Մատչելիության հղումներ

Ռուսաստանում ներկա լավատեսությունը և ապագա անորոշությունը


Չնայած Ռուսաստանի տնտեսության մասին տխուր կանխատեսումներին, այս երկրում մարդիկ Նոր տարին դիմավորում էին մեծ հույսով ու հավատով։ Ռուսներն ասում են, թե իրենց համար ավելի կարևոր է կայունությունը, քան բարգավաճումը։

Մոսկվան արցունքների չի հավատում։ Այս էր ուզում ասել Ռուսաստանի մայրաքաղաքը դեկտեմբերի 31-ի գիշերը, երբ Կարմիր հրապարակը ողողվել էր ոգևորությամբ ու գոհ բացականչություններով։

Սակայն այն, որ Ռուսաստանի տնտեսությունն այս տարվա ընթացքում մտնելու է հապաղման փուլ և որ ռուբլին արդեն իսկ կորցրել է իր արժեքի կեսը, արդեն պիտի մտահոգի հասարակ մարդկանց։ Եվ չնայած ամեն ինչ շուտով հաղթահարելու՝ նախագահ Վլադիմիր Պուտինի խոստումներին, նրա քննադատները Ռուսաստանի համար մութ ապագա են կանխատեսում։

Նախկին վարչապետ, այժմ ընդդիմության առաջնորդներից Միխայիլ Կասյանովի խոսքերով, օրինակ, Ռուսաստանն այժմ կանգնած է վայրէջքի եզրին։ Մի բան, ասում է նա, որը մարդկանց շուտով կմղի փողոցներ՝ պահանջելու լուրջ փոփոխություններ։ «Իսկ մենք կկանգնենք ժողովրդի կողքին։ Այդ առումով 2Օ15-ը կարևոր տարի է լինելու, գուցե՝ պատմական տարի», - վստահեցնում է նա։

Ֆինանսական հարցերով ռուս որոշ վերլուծաբաններ կարծում են, թե մեծ ջանքերի արդյունքում հնարավոր կլինի խուսափել տնտեսական աղետից։ Նրանցից Սերգեյ Ռոմանչուկի խոսքերով, ընդհանուր քաղաքականության մեջ որևէ բարելավում կարող է ամրապնդել շուկան։ Եթե օրինակ, ասում է նա, Ռուսաստանը չտա եվրոպական պատժամիջոցները երկարաձգելու նոր առիթ, պատժամիջոցները չեն երկարաձգվի։ Այդ դեպքում, նրա կարծիքով, տնտեսությունը կգրանցի դրական աճ։

Սակայն նման «եթե»-ները ներկա ու մոտ ապագայի իրական բացատրություններ չեն։ Նման կերպ մտածողների միակ հույսը թերևս այն փաստն է, որ Պուտինը ներկայումս վայելում է Ռուսաստանի բնակչության մինչև 8Օ տոկոսի հարգանքն ու աջակցությունը։ Նրա նկատմամբ աջակցությունը հատկապես բարձր է Ղրիմում, որտեղ մարդիկ պատրաստ են նույնիսկ դիմանալ առանց ջրի ու առանց էլեկտրականության, քանի որ հավատում են ապագային։

Այդուհանդերձ, դեռևս պարզ չէ, թե էլեկտրականություն չունենալու պատճառով հեռուստատեսային հաղորդումներ դիտելու հնարավորությունից զրկված և Պուտինի ելույթը քաղաքի հրապարակում դիտելու համար այստեղ հավաքված մարդիկ ինչ են մտածելու նույն Պուտինի ու նրա կառավարման մասին մեկ-երկու տարի հետո կամ այդ ընթացքում։

Ապագային դրական նայելու հիմքեր չունենալու պատճառով շատերն այստեղ այդ ապագային ուզում են նայել հիմք ընդունելով միայն մեկ բան՝ լավատեսությունը։ «Եթե չծիծաղես, կգժվես», - ասում են շատերը, ովքեր ընտրել են պարզապես լավատես լինելու` իրենց մնացած միակ հնարավորությունը։ Կամ հարկավոր է ապագային նայել հումորով, ինչպես անում է ռուս երգիչը, ով խնդրում է Ձմեռ պապին իրենց ուղարկել նոր նախագահ՝ հետադարձ հասցեով, «որ եթե չհավանեն, վերադարձնեն»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG