Մատչելիության հղումներ

Հայամետ սենատորը չի մասնակցի ԱՄՆ Սենատի 2016-ի ընտրություններին


Սենատոր Բարբարա Բոքսեր, արխիվ

Սենատոր Բարբարա Բոքսեր, արխիվ

USA Today-ը գրում է, որ Բարբարա Բոքսերի հայտարարությունը Կալիֆորնիայում նման է քաղաքական երկրաշարժի:

Սենատոր Բարբարա Բոքսերը երեկ հայտարարել է, որ չի մասնակցի Միացյալ Նահանգների Սենատի 2016 թվականի ընտրություններին:

Կալիֆորնիա նահանգից ընտրված` Դեմոկրատական կուսակցությունը ներկայացնող ազդեցիկ, մեծ փորձ ունեցող սենատորը հայտնի է նաև իր հայամետ գործունեությամբ:

Մեծ քաղաքականությունից հեռանալու մասին Բոքսերը հայտնել է Youtube-ում տեղադրված տեսանյութում, որտեղ հարցազրույց է տալիս իր թոռանը:

«Ես ցանկանում եմ տուն գալ, իմ շատ սիրելի նահանգը՝ Կալիֆորնիա», - ասել է սենատորը:

74-ամյա Բարբարա Բոքսերը շեշտել է, որ գալիք տարի ընտրություններին չմասնակցելու իր որոշումը տարիքի հետ կապ չունի, և հավելել է, որ իրեն երիտասարդ է զգում:

«Ես երբեք չեմ պատրաստվում անցնել թոշակի, աշխատանքը շատ կարևոր է, բայց ես 2016 թվականին չեմ մասնակցի Սենատի ընտրություններին», - հայտարարել է Բոքսերը:

Ներկայացուցիչների տան դեմոկրատների խմբակցության առաջնորդ Նենսի Փելոսին, ով նույնպես Կալիֆորնիայից է ընտրվել, ասել է, որ Բարբարա Բոքսերը իր ճանաչած ամենաանշահախնդիր գործիչներից մեկն է:

«Նրա հեռանալը մեծ կորուստ է Միացյալ Նահանգների Կոնգրեսի, Կալիֆորնիայի ժողովրդի և մեր երկրի համար», - հայտարարել է Փելոսին:

Բոքսերը առաջին անգամ սենատոր է ընտրվել 1992 թվակաինի, որից հետո նույն պաշտոնը զբաղեցրել է ևս չորս անգամ, իսկ մինչ այդ նա տասը տարի կոնգրեսական էր Ներկայացուցիչների տանը:

Բարբարա Բոքսերը ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման աջակիցներից է և համապատասխան օրինագծերի համահեղինակներից: Նա բազմիցս բարձրացրել է նաև Թուրքիայի կողմից Հայաստանի շրջափակումը վերացնելու հարցը:

USA Today-ը գրում է, որ Բարբարա Բոքսերի հայտարարությունը Կալիֆորնիայում նման է քաղաքական երկրաշարժի:

XS
SM
MD
LG