Մատչելիության հղումներ

Մահմեդական աշխարհի մամուլը՝ Փարիզի ահաբեկչության մասին


Իրանում թե՛ պահպանողական, թե՛ բարեփոխական համարվող մամուլում նկատելի է քննադատություն ուղղված «Շառլի Էբդո» երգիծական հանդեսին․ հարցականի տակ է դրվում Մուհամեդ մարգարեի ծաղրանկարի առնչությունը ազատ խոսքի հետ:

Իրանի Իսլամական Հանրապետության պաշտոնաթերթը, որը կոչվում է «Իրան» և արտահայտում է Իրանի նախագահ Հասան Ռոհանիի կառավարության տեսակետը , լայնորեն անդրադարձել էր Փարիզի հարձակմանը, առաջին էջում լուսանկարով ու վերնագրով ընդգծելով Փարիզի ահաբեկչությունների արյունոտ տեսարանը:

Անկախ, կամ բարեփոխական համարվող «Շարք», «Իթեմադ» թերթերը նույնպես իրադարձությունները ներկայացնում են առաջին էջերում, բայց թեմայի լուսաբանմանը ավելի քիչ տեղ է հատկացված, քան «Իրան» թերթում, կամ Թեհրանի քաղաքապետարանի պաշտոնական «Համշահրի» թերթում:

Պահպանողական համարվող մամուլը մեղադրում է Ֆրանսիայի մերձավորարևելյան քաղաքականությունը: Իսլամական հեղափոխության պահապաններին մոտ կանգնած «Ջավան» թերթը գրում է. - «Ֆրանսիան այն երկրների թվում է, որտեղից շատ ահաբեկիչներ են մեկնել Սիրիա և կարելի է կանխատեսել, թե այդ ահաբեկիչների վերադարձը որքան վտանգավոր է Եվրոպայի համար»:

Իրաքի մամուլում լուսաբանումը բավականին սահմանափակ է: Իրաքի հիմնական թերթերից միայն երեքն էին անդրադարձել Փարիզի ահաբեկչությանը, որոնցից երկուսում արտատպված էին արևմտյան մամուլի հրապարակումները: Իսկ «Ալ Սաբահ ալ Ջադիդ» թերթը ներկայացրել է հարձակումները դատապարտող աշխարհի առաջնորդների հայտարարությունները, ներառյալ ԱՄՆ-ի նախագահի և Մեծ Բրիտանիայի վարչապետի հայտարարությունները, ինչպես նաև մեկնաբանություն Կահիրեի Ալ Աժար համալսարանից, ուր ասված է, որ «իսլամը բռնությունների դեմ է»:

Փարիզում աշխատող իրաքցի լրագրող Ջավադ Բիշարան Իրաքի մամուլի սահմանափակ լուսաբանումը այսպես է մեկնաբանել․ - «Իրաքի մամուլը մեծ մասամբ անտարբեր էր, որովհետև յուրաքանչուր օր Իրաքում շատ ավելի մարդիկ են սպանվում, իսկ դրան արտաքին աշխարհը հազիվ է արձագանքում»:

Աֆղանստանի թերթերը շաբաթավերջի արձակուրդում են, սակայն թալիբները, օգտագործելով պահը, իրենց կայքում հունվարի 8-ին մի հրապարակում տեղադրեցին՝ Փարիզի սպանությունները ներկայացնելով որպես «ահազանգ բոլոր նրանց համար, ովքեր վիրավորել են իսլամը և մարգարեին»: Բայց հրապարակումը այնքան հեռու չի գնացել, որ բացահայտ պաշտպանի հարձակումը:

Պակիստանի հիմնական թերթերը լայնորեն լուսաբանել են իրադարձությունները, ներկայացնելով լուրեր, մեկնաբանություններ, խմբագրականներ:

Անգլերեն հրատարակվող «Դոն» թերթը հունվարի 9-ին գրել է. - «Իսլամն ու մահմեդականները նորից ուշադրության կենտրոնում են ու նորից սխալ պատճառներով»: Թերթը նշում է, որ Կահիրեի ազդեցիկ Ալ Աժար համալսարանը Փարիզի հարձակումը հանցագործություն է համարել և որ իսլամը դատապարտում է ցանկացած բռնություն: Թերթում նաև նշված է, որ Արաբական պետությունների լիգան ևս դատապարտել է սպանդը: Միաժամանակ թերթը հավելում է. - «Շատ բան կարել է ասել և անել, մասնավորապես՝ Արևմուտքում մահմեդականների և ոչ մահմեդականների միջև առաջացող խորը տարաձայնությունների մասին»:

