Մատչելիության հղումներ

logo-print

«Քիսթոուն» նավթամուղի նախագիծը կարևոր տեղ է զբաղեցնում ԱՄՆ Կոնգրեսի օրակարգում


Մեծ Բրիտանիա - «Քիսթոուն» նախագծի դեմ բողոքի ակցիա Լոնդոնում Մեծ ութնյակի արտգործնախարարների հանդիպման ժամանակ, 11-ը ապրիլի, 2013թ․

Մեծ Բրիտանիա - «Քիսթոուն» նախագծի դեմ բողոքի ակցիա Լոնդոնում Մեծ ութնյակի արտգործնախարարների հանդիպման ժամանակ, 11-ը ապրիլի, 2013թ․

Սենատի հանրապետական մեծամասնությունը պաշտպանում է վիճահարույց նախագիծը, սակայն նախագահ Օբաման կարող է այն վետոյի ենթարկել։

Միացյալ Նահանգների նավթային արդյունաբերության բարձրաստիճան պաշտոնյաները Կոնգրեսին և նախագահ Բարաք Օբամային կոչ են արել հաստատել «Քիսթոուն» նավթամուղի վիճահարույց նախագիծը, որով ծրագրվում է նավթը Կանադայից հասցնել մինչև Մեքսիկական ծովածոցի նավթազտարանները։

Նավթարդյունաբերության պաշտոնյաների համաձայն՝ «Քիսթոուն» նավթամուղը հազարավոր աշխատատեղեր կստեղծի։ Սակայն բնապահպանները պնդում են, որ նավթամուղը կմեծացնի շրջակա միջավայրի աղտոտումը, և այն անհրաժեշտ չէ մի ժամանակ, երբ նավթի առատություն է տիրում։

Սենատի հանրապետական մեծամասնությունը պաշտպանում է «Քիսթոուն» նախագիծը, սակայն նախագահ Օբաման կարող է այն վետոյի ենթարկել։

«Քիսթոուն» նավթամուղը կարող է օրական ավելի քան 800 հազար բարել կանադական նավթ Միացյալ Նահանգների ամբողջ տարածքով մղել դեպի Մեքսիկական ծովածոցի նավթազտարանները։

Նավթամուղի կողմնակիցները պնդում են, որ դա կնպաստի Միացյալ Նահանգների տնտեսությանը և կստեղծի 42 հազար աշխատատեղ նավթամուղի երկու տարի տևելիք շինարարության շնորհիվ։

«Ամերիքըն Փեթրոլիում» հաստատությունից Ջեք Ջերարդի համաձայն՝ «Քիսթոուն» նավթամուղի շուրջ ձգձգվող վեճերը տասնյակ հազարավոր ամերիկացիների զրկում են լավ վարձատրվող աշխատանքից։ «Մեր երկիրը զրկվում է փոխադրության համար անհրաժեշտ էներգիայի ապահով և արդյունավետ միջոցներից», - ասել է նա։

Օբաման դեկտեմբերին հայտարարել է, որ վստահ չէ, թե «Քիսթոուն» նավթամուղը իրապես մեծ թվով աշխատատեղեր կստեղծի կամ կբարելավի տնտեսությունը։ «Կարծում եմ, որ այս ամենի հիմքում ընկած են տնտեսությունը բարելավելու կախարդական բանաձևեր ներկայացնելու միտումները», - ասել է Միացյալ Նահանգների նախագահը։

Քննադատները պնդում են, որ նավթամուղով տեղափոխվող նավթատեսակը այլ տիպի նավթատեսակներից շատ ավելի մեծ վնաս կպատճառի շրջակա միջավայրին։

«Փաստորեն, այս տիպի նավթի արդյունահանման գործողությունը շատ ավելի մեծ նավթազտարաններ և շատ ավելի մեծ քանակությամբ էլեկտրականություն ու ջուր պահանջող գործողություն է», - ասել է «Փաբլիք Սիթիզըն» կազմակերպության ներկայացուցիչ Թայսըն Սլոքըմը։

Սենատի հանրապետական մեծամասնությունը «Քիսթոուն» նախագծի հաստատումը համարում է Կոնգրեսի նոր նստաշրջանի օրակարգի ամենակարևոր խնդիրը։

«Քիսթոուն»-ի կողմնակիցներից սենատոր Ջոն Հոյվենը նախագիծը հաստատելու բանաձև է ներկայացրել՝ խոստանալով անհապաղ վավերացնել այն։

Միացյալ Նահանգներում «Քիսթոուն»-ը մինչև հիմա եղել է շատ բողոքների թիրախը։ Չնայած նախագծի քննարկումն այժմ Կոնգրեսում նոր թափ է ստացել՝ «Քիսթոուն»-ի ճակատագիրը կախված է նավթի նվազող գներից, ինչը ի վերջո կարող է պատճառ դառնալ, որ «Քիսթոուն»-ի նավթը համեմատաբար թանկ և անշահավետ արտադրանք նկատվի։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG