Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ում մեկնարկել է Ջոխար Ցարնաևի դատավարությունը


Մեկնարկել է Բոստոնի ահաբեկչության գործով աղմկահարույց դատավարությունը
please wait

No media source currently available

0:00 0:02:06 0:00

Ցարնաևը մեղադրվում է 2013 թվականի ապրիլին Բոստոնի մարաթոնի ժամանակ պայթյուններ իրականացնելու մեջ։

Այսօր Ամերիկայի Միացյալ Նահանգներում մեկնարկում է Ջոխար Ցարնաևի դատավարությունը, ով մեղադրվում է 2013 թվականի ապրիլին Բոստոնի մարաթոնի ժամանակ պայթյուններ իրականացնելու մեջ։ Պայթյունների հետևանքով զոհվեց 3 մարդ, վիրավորվեց՝ ավելի քան 260-ը։

Դատավարությունը սկսվելու է երդվյալ ատենակալների կազմի ընտրությամբ։ Նահանգային դատավոր Ջորջ Օթուլը 1200 թեկնածուներից ընտրելու է 12 երդվյալ ատենակալ և վեց փոխարինող։

Հունվարի 3-ին դատարանը մերժել էր Ցարնաևի փաստաբանների միջնորդությունը։ Նրանք միջնորդել էին հետաձգել դատավարությունը, կամ այն անցկացնել ուրիշ վայրում, այլ ոչ թե Բոստոնում. Ցարնաևի փաստաբանները պնդում են, որ Բոստոնում դժվար է ընտրել անաչառ ատենակալների, քանի որ իրադարձություններն ակտիվորեն լուսաբանվել է, հազարավոր մարդիկ ներկա են գտնվել մարաթոնին, իսկ պայթյունից հետո մեկ օրից ավելի մարդիկ տներից դուրս չեն եկել։ Սակայն դատավորը փաստաբանների միջնորդությունը անհիմն էր համարել։

Երդվյալ ատենակալները իրեց որոշումն ընդունելու են բացառապես դատավարության ընթացքում ներկայացվելիք ապացույցների հիման վրա։

Ջոխար Ցարնաևը իրեն մեղավոր չի ճանաչում, չի ընդունում իր մեղքը, սակայն, եթե առաջադրված մեղադրանքները դատավարության ընթացքում հաստատվեն, նրան մահապատիժ է սպառնում։

Մասաչուսեթսի նահանգում մահապատիժն արգելված է, բայց նահանգային այս օրենսդրությունը այս դեպքում կարող է չգործել, քանի որ Ցարնաևի դեմ ԱՄՆ-ի ֆեդերալ մասշտաբի մեղադրանքներ են առաջադրված։

Ցարնաևների ընտանիքը Միացյալ նահանգներ է տեղափոխվել Բոստոնի հարձակումից մոտավորապես տասը տարի առաջ և բնակություն հաստատել Մասաչուսեթսի նահանգում՝ Բոստոն քաղաքի մոտ։ Նրանք ծագումով նախկին Խորհրդային միությունից են ՝ Հյուսիսային կովկասից։ Բնակվելով միացյալ նահանգներում՝ Ջոխար Ցարնաևը Միացյալ Նահանգների քաղաքացիություն էր ստացել։

Դատախազությունը պնդում է, որ Ջոխար Ցարնաևը, ով հիմա 21 տարեկան է, և նրա ավագ եղբայրը՝ Թամերլան Ցարնաևը պայթուցիկներով լի ուսապարկերը տեղադրել էին Բոստոնի ավանդական մարաթոնի վերջնագծի մոտ և պայթյուն իրականացրել։

Մի քանի օր անց, երբ ոստիկանությունը դուրս էր եկել նրանց հետքի վրա Թամերլան Ցորնաևը սպանվել էր ոստիկանների հետ փոխհրաձգության արդյունքում։ Դատախազությունը պնդում է, որ պայթյուններից հետո թաքնված Ցարնաևը հաղորդագրություն է ուղարկել, ինչը ցույց է տալիս հարձակման քաղաքական շարժառիթը։

Ըստ դատարանի ներկայացրած փաստաթղթերի, Ցարնաևը գրել էր. - «Միացյալ Նահանգների կառավարությունը սպանում է մեր անմեղ քաղաքացիներին»։

Մեկ այլ հաղորդագրությունում Ցարնաևը գրել էր. - «Մենք՝ մահմեդականներս, մեկ մարմին ենք, մեկիս ցավը բոլորիս ցավն է»։

Ջոխար Ցարնաևի պաշտպանների կազմում ընդգրկված է նաև փաստաբան Ջուդի Քլարկը, ով մինչ այդ, այս վերջին տարիների ընթացքում երեք առանձին ծանր դատավարությունների է մասնակցել, նրա պաշտպանյալները մեղադրվում էին ծանր հանցագործությունների, հարձակումների, հրաձգությունների, սպանությունների մեջ, սակայն նախկին երեք դեպքում էլ Ջուդի Քլարկի պաշտպանյալներին հաջողվել է խուսափել մահապատժից՝ ստանալով ցմահ ազատազրկում։ Ակնկալվում է, որ Ջոխար Ցարնաևի դատավարությունը կտևի երեքից հինգ ամիս։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG