Մատչելիության հղումներ

Երկու օրում ռուբլին արժեզրկվել է մոտ 10 տոկոսով


Արդեն երկրորդ օրն է ռուսական տարադրամը արժեզրկվում է:

Ռուբլին արժեզրկվում է նավթի ցածր գների ֆոնին: Առավոտյան «Բրենթ» նավթը վաճառվում էր արդեն 52 դոլարով:

Տարեվերջին Ռուսաստանի ֆինանսների նախարարությունը կանխատեսում էր, որ 2015-ին նավթի գինը լինելու է 60 դոլարի սահմաններում: Այդ դեպքում ռուբլու անկումը կանգնեցվելու է և դոլարը 2015-ին, ըստ Ֆինանսների նախարարության, կարժենա մոտ 51 ռուբլի: Դեկտեմբերի վերջին նման կանխատեսում էր արել Ռուսաստանի ֆինանսների նախարար Անտոն Սիլուանովը:

Այսօր, սակայն, հունվարի 6-ն է, և ռուբլին նորից անկում է գրանցում: Երկու օրում այն արժեզրկվել է 7 ռուբլով՝ ավելի քան 10 տոկոսով:

Փորձագետները, ի տարբերություն պաշտոնյաների, ավելի հոռետես են և համոզված են, որ 2015-ին ռուսաստանցիներին սպասում են ցավալի գնաճ, արտադրության անկում, ընկերությունների սնանկացում, գործազրկության աճ:

Տնտեսագետ Վլադիմիր Կիսելյովը կանխատեսում է, որ նավթի ցածր գների պատճառով Ռուսաստանի ՀՆԱ-ն կնվազի առնվազն 4 տոկոսով: Փորձագետի կարծիքով՝ ճգնաժամի վրա ազդում են և նավթի ցածր գները և պատժամիջոցները, հատկապես որ առաջիկայում ռուսական ընկերությունները պետք է վճարեն իրենց արտաքին պարտքի մի մասը՝ մոտ 100 միլիարդ դոլար:

«Իհարկե, կառավարությունը փորձում է ինչ-որ բան ձեռնարկել ճգնաժամը մեղմելու համար, սակայն միակ արդյունավետ լուծումը կլինի այն, որ քայլեր արվեն արևմտյան պատժամիջոցները հանելու համար: Միայն սա կարող է օգնել», - ասել է տնտեսագետը «Դոժդ» հեռուստաընկերության եթերում:

Տնտեսագետ Իգոր Նիկոլաևն էլ ավելի հոռետես է: Նա գրում է, որ արդեն գարնանը դոլարը կարժենա 70-80 ռուբլի, և ռուբլու արժեվորման համար, ըստ Նիկոլաևի, որևէ նախադրյալ չկա:

Տնտեսագետներն այն կարծիքին են, որ այս ճգնաժամից Ռուսաստանը կկարողանա դուրս գալ միայն եթե կարողանա վերականգնել նորմալ հարաբերությունները Արևմուտքի հետ:

XS
SM
MD
LG