Մատչելիության հղումներ

Էրդողան. «Թուրքիան թույլ չի տա խեղաթյուրել 1915-ի իրադարձությունները»


Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողան, արխիվ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողան, արխիվ

Էրդողանն ասել է, թե հայերը գերադասում են իրենց էներգիան վատնել «այսպես կոչված Հայոց ցեղասպանությունը» քաղաքականացնելու վրա։

Թուրքիան թույլ չի տա խեղաթյուրել պատմական փաստերը, այդ թվում 1915 թվականի իրադարձությունները։ Ըստ ադրբեջանական Vesti.az կայքի, այդ մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը Թուրքիայի դեսպանների համաժողովի ժամանակ։

Թուրքիայի նախագահն իր ելույթում նշել է, որ այս տարի աշխարհի որոշ շրջանակներ նշելու են «այսպես կոչված Հայոց ցեղասպանության» 100-րդ տարելիցը։ Թուրքիայի նախագահի ելույթի այս հատվածը փոխանցում է ադրբեջանական գործակալությունը՝ վկայակոչելով թուրքական TRT Haber-ը։

APA գործակալությունը, վկայակոչելով CNN Turk հեռուստաընկերությունը, հաղորդում է, որ Էրդողանը ճաշի է հրավիրել համաժողովին մասնակցած Թուրքիայի դեսպաններին և ճաշկերույթի ընթացքում խոսել նաև հայկական հարցերից։

Ըստ այս հաղորդագրության, Էրդողանն ասել է, թե հայերը գերադասում են իրենց էներգիան վատնել «այսպես կոչված Հայոց ցեղասպանությունը» քաղաքականացնելու վրա։

«Այս կապակցությամբ Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը դրսում լայնածավալ գործունեություն է տանում։ 2015 թվականին նախարարությունը և համապատասխան այլ կառույցներ աշխատելու են համակարգված։ Ես համոզված եմ, որ նրանք կարող են հաղթահարել անհիմն մեղադրանքները», - դեսպանների հետ հանդիպմանն ասել է Թուրքիայի նախագահը։

Աշխարհի երկրներում հավատարմագրված Թուրքիայի դեսպանների, դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների չորսօրյա համաժողովը սկսվել է երկուշաբթի օրը։

Թուրքական Today’s Zaman-ի փոխանցմամբ՝ համաժողովում Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն Եվրոպային մեղադրել է Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության հարցում կանխակալ, միակողմանի վերաբերմունք ցուցաբերելու մեջ և նշել է, որ չնայած դրան՝ Անկարան շարունակում է Եվրամիությանը ինտեգրվելու ջանքերը։ Նա ասել է, որ արտգործնախարարությունը և կառավարությունն ընդհանրապես ամեն ինչ անում են թուրք հանրությանը ոգևորելու Եվրամիությանն անդամակցելու հեռանկարով, ջանքեր են թափում, որ Թուրքիայի քաղաքացիները կարողանան առանց վիզայի Շենգենի գոտու երկրներ մեկնել։

Hurriyet Daily News-ի փոխանցմամբ, անդրադառնալով Սիրիայի ճգնաժամին՝ նա ևս մեկ անգամ պնդել է Սիրիայի տարածքում անվտանգության և ոչ թռիչքային գոտիներ ստեղծելու Անկարայի դիրքորոշումը։

Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ Դարդանելի ճակատամարտի 100-ամյակի կապակցությամբ, որն ավարտվել էր թուրքերի հաղթանակով, Չավուշօղլուն պլանավորել է դեսպանների համաժողովի շրջանակում հունվարի 9-ին մեկօրյա այց կատարել Չանքալայի նահանգ։

Իսկ «Անադոլու» լրատվական գործակալությունը նաև որոշ թվաբանական տվյալներ է հաղորդում. Մևլութ Չավուշօղլուն ասել է, որ Թուրքիան դիվանագիտական ներուժի տեսանկյունից դարձել է աշխարհի 6-րդ երկիրը։ Թուրքիան աշխարհով մեկ 228 դեսպանատներ և դիվանագիտական ներկայացուցչություններ ունի։ Ւսկ Ստամբուլն այստեղ գործող բազմաթիվ երկրների գլխավոր հյուպատոսությունների թվով դարձել է աշխարհի երկրորդ քաղաքը Նյու Յորքից հետո։

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG