Մատչելիության հղումներ

logo-print

NDI-ի հայաստանյան գրասենյակը սառեցնում է գործունեությունը


Կազմակերպության ներկայացուցիչ Գեղամ Սարգսյանի խոսքով՝ խնդիրը ֆինանսական է և կապված չէ ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության հետ:

Գալիք գարնանից Միացյալ Նահանգների կառավարության կողմից ֆինանասավորվող և Հայաստանում ժողովրդավարության զարգացմանը աջակցող Ազգային ժողովրդավարական ինստիտուտի (National Democratic Institute - NDI) հայաստանյան գրասենյակը անորոշ ժամանակով սառեցնում է իր աշխատանքը:

Կազմակերպության ներկայացուցիչ Գեղամ Սարգսյանը «Ազատության» հետ զրույցում համոզմունք հայտնեց, որ խնդիրը ֆինանսական է և կապված չէ Ռուսաստանի նախաձեռնած Եվրասիական տնտեսական միությանը (ԵՏՄ) Հայաստանի անդամակցելու հետ․ - «Ես սրա տակ ոչ մի քաղաքական դրդապատճառ չեմ տեսնում: Ես չեմ կարող խոսել ամերիկյան կառավարության անունից․ այդ հարցերը կարող եք ուղղել Միացյալ Նահանգների դեսպանատուն: Բայց ես կարծում եմ, որ ինչ-որ փոքր հիասթափություն հնարավոր է, որ Արևմուտքի կողմից եղել է, բայց դա անակնկալ չի եղել»:

Նա, այդուամենայնիվ, ընդունում է, որ նախկին Խորրդային միության տարածքում փոխվել են առաջնահերթությունները, և Հայաստանը վերջին տարիներին Վրաստանի, Ուկրաինայի և Մոլդովայի համեմատ ավելի քիչ ֆինանսավորում է ստացել․ - «Հայաստանը միշտ վերջին տարիներին հայտնվել է ֆինանսավորման ռադարից մի փոքր ավելի դուրս: Նկատի ունենալով Ռուսաստանի հետ հարաբերությունները»:

Գրասենյակը Հայաստանում գործում է արդեն 20 տարի: Այս ընթացքում աջակցել է ժողովրդավարության ամրապնդմանը՝ համագործակցելով քաղաքական կուսակցությունների և հասարակական կազմակերպությունների հետ:

Գեղամ Սարգսյանը հույս ունի, որ ապագայում այս ծրագրերը կշարունակվեն, սակայն հստակ ժամկետներ առայժմ չի կարող նշել․ - «Այն ժամանակ կարևոր էր երևի քաղաքական կուսակցությունների հետ աշխատանքը, կարևոր էր օրենքի գերակայության հետ կապված մեր շրջանակներում աշխատանքը, ընտրական քարոզարշավի կազմակերպումը: Դիմացը չկան ընտրություններ: Այս պահին դա առաջնահերթություն չի համարվում USAID-ի (ԵՄՆ-ի Միջազգային զարգացման գործակալություն) համար: Սա չի նշանակում, որ դա կարող է շատ երկար ժամանակ տևել: Սա դեռևս դիտվում է որպես հնարավորությունների երկիր»:

Քաղաքագետ Ստեփան Սաֆարյանը, սակայն, կարծում է , որ այս գրասենյակի աշխատանքների դադարեցումը իրականում քաղաքական դրդապատճառներ ունի․ - «Քաջածանոթ լինելով NDI-ի կողմից իրականացվող ծրագրերին՝ պետք է ասել, որ դա ենթադրում էր կուսակցությունների հետ աշխատանք, հատկապես երիտասարդական, կանանց կազմակերպությունների հետ: Եվ ամբողջ նպատակը կուսակցությունների ներսում ժողովրդավարության, բազմակարծության նոր մշակույթի ներդրման, նոր ոճով՝ ժողովրդավարական մշակույթին համահունչ քարոզարշավ վարելուն, կամպանիաներ իրականացնելուն էր միտված: Եվ հիմա հասկանալի է, թե ինչու NDI-ի համար գերակայություն չէ, որովհետև ո՛չ երիտասարդական կազմակերպությունները, ո՛չ էլ կանանց կազմակերպությունները հայաստանյան ավտորիտար, անձնակենտրոն կուսակցություններում չեն կարող որևէ լուրջ բան փոխել»:

Միևնույն ժամանակ Ստեփան Սաֆարյանը չի կարծում, որ Հայաստան - ԱՄՆ համագործակցության հետաքրքրությունները նվազելու են: Ընդամենը, ըստ քաղաքագետի, փոխվելու են գերակա ուղղությունները․ - «Սա նաև, իհարկե, լավ նշան չէ Հայաստան - Միացյալ Նահանգներ հարաբերությունների կտրվածքով, բայց առայժմ դեռևս վաղ է խոսել, որ Միացյալ Նահանգները կգնա իր ծրագրերի նվազեցման ճանապարհով: Այլ բան է, որ դրանք իսկապես ավելի շատ ուղղված կլինեն տեղական կազմակերպություններին, հասարակական կազմակերպություններին, երիտասարդական խմբերին աջակցելու և այդ ոլորտում ներդրումներ կատարելու ճանապարհով»:

XS
SM
MD
LG