքը մեծապես վնասվել է. այդ մասին ազատությանն ասաց Հալեպի «Գանձասար» ամսագրի աշխատակից Զարմիկ Պողիկյանը, ում խոսքով, հարվածներ են հասցվել նաև մոտակա թաղամասերին։

Ըստ հաղորդումների, հայ կաթողիկե համայնքին պատկանող եկեղեցին գնդակոծվել է իսլամիստական խմբավորումների կողմից։ Վերջին հուժկու պայթյունը դեկտեմբերի 30-ին էր, որի ժամանակ ռմբակոծվել էին Հալեպի հին թաղամասերը՝ այդ թվում հայկականները։

Ավելի վաղ՝ 2014-ի սեպտեմբերին էլ պայթեցվել էր Դեր Զորի Սրբոց Նահատակաց եկեղեցին։

Զարմիկ Պողիկյանը մեզ հետ զրույցում նշեց, որ ահաբեկչական խմբավորումները շարունակում են ռմբակոծել խաղաղ բնակչությանը՝ միտումնավոր թիրախում պահելով նաև եկեղեցիները։

«Այսպիսի տեղերը որ կռմբակոծեն, պարզ է, որ միտումնավոր պիտի ռմբակոծեն: Այսինքն բախումների դիրք չէ այս գոտին», - ասում է նա:

Հայ կաթողիկե համայնքի սրբատեղին մեծ նշանակություն ուներ, ընդ որում, ոչ միայն հայերի համար․ ջրի պակասի դեպքում շատերն էին օգտվում եկեղեցու ջրհորներից։

Արդեն շուրջ չորս տարի Սիրիայում շարունակվող քաղաքացիական պատերազմի թատերաբեմում հայտնված Հալեպում շատ համայնքներ, այդ թվում՝ հայկական թաղամասերը, այժմ զրկված են ջրամատակարարումից ու էլեկտրաէներգիայից։ Սիրիական Կարմիր մահիկի ջանքերով այժմ հնարավոր է լինում ջուր հասցնել միայն որոշ թաղամասերի։ Ձմռան օրերին նաև վառելիքի պակաս կա։ Զարմիկ Պողիկյանը նշում է, որ հիմա Հալեպում բավական ցուրտ է, բայց հայկական թաղամասերի բնակիչները չեն կարողանում ջեռուցել իրենց տները։

«Շատ դժվարությամբ վառելանյութ կապահովվի: Համայնքը ծանր պայմանների մեջ կապրի: Հակառակ այս բոլորին, կյանքը կընթանա, վարժարանները իրենց քննությունները կուտան և մարդիկ կփորձեն դիմանալ դժվարություններուն, կարելին ընեն այս քաղաքին մեջ հարմարվել, ապրելու համար», - ասում է Պողիկյանը:

Հալեպում այսօր շուրջ 8000 հայ է բնակվում։ Սիրիայում ապրող հայերի թիվը մինչև պատերազմը հասնում էր 100.000-ի։ Դրա մեկ երրորդը, սակայն, 2011-ին ծավալված պատերազմական գործողություններից հետո լքեց երկիրը և ապաստան գտավ այլ վայրերում։

XS
SM
MD
LG