Մատչելիության հղումներ

Աշխարհի պետությունների ղեկավարները դատապարտում են ֆրանսիական շաբաթաթերթի դեմ հարձակումը


Ահաբեկչական այս հարձակումը դատապարտում են նաև մահմեդական մի շարք երկրներ ու կազմակերպություններ։

Հինգշաբթի երեկոյան Ֆրանսիայի ոստիկանության ստորաբաժանումները մոտենում էին Փարիզից 70 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Վիլյե-Կոտռե քաղաքին, որտեղ ավելի վաղ նկատել էին «Շառլի Էբդո» երգիծական շաբաթաթերթի դեմ իրականացված հարձակման երկու կասկածյալներին: Հիշեցնենք, որ նրանցից ամենաերիտասարդն ավելի վաղ հանձնվել էր իշխանություններին։

Այս շաբաթաթերթը միշտ էլ եղել է ազատ խոսքի առաջամարտիկ, ու այն թիրախ ընտրելու փաստը համարվում է հարձակում ընդդեմ խոսքի ազատության, ասում են ֆրանսիացիներն ու սգում 12 զոհերի համար։

Ինտերնետային սոցիալական ցանցերն այս օրերին նույնպես լցված են ազատ խոսքի իրավունքը պաշտպանելող հոդվածներով ու նամակներով։

Որպես աջակցություն ֆրանսիական այս թերթին, որպես զոհված անձանց հիշատակ ու որպես պատասխան իսլամիստ ջիհադիստներին, եվրոպական մի շարք թերթեր ու ամսագրեր իրենց էջերում արտատպել են «Շառլի Էբդո» երգիծական շաբաթաթերթի այն ծաղրանկարներն ու մեկնաբանությունները, որոնց պատճառով էին երեք անձինք «ալլահու աքբար» բացականչելով հարձակում իրականացրել խմբագրատան վրա։ «Մենք լուծում են Մուհամեդ մարգարեի վրեժը», - բացականչել էին ահաբեկիչները։

Անվտանգության ուժերը վերջին ամիսներին ունեին այն մտավախությունը, որ «Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորման գործողություններից ոգևորված կամ դրա շարքերում կռվելուց և եվրոպական երկրներ վերադառնալուց հետո ծայրահեղականները կարող են իրականացնել նման գործողություններ։ Այնպես որ, ասում են անվտանգության պաշտոնատար անձինք, նման գործողություններ կարող են նորից իրականացվել եվրոպական որևէ երկրի տարածքում։ Հարձակման նույն օրը «Իսլամական պետություն» խմբավորումը ինտերնետ էր վերբեռնել մի տեսագրություն, որտեղ երեք անձինք այրում են իրենց ֆրանսիական անձնագրերը և կոչ անում Ֆրանսիայում բնակվող մահմեդականներին միանալ իրենց կամ ահաբեկչական գործողություններ իրականացնել այս երկրի դեմ։

Ֆրանսիայի մահմեդականների խորհուրդը, սակայն, կոչ է անում Ֆրանսիայի բոլոր իմամներին դատապարտել բռնություններն ու ահաբեկչությունը։

Ահաբեկչական այս գործողությունը դատապարտող երկրների շարքում է նաև Իրանը։ Այդ երկրի արտգործնախարարության հայտարարության համաձայն՝ անմեղ մարդկանց դեմ իրականացվող ահաբեկչական որևէ գործողություն դեմ է իսլամի ուսմունքին։

Այս հարձակման՝ մահմեդականության սկզբունքների ու արժեքների դեմ ուղղված լինելու մասին հայտարարությամբ է հանդես եկել նաև 57 անդամ պետություն ընդգրկող Մահմեդական համագործակցություն կազմակերպությունը։

Հարձակումը դատապարտող հայտարարություններով են հանդես եկել աշխարհի մեծաթիվ երկրների ղեկավարներ։ Առաջիններից մեկը Հայաստանն է։ Նախագահ Սերժ Սարգսյանի հղած ցավակցական հեռագրում ընդգծվում է նաև ահաբեկչության դեմ պայքարում միջազգային համայնքի ջանքերը է՛լ ավելի համախմբելու կարևորությունը։

Եվրոպական միությունը հայտարարում է, որ այս հարձակումն ուղղված է ընդդեմ Եվրոպայի արժեքների և ժողովրդավարության հիմք հանդիսացող խոսքի ազատության։ Եվրոպայի խորհրդի նորանշանակ նախագահի խոսքով՝ հարկավոր է զարկ տալ ահաբեկչության դեմ պայքարին։

Նման գործողությունները վտանգի տակ են դնում ժողովուրդների միջև խաղաղ գոյակցությունը, ասված է Հռոմի Ֆրանցիսկոս պապի հայտարարության մեջ։

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի խոսքերով՝ ազատ խոսքի իրավունքը մի բան է, որն անհնար է լռեցնել մի քանիսի կողմից իրականացվող անմիտ բռնությունների պատճառով։

Ֆրանսիայում մյուս թերթերի խմբագրությունները պաշտպանելու նպատակով ոստիկանության թվակազմը համալրվել է 800-ով։

Այս հարձակումը Եվրոպայում վերջին տարիներին իրականացված ահաբեկչական ամենախոշոր գործողություններից էր։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG