Մատչելիության հղումներ

logo-print

Թուրքական գյուղի «ծպտյալ հայ» բնակչուհին


Հայկական եկեղեցու ավերակներ Թուրքիայի տարածքում, արխիվ

Հայկական եկեղեցու ավերակներ Թուրքիայի տարածքում, արխիվ

Մինչև 1915-ը Չունքուշում 10 հազարից ավելի ավելի հայ էր բնակվում, այժմ գյուղի միակ հայը 95-ամյա Ասյան է:

Horizon Weekly-ն պատմում է Թուրքիայի հարավարևելյան հատվածում գտնվող Չունքուշ գյուղի «ծպտյալ հայ» բնակչուհու՝ 95-ամյա Ասյայի մասին:

«Մինչև 1915-ը Չունքուշն ավելի քան 10 հազար հայերի բնակատեղի էր», - նկատում է հոդվածագիրը՝ շեշտելով, որ այժմ գյուղի միակ հայը Ասյան է մնացել: - «Նրա հոր և մոր ծանոթության առիթը 1915-ի ջարդերն են դարձել: Հայերին կոտորելու ուղարկված թուրք զինվորներից մեկի ուշադրությունից չի վրիպել 10-ամյա գեղեցիկ հայուհին: 10 տարեկանում նա դառնում է թուրք զինվորականի կինը, 5 տարի անց նրանց միությունից ծնվում է Ասյան: Նա էլ է կիսում մոր ճակատագիրը՝ Չունքուշում գոյատևում է միայն հայկական արմատները թաքցնելու պատճառով»:

Ասյայի հայրը՝ թուրք զինվորականը մահացել է, երբ աղջիկը դեռ մանկահասակ է եղել՝ 3-4 տարեկան: Մայրը նրան պատմել է, որ հայ է, բայց նաև զգուշացրել՝ այդ տեղեկությունը գաղտնիք է, որ չի կարելի պատմել հարևաններին: Նրանց ինքնությունն անհրաժեշտ էր գաղտնի պահել:

Ասյային ամուսնացրել են 11 տարեկանում՝ նրանից զգալիորեն տարիքով տղամարդու հետ: «Ամուսնուն ընտրելու իրավունք չկար», - պատմել է կինը, - «Ինձ տվեցին մեկին, ում նրանք հարմար գտան»:

Ասյան և նրա ամուսինը մնացել են Չունքուշում, մեծացրել երկու դուստրերին և որդուն:

Լրագրողը փորձել է հարցուփորձ անել 1915-ի ջարդերից՝ մայրը պետք է որ պատմած լիներ դրանց մասին: Ասյան, սակայն, հրաժարվել է խոսել այդ թեմայով: Ու ընդհանրապես, նկատում է հոդվածի հեղինակը, անցյալին նա քիչ է անդրադարձել:

«Չունքուշը, նրա եկեղեցիներն այնքան գեղեցիկ էին, այժմ անցյալից ոչինչ չի պահպանվել: Նրանք անգամ հայկական բոլոր գերեզմաններն են ոչնչացրել», - ասել է ծպտյալ հայուհին:

«Ինչպե՞ս է իրեն զգում Չունքուշում մնացած միակ հայը, երբ հանդիպում է Սփյուռքից ժամանած հայրենակիցներին», - այս հարցին 95-ամյա Ասյան պատասխանել է․ - «Աշխարհի չափ ուրախանում եմ»:

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG