Մատչելիության հղումներ

ԼՂ ՊԲ-ն հայտնում է ադրբեջանական կողմի երեք զոհերի մասին


Վիճակը հայ-ադրբեջանական սահմանին և շփման գծում նորից սրվել է: Հայկական կողմի զոհերի մասին պաշտոնական տեղեկատվություն չկա։

Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակը հայտնում է, որ հունվարի 5-ի և 6-ի գիշերը հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է 5000-ից ավելի կրակոց, հակառակորդի ակտիվությունը ճնշելու համար ձեռնարկվել են պատասխան գործողություններ, ինչի արդյունքում սպանվել է ադրբեջանական զինուժի առնվազն երեք զինծառայող: Պաշտոնական հաղորդագրության մեջ նշվում է նրանցից մեկի՝ ենթասպա Էլդար Մամեդովի անունը։

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը, սակայն, հերքում է այս տեղեկատվությունը՝ պնդելով, թե նման անունով զինվորական չկա և ոչ մի զինծառայող չի զոհվել։ Վերջին օրերին ադրբեջանական լրատվամիջոցները շարունակ լուրեր են տարածում այն մասին, որ հայկական կողմը կրակում է խաղաղ բնակչության վրա։

Հայաստանի Պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը «Ազատության» հետ զրույցում նշեց, որ հարևան պետության կառավարությունը միշտ նույն բանն է ասում, քանի որ չի կարող ճշմարտությունն ասել։ Նա նաև սահմանի վերջին լարվածությունը կապեց Սուրբ Ծննդի տոնի հետ։

«Լարված է ընդհանուր վիճակը, պահպանվում է լարվածությունը։ Մասնագետները դա փորձում են պայմանավորել նաև Քրիստոսի ծննդի, քրիստոնեական տոների հետ»,- ասաց ՊՆ-ի խոսնակը:

Տավուշի սահմանամերձ Մովսեսի գյուղապետ Արարատ Ավալյան ասաց, որ գյուղի ուղղությամբ գիշերը կրակոցներ եղել են, և անկախ տոնական և ոչ տոնական օրերից՝ վտանգ միշտ էլ կա։

«Երեկվա դրությամբ է մի քիչ շատ եղել [կրակոցների] քանակը, հետո երեկ գյուղի տարածքի վրա են եղել կրակոցներ։ Մեկ-մեկ կապում են նախագահների հանդիպումներից առաջ կամ սրա կամ նրա հետ։ Լավ, հիմա էսօր էլ ոչ մի բան չկար, երեկ չէ առաջին օրը չկար, դեկտեմբերի վերջերին չկար, ինչի՞ց են կրակոցները։ Պատճառն ի՞նչն է»,- հարցնում է Ավալյանը:

Գյուղապետը համոզված է, որ առաջինը միշտ ադրբեջանական կողմ է կրակահերթ սկսում, և հայ դիպուկահարները պատասխանում են միայն այն բանից հետո, երբ տեսնում են, որ հակառակորդի կրակոցները չեն դադարում։

«Ես բազմիցս եմ ասել, պետք է, որ գան թաքստոց ընտրեն, տեսնեն առաջինը ով է կրակում՝ մերոնք են կրակում, թե՞ նրանք։ Հաստատ կհամոզվեն, որ մերոնք առաջինը երբեք նախաձեռնություն չունեն կրակելու»,- ասաց Ավալյանը:

Սահմանամերձ մեկ այլ գյուղի՝ Այգեպարի գյուղապետ Անդրանիկ Այդինյանն ասում է, որ նախորդ տարի այս օրերին գյուղում նույն վիճակն էր, հենց այդ օրերին գնդացիրի հարվածից ու կրակոցներից վիրավորվել էին մի գյուղացի և 16-ամյա մի աղջիկ։

«Ոչ մեկը չի ուզում կռիվ, ոչ մեկը չի ուզում արյուն, ոչ մեկը ինչ-որ նախադեպեր չի ստեղծում, մեր տղաները լրիվ խաղաղապահ տղաներ են։ Իսկ եթե սադրանքներ են իրենք գործում, դիվերսիա են անում, իրանց պետությունը ուզում են իբր կայունացնեն, ցույց տան, որ տեսեք հայերը իբր վնաս են տալիս։ Ընդհակառակը իրենք չեն հասկանում, որ իրենց վնաս են տալիս»,- ասաց գյուղապետը:

Հիշեցնենք, որ հունվարի 2-ի լույս 3-ի գիշերը Ղարաբաղի Պաշտպանության բանակի հարավային և արևելյան ուղղություններով ծավալված գործողության արդյունքում զոհվել էին պաշտպանության բանակի զինծառայողներ Կարեն Սամվելի Գրիգորյանը և Վարդան Մարտիկի Մկրտչյանը: Վիրավորվել էր զինծառայող Վոլոդյա Հարությունյանը, ում վիճակն այժմ կայուն է։

XS
SM
MD
LG