Նույնպես անգլերեն լույս տեսնող «Դեյլի Թայմզ» թերթը, մամուլի ազատության և իսլամին ու Մուհամեդին վերաբերող հարցերում ներկայացնելով տարբեր կարծիքներ, մասնավորապես գրել է, որ մահմեդականները կարիք ունեն վերանայելու մարգարեին վիրավորանք հասցնելու մեղադրանքները, հասկանալու համար, որ նրանք ովքեր զենքի են դիմում` համոզիչ հիմնավորումներ չունեն, իսկ նրանք, ովքեր պայքարելու համար որպես զենք խոսքն են ընտրում՝ ի վերջո հաղթանակի են հասնելու:

Թուրքական մամուլը լայնորեն լուսաբանել է Փարիզի սպանդը: Մեկնաբանություններում ևս գլխավորապես դատապարտումներ են, չնայած որոշ չափով տոնայնության տարբերություններ են զգացվում:

Կառավարամետ ու կրոնական ուղղվածություն ունեցող «Միլլի Գազեթ» պարբերականի սյունակագիր Ալի Բայրամօղլին գրել է. - «Առաջինը, որ հիմա պետք է անել, դա դատապարտելն է: Բայց հիմնական հարցը պայքարն է՝ թույլ չտալու համար, որ խնդիրները անջատվեն քաղաքականությունից ու միայն ուժային լուծում ստանան»:

Արաբական «Ալ Հայաթ» թերթը խստորեն դատապարտել է հարձակումը՝ հրապարակումը վերնագրելով այսպես. «Ահաբեկիչները սառնասրտորեն հարվածեցին Փարիզի սրտին»:

Արաբական աշխարհի մեկ այլ հիմնական պարբերական՝ «Աշարք Ալավսաթը» ընդգծել է, որ Սաուդյան Արաբիան, Արաբական լիգան և Եգիպտոսի «Ալ Աժար» համալսարանը «Շառլի Էբդոյի» դեմ հարձակումը դատապարտող միջազգային հանրության հետ առաջին շարքերում են:

Օմանի «Ալ Վաթան» թերթը «Ով թույն է պատրաստում, ինքն էլ այն կխմի» վերնագրի ներքո գրում է. - «Որքան ցավալի է, որ աշխարհը շարունակվում է սուզվել սեփական արյան մեջ»:

Կենտրոնական Ասիայում ռուսալեզու centrasia.ru կայքը բաց քննարկում է կազմակերպել «Շառլի Էբդո» երգիծական հանդեսի վրա կատարված արյունալի հարձակման շուրջ, ներկայացնելով տարաբնույթ կարծիքներ ու մեկնաբանություններ: Ոմանք մեղադրում են Եվրոպային երեսպաշտության մեջ, գրելով, որ Եվրոպան, պաշտպանելով ազատ խոսքն ու ներգաղթը, հետո սկսում է ճնշել միգրանտներին: - «Հնարավոր է՝ նրանք պատասխանել են դրան»,- գրել են ռուսալեզու կայքում:

Կենտրոնական Ասիայի հետխորհրդային երկրների մամուլը ևս լայնորեն անդրադարձել է Փարիզի հարձակումներին, բայց աշխատելով հիմնականում ներկայացնել պաշտոնական դատապարտող հայտարարությունները՝ նշելով, որ ահաբեկչությունը գլոբալ խնդիր է: Ղազախական մի շարք թերթեր գրում են, որ մոտավորապես երեք տասնյակ ղազախ լրագրողներ ծաղիկներ են դրել Ալմաթիում Ֆրանսիայի հյուպատոսության մոտ: Նախաձեռնության հեղինակ Մարժան Էլշիբայևան Tengrinews կայքին ասել է, որ ծաղիկներ դնելով աջակցություն են հայտնում իրենց ֆրանսիացի գործընկերներին:

XS
SM
MD
LG