Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ում Ալիևի «հանցագործ ռեժիմին» պատժելու կոչ է հնչում


Freedom House-ի նախկին ղեկավար Դեյվիդ Քրամեր, արխիվ
Freedom House-ի նախկին ղեկավար Դեյվիդ Քրամեր, արխիվ

Freedom House-ի նախկին ղեկավար Դեյվիդ Քրամերը «Հանցագործ ռեժիմը ձեռնոց է նետում Միացյալ Նահանգներին» վերնագրի ներքո Wall Street Journal-ում հրապարակված հոդվածում անդրադարձել է «Ազատություն» ռադիոկայանի Բաքվի գրասենյակի աշխատակիցների, այլ լրագրողների, քաղաքական գործիչների ու քաղաքացիական ակտիվիստների նկատմամբ Ադրբեջանի իշխանությունների բանեցրած ճնշումներին:

«Ինչո՞ւ է Ալիևի ռեժիմը կարծում, թե կարող է մարսել այս ամենը», - հարցնում է հոդվածագիրը ու կարծիք հայտնում, որ Օբամայի վարչախումբը պետք է այս մտահոգությունը հասցնի նախագահ Ալիևին՝ երկու առարկայական քայլով: Նախ` մարդու իրավունքները խախտող իշխանավորներին պետք է արգելել մուտք գործել ԱՄՆ, սառեցնել Միացյալ Նահանգներում նրանց հաշիվներն այնպես, ինչպես դա արվեց Ռուսաստանի չինովնիկների դեպքում: Երկրորդ` Միացյալ Նահանգները պետք է դիմի ժողովրդավարական առաջնորդներին կոչով՝ բոյկոտել հունիսին Ալիևի կողմից անցկացվող Եվրոպական օլիմպիական խաղերը, ինչպես դա արվեց Սոչիի օլիմպիադայի ժամանակ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Սա կարող է զրկել Իլհամ Ալիևին «աստեղային ժամ»-ի բերկրանքից:

«Ռուսաստանի և Իրանի միջև սեղմված, Կովկասը և Միջին Ասիան միջազգային շուկաների հետ կապող Ադրբեջանը Միացյալ Նահանգների համար ռազմավարական նշանակություն ունի էներգետիկայի և անվտանգության տեսանկյունից: Սակայն քանի դեռ Ադրբեջանը նման կերպ է վարվում իր քաղաքացիների հետ ու մարտահրավեր նետում ԱՄՆ-ին, ամեն ինչ պետք է արվի, որպեսզի Ալիևը հասկանա՝ իր գործողությունները գին ունեն», - գրում է Քրամերը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG