Մատչելիության հղումներ

Կադիրովը իր անձնական թշնամին է անվանում Խոդորկովսկուն


Չեչնիայի նախագահ Ռամզան Կադիրովը ասուլիսի ժամանակ, արխիվ

Չեչնիայի նախագահ Ռամզան Կադիրովը ասուլիսի ժամանակ, արխիվ

Չեչնիայի նախագահի կոշտ հայտարարությունը հետևել է ՅՈւԿՕՍ-ի նախկին սեփականատիրոջ թվիթերյան գրառմանը:

Չեչնիայի նախագահ Ռամզան Կադիրովը ՅՈւԿՕՍ-ի նախկին սեփականատեր Միխայիլ Խոդորկովսկուն իր անձնական թշնամին է անվանել ու բավականին կոշտ և վիրավորական հայտարարություն է արել:

«Ոմն Խոդորկովսկին այսօր բոլոր մահմեդականների թշնամին է», - Ինստագրամում գրել է Կադիրովը:

Փարիզի ահաբեկչությունից հետո, երեկ, Խոդորկովսկին բոլոր լրագրողներին կոչ էր արել հրապարակել Մուհամեդ մարգարեի ծաղրանկարները: «Եթե լրագրողներն իրենց հարգում են, վաղը չպետք է լինի և ոչ մի լրատվամիջոց առանց մարգարեի ծաղրանկարի», - Թվիթերում գրել էր նախկին օլիգարխը, ով այսօր Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հիմնական ընդդիմախոսներից է:

ՅՈւԿՕՍ-ի նախկին սեփականատեր Միխայիլ Խոդորկովսկի, արխիվ

ՅՈւԿՕՍ-ի նախկին սեփականատեր Միխայիլ Խոդորկովսկի, արխիվ

Խոդորկովսկին հավելել էր, որ նույնիսկ սեփական կյանքի գնով ամեն անգամ պետք է ապացուցել, որ ահաբեկչությունը խնդիրներ չի լուծում: «Հակառակ դեպքում մենք մարդիկ չենք, այլ՝ հոտ», - գրել էր նախկին օլիգարխը, ով այսօր Շվեյցարիայում է ապրում:

Կադիրովին, սակայն, Խոդորկովսկու բացատրությունը, ըստ էության, չի բավարարել, և նա խիստ զայրացել է ու ՅՈւԿՕՍ-ի նախկին սեփականատիրոջն իր անձնական թշնամին է անվանել, նույնիսկ սպառնալով, որ Շվեյցարիայում կգտնվեն մարդիկ, ովքեր վրեժխնդիր կլինեն Խոդորկովսկուց:

Ավելի վաղ Խոդորկովսկուն Չեչնիայի թշնամի էր անվանել նաև Ռուսաստանի այս հյուսիսկովկասյան հանրապետության խորհրդարանի նախագահ Դուկուվախա Աբդուռախմանովը:

Ռուսաստանի մահմեդական մյուս հանրապետությունների ղեկավարները Խոդորկովսկու գրառմանը դեռ չեն արձագանքել:

Ինքը՝ Խոդորկովսկին ավելի ուշ արձագանքել է Չեչնիայի նախագահիի հայտարարությանը:

«Ես լսեցի և ի գիտություն ընդունեցի Վլադիմիր Պուտինի նվիրված աջակցի սպառնալիքը: Այդ սպառնալիքն իր ուղղվածությամբ ոչնչով չի առանձնանում Փարիզի երեկվա ահաբեկչությունից․ դրա նպատակն է վախեցնել, զրկել ձայնի իրավունքից: Բայց ես երեկ ասացի և այսօր էլ կկրկնեմ՝ մեզ չես վախեցնի: Մենք հաստատապես պաշտպանելու ենք խոսքի ազատությունը՝ ժամանակակից հասարակության հիմնական արժեքը», - BBC-ի փոխանցմամբ՝ իր բլոգում գրել է Խոդորկովսկին:

XS
SM
MD
LG