Մատչելիության հղումներ

ՀՀ ՊՆ. Բաքվի ցանկացած սադրանք 2015-ին նույնպես խստագույնս պատժվելու է


Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի զինծառայողները դիրքերում, արխիվ
Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի զինծառայողները դիրքերում, արխիվ

«ԼՂՀ Պաշտպանության բանակի ստորաբաժանումները վստահորեն վերահսկում են իրավիճակը շփման գծի ողջ երկայնքով», - հայտարարում է Հայաստանի պաշտպանության նախարարությունը։

Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում վերջին միջադեպերի վերաբերյալ Հայաստանի ռազմական գերատեսչությունը փոխանցում է. - «Ս.թ. հունվարի 2-ին և 3-ին ղարաբաղա-ադրբեջանական ուժերի շփման գծում, հակառակորդի կողմից ԼՂՀ Պաշտպանության բանակի հարավային և արևելյան դիրքերի ուղղությամբ տեղի են ունեցել դիվերսիոն-հետախուզական խմբերի ներթափանցման փորձեր: Պաշտպանության բանակի զինծառայողների զգոն և համադրված գործողությունների արդյունքում հակառակորդը կորուստներ տալով հետ է շպրտվել»:

«Ցավոք, հայկական կողմը նույնպես ունի կորուստներ: ՀՀ պաշտպանության նախարարությունը իր ցավակցությունն է հայտնում մարտական գործողութունների ընթացքում իրենց կյանքը հերոսաբար Հայրենիքին նվիրաբերած զինծառայողների հարազատներին և կիսում կորստյան ծանր վիշտը», - ասված է հայտարարությունում։

Հայաստանի ռազմական գերատեսչությունը հայտարարում է, որ Սուրբ Ծննդյան տոների շեմին ստեղծված իրավիճակն «Ադրբեջանի ռազմաքաղաքական և ռազմական ղեկավարության նենգ քաղաքականության արդյունքն է և ամբողջովին հակասում է ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում հակամարտության կարգավորման բանակցությունների ոգուն ու տրամաբանությանը»:

Միաժամանակ, Պաշտպանության նախարարությունը միջազգային հանրության և մասնավորապես Մինսկի խմբի համանախագահ պետությունների ուշադրությունն է հրավիրում «այն անպատասխանատու քաղաքականության վրա, որը, փաստորեն, 2015 թվականի սկզբից ևեթ վերսկսել է Ադրբեջանի իշխանությունը, և վերահաստատում է միջազգային հանրության կողմից նման քաղաքականության հասցեական դատապարտման անհրաժեշտությունը»:

«Ադրբեջանի ղեկավարության սանձազերծած ցանկացած սադրանք 2015 թվականին նույնպես խստագույնս պատժվելու է և անխուսափելիորեն հանգեցնելու է ադրբեջանական զինված ուժերի մեծաքանակ կորուստների, որոնց ողջ պատասխանատվությունը կրելու են այդ պետության իշխանությունները», - հայտարարում է Հայաստանի պաշտպանության նախարարությունը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG