Մատչելիության հղումներ

Հայ առաքելական եկեղեցին նշում է Սուրբ Ծննդյան տոնը


Հունվարի 6-ի Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին նշում է Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծննդյան տոնը: Բոլոր եկեղեցիներում առավոտյան մատուցվել է Սուրբ Ծննդյան Պատարագ և կատարվել է Ջրօրհնեք:

«Քրիստոս ծնավ և հայտնեցավ»,- այսօր առավոտյան Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում մատուցված պատարագին ժողովրդին դիմեց Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն․- «Սիրելի բարեպաշտ ժողովուրդ, շարականագրի աղոթամատույց այս օրհներգով բերում ենք ձեզ մեր Տիրոջ և Փրկչի Սուրբ Ծննդյան և Աստվածհայտնության սքանչելի ավետիսը»:

Ինչպես միշտ, այսօր ևս լեփ-լեցուն էր Մայր Աթոռի տաճարը: Պատարագին ներկա էին նաև ՀՀ նախագահը, վարչապետը, նախարարներ, դիվանագիտական հաստատությունների ներկայացուցիչներ:

Ամենայն Հայոց Կաթողիկոսը ողջ հայ ժողովրդին ուղղված իր այսօրվա քարոզի ընթացքում շեշտեց․- «Բեթղեհեմում ծնված Մանուկը նոր սիրտ ու հոգի է բերում աշխարհին` ճանաչելու Աստծո սերը մարդկանց հանդեպ և այն դարձնելու արդարություն, խաղաղություն ու սեր միմյանց հանդեպ: Բերում է զորությունը` փարատելու անհուսության խավարները և երկրի վրա հաստատելու սիրով լի այն կյանքը, որն ունի հավիտենական կյանքի ավետիսը»:

Փրկչի ծննդյան և Աստվածհայտնության տոնակատարությունները առաջին հիշատակությունները սկսվում են 3-րդ դարից: Ուշագրավ է, որ արևելյան քրիստոնեական եկեղեցիները մինչև 4-րդ դարը Քրիստոսի ծննդյան տոնը կապել են Աստվածհայտնության, այսինքն մկրտության տոնի հետ, որը նշվել է հունվարի 6-ին: Բայց 336 թվականին Հռոմի եկեղեցին դեկտեմբերի 25-ը պաշտոնապես սահմանել է Հիսուս Քրիստոսի ծննդյան օր՝ այսպիսով հնուց ի վեր հենց այդ օրը տոնվող Միտրայի տոնակատարությունները ժողովրդի համար վերածելով նոր կրոնական իրադարձության:

451 թվականին Քաղքեդոնի ժողովը վերջնականապես դեկտեմբերի 25-ը սահմանեց Փրկչի ծննդյան տոն: Եվ այդ ժամանակներից ի վեր միայն Հայ առաքելական եկեղեցին է, որ շարունակում է հունվարի 6-ին նշել Ծննդյան տոնը: Իսկ Փրկչի մկրտության տոնը, որը խորհրդանշում է Հիսուսի մկրտությունը Հորդանան գետում Հովհաննես Մկրտչի կողմից, կաթոլիկ եկեղեցին էլ շարունակում է նշել հունվարի 6-ին:

Այսօրվա իր քարոզում Գարեգին Բ-ն մերձավորին սիրելու կոչ հնչեցրեց․- «Մերձավորի հանդեպ սերը վեհացնում և արժևորում է մարդուն և նրա գործերը, պահում աստվածնմանության շնորհի մեջ և հանրության կյանքը հաստատում բարու մեջ: Միմյանց հանդեպ սիրով առաջնորդվող հասարակությունը կարող է բխեցնել կյանքը ոռոգող հոգևոր ներուժի անսպառ աղբյուրներ, լինել ճշմարտապես արդարամիտ և իրավադատ, կարեկից ու ողորմած: Տերունապատվեր այս ուղիով մարդկությունը կարող է ձերբազատվել աղետաբեր իրավիճակներից և հոգսերից, դիմակայել նեղություններին, արդարությամբ հարթել հակառակությունները և համերաշխ գոյակցությամբ կերտել նոր օրը մարդկության կյանքի»:

Այսօր Սուրբ Ծննդյան պատարագից և Ջրօրհնեքից հետո դեպի Վեհարան շարժվող հանդիսավոր թափորը գլխավորող Վեհափառ Հայրապետը մաղթեց․- «Թող Քրիստոսի Սուրբ Ծննդյան շնորհները, խաղաղությունն ու սերը իջնեն աշխարհի վրա և մեր ժողովուրդը ապրի ստեղծագործ կյանքով և աշխատանքով՝ Աստծո մշտական օրհնության ներքո»:

XS
SM
MD
LG